Նախկին քաղաքապետը լավ կլիներ ներկա լիներ նիստին. երեք տարվա իր կառավարման համար պատասխան ունի տալու. Խաչատրյան
ՆերքաղաքականԵրեւանն այլեւս ունի չորս փոխքաղաքապետ, որոնցից երեքը` ՔՊ-ական, մեկը` Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից Սարգիս Մադաթյանն է, թեպետ լայնորեն շրջանառվում էին խոսակցություններ, որ Արտակ Զեյնալյանն է ստանձնելու այդ պաշտոնը: Ըստ Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ` նույնիսկ չի էլ քննարկվել այդ վարկածը:
— Իսկ ճի՞շտ է, որ Արտակ Զեյնալյանը մտադիր է ՍԴ կամ ԲԴԽ դատավոր ընտրվել, դրա համար էլ չառաջադրվեց փոխքաղաքապետի պաշտոնում:
— Նախ ասեմ, որ ընտրություններին գնալուց առաջ մենք հստակ ունեցել ենք փոխքաղաքապետի եւ խմբակցության ղեկավարի մեր թեկնածուն: Պարոն Զեյնալյանը Երեւանի ավագանու անդամ է, ՍԴ ընտրություններ էլ, որպես այդպիսին, չկան: Այս պահին նա մանդատը վայր դնելու մտադրություն չունի: Ես չեմ կարող ասել, միգուցե պարոն Զեյնալյանը գնում է, օրինակ, ՀՀ վարչապետ, չեմ կարող ասել` ինչ կլինի հետո:
— Երեւանի վարչական շրջանների ղեկավարներից քանի՞սը կլինեն «Հանրապետություն» կուսակցությունից: Հայտնի՞ է` ովքեր են նրանք:
— Դեռ պարզ չէ, քննարկումներ կան, բայց որոշում` ոչ: Մենք պաշտոնների բաժանման խնդիր չունենք: Այս հինգ տարին քաղաքապետարանում Երեւանի եւ երեւանցիների համար ենք լինելու: Պաշտոնը նվեր չէ, մեզ համար դա ծառայություն է:
— Երեւանի ավագանու երեկվա նիստում բավականին կոշտ մեղադրանքներ հնչեցին «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Ձեր խմբակցության հասցեին: Ի՞նչ կասեք այս մասին:
— Եկան նկարելու «Քաղաքապետ» ներկայացման «մասովկայի» մի կադր: Նախկին քաղաքապետը լավ կլիներ ներկա լիներ նիստին, որովհետեւ երեք տարվա իր կառավարման համար պատասխան ունի տալու երեւանցիների առաջ: Նա ունի մանդատ ու չի հարգում եւ չի գալիս նիստերին: Քաղաքական կենսագրություն չունեն, նպատակ չունեն, անդամները քաղաքական ճամբարներ են փոխել, իրենք ընդամենը Նիկոլ Փաշինյանի սարքած քաղաքապետ Հայկ Մարությանի անվան տակ ավագանու նիստերի դահլիճում են: