Ինչպես կարգավորել զարկերակային ճնշումն առանց դեղորայքի․ խորհուրդներ մասնագետից
Առողջապահական
Զարկերակային գերճնշումով հիվանդները կարող են հետևել մի շարք պարզ կանոնների ճնշման բարձրացման դեմ առանց դեղորայքի պայքարելու համար։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է բժիշկ Սվետլանա Բագավիևան։
«Խորհուրդ է տրվում նվազեցնել աղի գործածությունը, սակայն պետք չէ այն ամբողջությամբ բացառել, քանի որ նատրիումը, որը պարունակվում է կերակրի աղի բաղադրության մեջ, հարկավոր է օրգանիզմին փոխանակության գործընթացների համար», - նշել է մասնագետը։
Բացի այդ, նա նաև խորհուրդ է տվել զարկերակային գերճնշման դեպքում հրաժարվել ծխախոտից ու ալկոհոլից, քանի որ այս վնասակար սովորությունները բացասաբար են անդրադառնում սրտանոթային համակարգի վիճակի վրա։ Ավելին՝ զարկերակային բարձր ճնշման դեպքում շատ կարևոր է նաև ավելորդ քաշից ազատվելն ու կանոնավոր ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելը։
Ճնշման ցուցանիշների կարգավորման համար Բագավիևան նաև խորհուրդ է տվել նվազագույնի հասցնել յուղոտ ու տապակած մթերքի գործածությունը, քանի որ նմանատիպ մթերքը հանգեցնում է անոթներում խոլեստերինային վահանիկների առաջացման, ինչի հետևանքով էլ անոթների լուսանցքը նեղանում է՝ նպաստելով ճնշման բարձրացմանը։