10 միլիոն հայությունը իրավունք ունի ստեղծելու իր համազգային մասնավոր ռազմականացված կազմակերպությունը. Սադոյան
ՆերքաղաքականՄինչ Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ իրավապահները փնտրում են, այսպես ասած, վագներականների, որոնք իբր տեղի ուժերի աջակցությամբ պետք է հեղաշրջում իրականացնեն եւ հեռացնեն Նիկոլ Փաշինյանին, պարզվում է՝ «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ առաջարկությունների փաթեթ է ներկայացրել իշխանություններին՝ ստեղծել վագներականների պես ռազմականացված կազմակերպություն:
«Ինչպես Ուկրաինայում ռազմական գործողություններին Ռուսաստանի կողմից լուրջ մասնակցություն ունեցավ Եվգենի Պրիգոժինի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը, գտնում ենք, որ Լաչինի միջանցքի շրջափակմամբ պայմանավորված՝ 10 միլիոն հայությունը իրավունք ունի ստեղծելու իր համազգային մասնավոր ռազմականացված կազմակերպությունը: Այն շատ օգտակար կլիներ, բայց, ցավոք, այսօրվա իշխանությունները, կապված իրենց կեղծ խաղաղության օրակարգով՝ ուղղակի, ընթացք չեն տալիս այս առաջարկին»,– «Իրավունքի» հետ զրույցում ասաց Ա. Սադոյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ