Կարմիրբերետավորներ, մի՛ կատարեք հրեշի եւ նրա լրտեսների պահանջները, ամո՛թ է. ՀՀ վաստակավոր արտիստ
Մշակութային
Այսօր երեկոյան պատերազմում զոհվածների հարազատները կրկին որոշել են հավաքվել Եռաբլուրում ու հերթապահել, որպեսզի թույլ չտան, որ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ 44 օրյա պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ մոտենա իրենց զավակների շիրիմներին:
Հիշեցնենք, որ ընդամենն օրեր առաջ՝ անկախության օրը, կարմիրբերետավորները քաշքշեցին եւ բերման ենթարկեցին զոհվածների ծնողներին, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անարգել հասներ Եռաբլուր: Անդրադառնալով տեղի ունեցածին՝ «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ ասաց, որ երբեւէ չէր պատկերացնի, որ հայ տղամարդը, ով միշտ աչքի է ընկել կնոջ նկատմամբ ունեցած հարգալից վերաբերմունքով, կարող է սրբավայր դարձած Եռաբլուրում զազրելի ու անպատակառ գործողություններ իրականացնել, ինչի ականատեսը եղանք բոլորս:
«Բացառիկ դաժանությամբ՝ կարմիրբերետավորներն ուղղակի թուրքի նման էին վարվում առյուծածին հայ մայրերի նկատմամբ, ում զավակները զոհվեցին հանուն մեզ եւ մեր երեխաների: Այնպես ուզում եմ հարցնել՝ իրենք իրենց արարքից չե՞ն ամաչում: Դուք՝ կարմիրբերետավորներ, օրենք չեք պաշտպանում, այլ առանց ամոթի պաշտպանում եք դավաճաններին, որպեսզի հրեշ վարչապետը ժամ առաջ վերացնի Հայաստանը եւ հայ արժանապատիվ մարդկանց: Ցավոք, պետք է ասեմ, որ որեւէ մի երկրում եւ որեւէ մի ժողովուրդ չէր կարող ներել այս գործողությունները: Ուզում եմ հույս հայտնել, որ ձեր մեջ էլ կարթնանա հայ մարդու խիղճն ու արժանապատվությունը եւ այլեւս ձեզնից որեւէ մեկը թույլ չի տա իրեն նման անվայել ձեւով պահել հայի նկատմամբ: Մի՛ կատարեք հրեշի եւ նրա լրտեսների պահանջները, ամո՛թ է», - եզրափակելով խոսքը՝ շեշտեց ՀՀ վաստակավոր արտիստը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ