ՆԱԽԿԻՆՈ՞ՒՄ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ, ԹԵ՞ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԹՌԻՉՔԻ ՄԵՋ ԵՆ
Արխիվ 16-20
Օրերս ՊԵԿ-ի ներկայացրած այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, ինչ խոսք, մի շարք ուշագրավ մտորումների տեղիք տալիս է: Նախ անդրադառնանք ընդհանրական բնույթի փաստերին:
Այսպես, խոշոր հարկատուներն, ընդհանուր առմամբ, վճարել են մոտ 220 միլիարդի հարկեր՝ անցած տարվա նույն ցանկով ներկայացված մոտ 179 միլիարդի դիմաց: Սակայն այս ցանկը հրապարակելուն պես ՊԵԿ-ը հանդես եկավ պարզաբանմամբ. «Գործող ձեւաչափով (որով հրապարակվել են մինչեւ 30.09.2018թ. ընգրկված ժամանակաշրջաններին վերաբերող ցանկերը) հարկ վճարողների ցուցանիշներն արտացոլվել են ոչ ամբողջությամբ...»: Եվ ահա ՊԵԿ-ի նախաձեռնությամբ. «Մշակվել եւ ներկայումս շրջանառության մեջ է դրվել կառավարության համապատասխան որոշման փոփոխությունների եւ լրացումների նախագիծ, որով առաջարկվում է ամբողջականացնել վերոհիշյալ ցուցանիշները»: Բայց միաժամանակ. «2018 թվականի 4-րդ եւ 2019 թվականի 1-ին եռամսյակների ցուցանիշները հրապարակվել են՝ հաշվի առնելով վերոնշյալ նախագծով սահմանվող մեթոդաբանությունը...»: Ստացվում է հետեւյալը. այս նոր մեթոդաբանությամբ հաշվարկելու դեպքում իրականում անցած տարվա առաջին եռամսյակի 179 միլիարդ հարկային մուտքերի ցուցանիշն իրականում ավելի մեծ պետք է լիներ, այսինքն, փաստացի տարբերությունը ոչ թե 40 միլիարդ դրամի կարգի կստացվի, այլ՝ որոշակիորեն ավելի փոքր: Թե ինչքան, պետք է համեմատել նույն մեթոդաբանությամբ հաշվարկված ցանկերը, որը հուսանք, որ ՊԵԿ-ը կներկայացնի: Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ նկատելի տարբերություն այս եւ անցած տարվա փաստացի հավաքագրված եկամուտների մեջ կլինի:
ԳԱԶԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ
Այս առումով, իհարկե, սխալ կլինի նաեւ ցանկում ընդգրկված կոնկրետ ընկերությունների կողմից այս եւ անցած տարվա առաջին եռամսյակում վճարած հարկերի մեխանիկական համեմատությունը. մեթոդաբանության փոփոխությունը վերաբերում է բոլորին, այսինքն, կփոխվի նաեւ ամեն մի ընկերության այս եւ անցած տարվա հարկերի տարբերությունը: Սակայն կան նաեւ բազում դեպքեր, երբ այդ տարբերությունն այնքան ցցուն է, որ ոչ մի տարբերություն էլ չի փրկի: Սկսենք առաջատարներից: Առաջին հորիզոնականը զբաղեցրած «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-յի հարկային վճարումները քիչ են փոխվել. անցած տարվա մոտ 13.6 միլիարդի դիմաց, այս տարի՝ մոտ 14: 400 միլիոն դրամի անկումը կարելի է բացատրել, օրինակ, սպառման նվազմամբ եւ այլն: Սակայն անկումը պետք է շատ ավելի ցցուն լիներ, եւ հենց դա է արտառոցը: Հիշեցնենք, տարեսկզբին ներկրվող գազը թանկացավ 10 տոկոսով, որը պետք է շատ լուրջ հետեւանք ունենար ընկերության եկամտաբերության եւ այդ կարգի հարկերի վրա: Սակայն շահութահարկը պակասել է ընդամենը 200 միլիոնով, եկամտահարկը նույն մակարդակի վրա է, եւ անկման հիմնական ծանրաբեռնվածությունը մնացել է ԱԱՀ-ի վրա: Կարճ ասած, այստեղ հասկանալու շատ բան կա:
ԳՐԱՆԴ ԹՌԻՉՔՆԵՐ
Իսկ ահա երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»-յի հետ կապված հարցերը շատ ավելի լուրջ են: Ընկերությունն այս տարի վճարել է 12.8 միլիարդ դրամ հարկեր՝ անցած տարվա 8 միլիարդի դիմաց: Գումարենք նաեւ այս խմբին պատկանող «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»-ին, որը համապատասխանաբար վճարել է 4 եւ 2 միլիարդ: Ավելացնենք նաեւ նույն խմբի «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-ին՝ 1.4 եւ 1.18 միլիարդով: Իհարկե, շատ լավ է, որ Վարդանյաններն այսքան ավելացրել են իրենց հարկային մուծումները, բայց մեկ պարզ հարց կա՝ ինչի՞ հաշվին դրանք, օրինակ, կարող են կրկնապատկվել, եւ նկատենք, որ այստեղ մեթոդաբանության եւ ոչ մի փոփոխություն էլ հիմնական բացատրություն չի կարող լինել: Ի՞նչ է, «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»-ի շրջանառությո՞ւնն է կրկնապատկվել, որ նման հետեւանք է բերել հարկերի վրա, այսինքն՝ Հայաստանում եւ դրսում ծխողնե՞րն են կրկնապատկվել: Թե՞ պետք է ընդունենք մյուս վարկածը, որ պարզապես ընկերությունն անցած տարի նախատեսվածից նկատելիորեն պակաս հարկեր է վճարել: Կարճ ասած, այստեղ լուրջ պարզելու հարց կա, եւ դեռ կփորձենք ընկերությունների խմբից եւ ՊԵԿ-ից պարզաբանումներ ստանալ: Հաշվի առնելով, որ եթե պարզվի, որ երկրորդ վարկածն է իրականությունը, ապա այլ հարցեր էլ են ծագելու՝ իսկ ո՞վ է պատասխան տվել: Ընդ որում, նկատենք, որ նույն ուղղությամբ գործող «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»-յի մոտ հարկային փոփոխություն գրեթե չկա, ինչն ակնարկ է, որ ծխողների աճի ինչ-որ արտառոց դինամիկա պետք է որ չլինի:
ՈՍԿՈՒ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՐՏԱՀԱՆՈ՞ՒՄ
Մեթոդաբանության փոփոխությունը չի փրկում նաեւ հայաստանյան ոսկու հիմնական շահագործող «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»-ի պարագայում: Այս ընկերության հարկերն ավելացել են 1.8 միլիարդով՝ այս տարվա առաջին եռամսյակին 2.5 միլիարդից հասնելով 4.3 միլիարդ դրամի: Ուրեմն՝ ինչի՞ հաշվին է ընկերության հարկերը մեկ տարում ավելացել 72 տոկոսով, ինչն ահռելի մեծություն է: Հայաստանյան ընդերքից 72 տոկոսով ավելի շատ ոսկի՞ է տարել. այդ դեպքում, վայ մեզ: Կամ միգուցե անցած տարի էապես պակաս հարկե՞ր է վճարել. էլի վայ մեզ: Չնայած, կփորձենք ընկերությունից պատասխան ստանալ:
ԼՖԻԿՆ ԻՐԵՆ ՇԱՏ ԼԱՎ Է ԶԳՈՒՄ
Պակաս տարօրինակ չէ Փաշինյանի կողմից ժամանակին այդքան քարկոծված, իսկ վերջին ժամանակներս՝ հարազատ եղբայրներ հիշեցնող Սամվել Ալեքսանյանի, ավելի ճիշտ՝ որեւէ բիզնես չունեցող եւ պատգամավորական աշխատավարձից էլ զրկված Լֆիկ Սամոյի անվան հետ «չարամտորեն» կապվող ընկերությունների վիճակը: «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ»-ն անցած տարի 1000 հարկատուների առաջատարներից էր՝ մոտ 3.35 միլիարդ հարկերով: Իսկ ահա այս տարի նման անունով ընկերություն առհասարակ չկա. կա «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ», որը ենթադրաբար կարելի է համարել նույն «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ»-ը: Բայց ահա «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ»-ը վճարել է ընդամենը 1.31 միլիարդ, այն դեպքում, երբ Ալեքսանյանին առաջվա պես հրապարակավ վերագրվում է մի շարք ապրանքային շուկաների մոնոպոլիստի կարգավիճակը: Ի դեպ, կա նաեւ անցած տարի չֆիքսված «ՍԻԹԻ», որի 1.56 միլիարդ հարկերը նույնպես կարելի է Ալեքսանյանին վերագրել: Բայց եթե ընդունենք, որ հարգարժան նախկին պատգամավորն իր սիրած տրյուկով էլի խառնել-փոխել է իր ընկերությունների անունները՝ հարկային առավելությունների համար, այսինքն, որ այս վերջին երկուսը «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ»-ի բեկորներն են, էլի բան չի ստացվի. 3.35 միլիարդի դիմաց՝ միասնական 2.9: Ու մի՞թե սրանից հետո չես մտածի, որ Ալեքսանյանը «հեղափոխությունից» հետո իրեն շատ ավելի լավ է զգում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ