Ում նախընտրական ցուցակում է հանգրվանել Երեւանի նախկին քաղաքապետի որդին
ՆերքաղաքականՊարզվում է՝ Երեւանի ավագանու թեկնածուների շարքում հանգրվանել է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի որդին՝ ԵՐՎԱՆԴ ԲԱԶԵՅԱՆԸ: Նա տեղ է գտել Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք Կենտրոն համայնքի ղեկավար աշխատած Վիկտոր Մնացականյանի գլխավորած ցուցակում. «Հաղթանակ» կուսակցության 19-րդ համարն է: Բազեյան կրտսերը ընտրություններին մասնակցում է՝ որպես «Երվանդ Բազեյան» Ա/Ձ ղեկավար: Իսկ թե էլ ինչ է հայտնի նրանից, «Իրավունքը» թերթեց լրահոսի անցյալի էջերը:
Այսպիսով՝ Երվանդ Բազեյանը մամուլում աչքի է ընկել միայն զինվորական ծառայության տարիներին: 2011 թվականին էր, երբ լրահոսը թնդաց տեղեկություններից, որ ՀՀ ՊՆ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երեւանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի որդու նկատմամբ: Երվանդ Բազեյանը, ով ժամկետային զինծառայող էր Գեղարքունիքի N զորամասում, մի շարք զինծառայողների հետ զորամասում մասնակցել էր ծեծկռտուքի, արդյունքում ձերբակալվել եւ հայտնվել «գաուբախտում»: Դատախազությունը նյութեր էր նախապատրաստել կատարվածի վերաբերյալ եւ դրանք ուղարկել ՊՆ քննչական վարչություն: Այս մասին պաշտոնապես հաստատել էին Պաշտպանության նախարարությունից:
Ինչեւէ, հատկանշական է այն, որ ավագ եւ կրտսեր Բազեյանների քաղաքական հայացքները տրամագծորեն կա՛մ հակասում են միմյանց, կա՛մ, սա, պարզապես, ռազմավարություն է: Հիշեցնենք, որ Ալբերտ Բազեյանը տեւական լռությունից հետո՝ քաղաքական դաշտում սկսել է բոլորովին վերջերս ակտիվություն դրսեւորել: Նա նախ հայտարարեց, որ մի խումբ համախոհներով ձեւավորում են Համահայկական միացյալ դաշինք, որում ներգրավվելու են ազատամարտիկներ, հասարակական կազմակերպություններ, մշակութային, ստեղծագործական կառույցներ, հայրենակցական միություններ, լրագրողներ եւ բոլոր այն կուսակցությունները, ովքեր ընդդիմադիր են այսօրվա իշխանությանը: Իսկ հետո՝ դրա փոխարեն ստեղծեց «Կամավորականների, աշխարհազորի եւ պահեստազորի զինվորականների միավորում»: Ընդ որում՝ եթե իսկզբանե տպավորություն էր, որ հայտնի ԵԿՄ-ական Ալբերտ Բազեյանը նման միավորում է ստեղծում՝ Հայրենիքի փրկության համար օրակարգ ձեւավորելու նպատակով, ապա հիմա նա հայտարարում է, որ «դեռեւս որեւէ որոշում չունենք, թե ում ենք պաշտպանելու այս ընտրություններում», բայց արդեն հայտ է ներկայացրել լինել Երեւան քաղաքի ավագանու ընտրության ընթացքում իշխանության կողմից լծակների կիրառում եւ կեղծիքներ կատարելու հնարավորության դեմ պայքարելու նպատակով ստեղծվող խմբի անդամ: Այսքանից հետո՝ բացահա՞յտ, թե՞ ծպտյալ Ալբերտ Բազեյանը կսատարի որդուն ցուցակում տեղ տված Վիկտոր Մնացականյանին, ցույց կտա ժամանակը: Բայց, անդրադառնանք նաեւ Վիկտոր Մնացականյանին:
Որպես Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար՝ Վիկտոր Մնացականյանը երեւանցիների հուշերում մնացել է երկու դրվագով: Դեռեւս թաղապետի պաշտոնում Վիկտոր Մնացականյանն աչքի ընկավ Հյուսիսային պողոտայի սալահատակն անձամբ լվանալով: Իսկ ավելի ուշ փորձեց «հերոսանալ» Օպերայի շրջակայքի սրճարաններն ապամոնտաժելու գործում, որոնց թվում էր նաեւ իր բարեկամ Comedy Club Production-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանին պատկանող սրճարանը: Ասում են՝ Ջանիբեկյանը զարմիկի նման պահվածքին, մեղմ ասած, հումորով է վերաբերվել: Սակայն, այդպես էլ Օպերայի հարակից տարածքը լայն կանաչ գոտի չդարձավ հանգստի համար, ինչպես այն ժամանակ համոզում էին հանրությանը ինքն ու Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Ամենաուշագրավը թերեւս Վիկտոր Մնացականյանի հրաժարականն էր թաղապետի պաշտոնից: Նա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ վստահեցնում էր, թե պաշտոնը թողնելու որոշումը չունի քաղաքական դրդապատճառ եւ հանդիսանում է բացառապես անձնական որոշում:
«Թող ոչ ոք չփորձի շահարկել այն քաղաքական նկատառումներով կամ դրա շուրջ դավադրության տեսություններ հյուսել: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` երկրի զարգացման կենսունակ տեսլականի եւ վստահության համար` եւս մեկ անգամ վերահաստատելով իմ աջակցությունը նրա որդեգրած քաղաքական կուրսին»,- ասել էր Վիկտոր Մնացականյանը: Այսքանից հետո՝ հարց է ծագում՝ եթե ոչ ավագ Բազեյանը, ապա Բազեյան կրստերը ե՞ւս աջակցում է Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքական կուրսին եւ արդյոք այդ աջակցության մեջ է մտնում նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին, օրինակ, ձայներ փոշիացնելը կամ ընտրական շեմը հաղթահարելով՝ Ավինյան Տիգրանի հետ դաշինք կազմելը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ