Նախադեպ ենք ստեղծում՝ ցանկացած մունգու-յունգու ցեղի ներդրում իրենց անունով կոչելու. Խառատյան
ՆերքաղաքականԵրեւանի ավագանին 31 կողմ, 5 դեմ եւ 4 ձեռնպահ ձայներով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի համար 320 հասցեի նոր կառուցվող թաղամասն անվանակոչեց, ո՛չ ավել, ո՛չ պակաս, «Դեֆանս Հաուզինգ»: Թե ինչո՞ւ այդպես, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ տվեց «դարակազմիկ» պատասխան` նշելով, որ ներդրողները ֆրանսիացի են:
«Սա ոնց որ հայ-ֆրանսիական բարեկամություն եւ այլն: Ինչ-որ տեղ սիրաշահելու տարբերակ է, եւ թաղամասը նման է Ֆրանսիայի թաղամասին»,- ասաց Վարդանյանը:
Ի պատասխան` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետի բացատրության` «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը վրդովվեց. «Երեւանի թաղամաս՝ ինչ-որ օտար անունո՞վ: Ինչի՞ համար: Կոչ եմ անում՝ նախագծին դեմ քվեարկել, ու վստահեցնում եմ՝ չեն նեղանա ու գնան, ներդրում անելու են»:
Իրավիճակի ախտորոշումը տվեց հոգեբան, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ ՆԱԻՐԱ ԽԱՌԱՏՅԱՆԸ. «Այսպես մենք նախադեպ ենք ստեղծում՝ հետագայում ցանկացած մունգու-յունգու ցեղի ներդրում իրենց անունով կոչելու»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ