Պետք է պատրաստվենք նոր փոթորիկի. Գրիգորի Այվազյան
Ներքաղաքական«Իրավունքի» զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
— Ալիեւը խոսում է փախստականների վերադարձի մասին իրենց «պատմական հայրենիք», իսկ Հայաստանը չի՞ կարող նույնանման պահանջ ներկայացնել ադրբեջանահայ փախստականների մասով:
— Ադրբեջանն անընդհատ շահարկում է արդեն իսկ ոչ միայն Արցախի եւ Արցախի ազատագրված տարածքների, այսպես կոչված, փախստականների վերադարձի հարցը, այլ նաեւ ցուցակագրում են ե՛ւ Զանգեզուրում, ե՛ւ Սեւանի ավազանում, Արարատյան դաշտում եւ անգամ քաղաք Երեւանում «ապրած» ադրբեջանցիներին: Ադրբեջանցի «փախստականների» վերադարձի մասին հայտարարություններով Ադրբեջանը սպառնում է Հայաստանին: Սկսած Ալիեւից` Ադրբեջանում անընդհատ խոսում են, այսպես կոչված, «անկլավների» մասին, որոնց վերաբերյալ խոսում են նաեւ Հայաստանի պաշտոնյաները։ Այսպես կոչված` «անկլավների» հարցը եւ «Զանգեզուրի միջանցքի» մասին պահանջները Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի համար հող են նախապատրաստելու։ Ինչու ոչ, հիշենք, որ նաեւ ադրբեջանահայության խնդիրը կա, այսինքն` նախկին ադրբեջանական ԽՍՀ-ից ազգությամբ հայ փախստականների խնդիրը դեռ լիովին փակված չէ: Իսկ այս պարագայում նրանց պետք է հիշեցնել, որ տարբեր գնահատականներով, Արցախից դուրս, նախկին Ադրբեջանական Խորհրդային հանրապետության մեջ կես միլիոնից մինչեւ 1 միլիոն ադրբեջանահայություն կար, ինչպե՞ս պետք է լուծվի նրանց հարցը այս պարագայում:
— Իսկ ի՞նչ կլինի արցախահայերի հետ, հնարավո՞ր է նրանք վերադառնան իրենց բնակավայրեր: Ըստ Ձեզ, որեւէ երաշխիքի պարագայում այդ ցանկությունը կլինի՞ արցախահայերի շրջանում:
— Մարդիկ հիմա չգիտեն կոնկրետ ի՞նչ անեն ու ինչպես վարվեն, մանավանդ, որ ապակողմնորոշիչ քարոզների, ոչ իրավունքի վրա հիմնված տարբեր պնդումների պակասը չկա, իսկ կոնկրետ իրավիճակում ճիշտ վարվելու համար, ցավոք, իրենք ուղեցույց չունեն եւ հիմա այնպիսի իրավիճակում են, որ իրոք չգիտեն` վերցնե՞ն այդ ժամանակավոր կարգավիճակը, որը նույնպես զարմանք է հարուցում: Ինչո՞ւ ժամանակավոր եւ ոչ թե մշտական, ի՞նչ է՝ պատկան մարմինները կարծում են, որ մի տարվա ընթացքում այդ հարցը կլուծվի, եւ մարդիկ կվերադառնան նախկին բնակավայրե՞ր, կամ էլ, օրինակ, պատրաստվո՞ւմ են նրանց բնակարանային հարցը լուծել Հայաստանի Հանրապետությունում, որը գտնվում է բարդագույն աշխարհաքաղաքական եւ տնտեսական վիճակում: Պարզ է, որ օբյեկտիվորեն ի վիճակի չէ այդ հարցը Հայաստանը միայնակ լուծել, իսկ համաշխարհային հանրությունից մենք չենք տեսնում, որ պատրաստակամ են այդ հարցում ձեռք մեկնել: Դրա մասին քիչ են խոսում, բայց Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի արդեն իսկ դիմել է տարբեր միջազգային մարմինների` հարուցելով գործեր, թե իբր 30 տարվա ընթացքում մարդկանց բռնի ուժով տեղահանել են, ցեղասպանություն են իրականացրել: Ուստի` մենք պետք է պատրաստվենք նոր փոթորիկի, մյուս կողմից Ադրբեջանը չի դադարեցնում սպառնալիքներն արդեն Հայաստանի տարածքում: Երբ ասում ենք այդ մարդկանց (արցախահայերին) բնակեցնել, որտե՞ղ բնակեցնել, այն տարածքներում, որոնք մատնանշված են այդ մարդկանց բաշխման համար Սյունիք-Զանգեզուրն է, Սեւանի ավազանը, Տավուշի մարզը, հենց Ադրբեջանին սահմանակից շրջանները, որին Ադրբեջանը պատրաստվում է առաջին հարվածը հասցնել: Դրա մասին խոսում է ե՛ւ Էնթոնի Բլինքենը, ե՛ւ բազում փորձագետներ, որ վտանգը կախված է հայկական պետականության գլխին: Մենք դրա մասին պետք է մտածենք եւ, անշուշտ, փախստականների հարցը միջազգայնացնել է պետք: Մի անգամ հայկական պետությունը իր վրա վերցրեց ադրբեջանահայ փախստականների բեռը, որը չկարողացավ տանել, եւ այդ մարդիկ փողոցում են հայտնվել, անտուն, դա երկու տարվա հարց չէ, այլ` 30 տարվա: Այն ժամանակ բնակարանի գները այնպիսն չէին, ինչպես հիմա է, այժմ հնարավոր կլինի՞ նրանց բնակարանային հարցը լուծել: Արցախի հարցը դեռ տաք է, գոյություն ունի, մենք պետք է որպես գործոն դա օգտագործենք, թույլ չտանք, որ արցախահայությունն ամբողջությամբ կրկնի ադրբեջանահայ փախստականների խնդիրը, չէ՞ որ դա մեր ազգային անվտանգության հարցն է: Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի, խոսում են, որ այսպես կոչված իրենց փախստականները պետք է վերադառնան Հայաստան, մինչդեռ չունեն փախստական իրավական տեսանկյունից եւ ոչ էլ ունեցել են: Հիմա ադրբեջանական մամուլում գնում է այդ քարոզչությունը, գալիս են Սյունիքի օդանավակայանը նկարահանում են` ասելով, որ ահա մենք կարող ենք վերադառնալ այստեղ, նաեւ ինչ-որ սադրիչներ են ուղարկում Երեւանում նկարահանումներ են անում ու այդ ամենն օգտագործում են ընդդեմ մեզ: Էլ չեմ ասում այն վատագույն բանը, երբ Արցախի նախկին քաղաքական վերնախավը ձերբակալվեց ու հայտնվեց Բաքվի բանտերում. սա անթույլատրելի էր: Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում նրանց գործունությանը` դրակա՞ն, թե՞ բացասական, այս մարդիկ պետական գաղտնիքի կրող են:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ