Ինչո՞ւ են մարդիկ դեռ հավատում եվրոպացիներին. Արթուր Մարտիրոսյան
ՆերքաղաքականԲանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ գնահատմամբ` պետք էր այնպիսի քաղաքականություն վարել, որ խոշոր խաղացողներն իրենց շահերի մասին մտածելիս չվնասեն մեզ, մինչդեռ Հայաստանի իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը վնաս հասցնի մեր շահերին, Արեւմուտքն էլ մի կողմ քաշվի:
— Երբ ռուսներն են ասում, որ Արցախում պայմաններ են ստեղծում, չենք հավատում, բայց ինչպե՞ս ենք հավատում, երբ եվրոպացիներն են ասում: Ինչո՞ւ հարց չի ծագում, թե ավտորիտար Ադրբեջանի հետ ինչպե՞ս պետք է ստեղծեն պայմաններ, որպեսզի հայերը կարողանան վերադառնալ Արցախ: Նման պայմաններ կարող է ստեղծվել միայն այն ժամանակ, երբ իրենք մոնիթորինգ ապահովեն, բայց նույն Արեւմուտքը հիմա հրաժարվում է անգամ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Արեւմուտքը Նիկոլ Փաշինյանին ասում էր` Արցախի կարգավիճակի նշաձողը պետք է իջեցնեք, այդ դեպքում հարցին հայանպաստ լուծում կլինի, բայց չեղավ: Նշաձողը հասցրին զրոյի, հետո ասացին՝ պետք է անվտանգության պայմաններ ստեղծվեն, մարդու իրավունքներից էին խոսում, դա էլ չեղավ: Ինչո՞ւ են մարդիկ դեռ հավատում, որ մեկ ուրիշ կողմն անելու է այն, ինչ խոստանում է, եթե դա իրենց շահերից չի բխում: