«Ակնթարթի ներսը». Գագիկ Հարությունյանի հետահայաց ցուցահանդեսը՝ պատմության թանգարանում
Մշակութային«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը եւ Հայաստանի պատմության թանգարանը՝ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների աջակցությամբ, սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը Հայաստանի պատմության թանգարանում ներկայացնում են հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը։ Այն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանի եւ հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում։
Հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ սեպտեմբերի 15-ին, Հայաստանի պատմության թանգարանում: Ցուցահանդեսի համադրողն էր գերմանացի արվեստագետ, Բոնն քաղաքի "Kurfürstliches Gärtnerhaus" ցուցասրահի տնօրեն, "Atelier Middelmann" արվեստանոցի ղեկավար Յուրգեն Միդելմանը։
Նշենք նաեւ, որ սեպտեմբերի 16-ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը եւ Միրզոյան գրադարանն արվեստասեր հանրությանը և լուսանկարչության ոլորտում ստեղծագործող արվեստագետներին եւ գործող կազմակերպությունների հետ ունեցան հանդիպում՝ հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսի համադրող, գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի հետ:
Հանդիպման ընթացքում Յուրգեն Միդելմանն անդրադարձավ Գագիկ Հարությունյանի ստեղծագործունեությանը եւ իր կողմից ընտրված աշխատանքների հիման վրա բացահայտած դիտանկյունը, ինչպես նաեւ Գագիկ Հարությունյանի դերն ու նշանակությունը ժամանակակից լուսնակարչության համատեքստում: