Տարեկան 160 հազարի հետեւում թաքնված «թակարդը» բացահայտում է «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահը
ՀանդիպումԵրևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24000 դրամ։
Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ նախագիծն ուղղված է Երևանի կենտրոնը բեռնաթափելուն: Իսկ ահա «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեհյանի գնահատմամբ սա չմտածված հերթական որոշումն է, որը փորձում է իրականացնել քաղաքային իշխանությունը․
-Այստեղ ավելի շատ ոչ այնքան ընդհանրապես վարորդների իրավունքներն են ոտնահարվում, որքան այդ հատվածում բնակվողների, այսինքն՝ եթե մի շարք վարորդներ հնարավորություն ունեն այդ վճարները չվճարել ու այդ սահմանված վայրերում մեքենա չկայանել, ապա այդ հատվածում ապրողները դրա իրավունքը չունեն: Այս մասով առաջարկվող փոփոխությունները շատ թերի են ու չմտածված: Վճարովի կայանատեղիների կազմակերպումը նախ պետք է ճիշտ իրականացվի՝ մոտեցումը, գաղափարը, դա ինքնանպատակ չէ, որ վերցնենք միայն վճարի չափը քննարկենք՝ որքանո՞վ է դա տրամաբանական, որքանո՞վ՝ ոչ, այլ, առհասարակ՝ ինչպե՛ս ենք պատկերացնում՝ ինչպե՞ս պետք է լինի վճարովի ավտոկայանատեղին, աշխատողների համար ինչպե՛ս պետք է լինի, բնակիչների համար՝ ինչպե՛ս, դրանք ինչպե՛ս պետք է օգտագործվեն և այլն:
Տարեկան վճարումն ինքնին մի շարք խնդիրների առաջ է կանգնեցնելու. սոցիալական անհավասարության դրսևորում է լինելու, հարուստներին ասելու ենք՝ կայանեք, աղքատներին՝ ոչ: Ստացվում է, որ սրանով մենք խախտում ենք Սահմանադրության այսինչ կետը: Մենք ասում ենք, որ այդ հատվածի բնակիչներին այլընտրանք չենք տալիս, ու նրանք պարտադիր պետք է վճարեն, որ կարողանան կանգնել իրենց շենքի բակերում, ստացվում է, որ խախտում ենք այդ մարդկանց սահմանադրական իրավունքը: Այս նախագիծն ինքնին հակասահմանադրական որոշում է, իմ գնահատմամբ, որքան էլ քաղաքային իշխանությունները, «գլուխգործոց» իրավաբանները, նախագծի հեղինակները հակառակն ասեն: Եթե իրենք ուզում էին հապճեպ որոշակի բան անեին, որ ցույց տային, թե ինչ-որ գործ են արել, հետո խորքային մոտենային ու ուսումնասիրեին բոլորի շահերը, ապա կարող էին միայն հանել տարեկան վճարը ու ժամային վճարը թողնել՝ ընդամենը 200 դրամ, ոչ ավելի: Սա ավելի շատ լուծում կտար խնդրին, քան այս չմտածված որոշումը:
-Պարոն Քեհյան, քաղաքապետարանը ասում է, որ նախագիծը բեռնաթափման խնդիրն է լուծում։
-Քաղաքապետարանը ստում է, նրանք հրաժարվում են տարեկան վճարները հանելուց, որովհետև ուզում են զուտ գումարներ գանձել: Շեշտը դրված է բյուջե ավելի շատ գումար մուտք անելու վրա, թե չէ նրանք թքած ունեն Կենտրոնի բեռնաթափման վրա, եթե այդպես չլիներ՝ հիմա ավելի լուրջ քայլեր կանեին:
Ամեն դեպքում, եթե մենք ունենանք գիտակից, բանիմաց ավագանի, անկախ նրանից, թե ինքը ո՛ր քաղաքական ուժի ներկայացուցիչ է, պետք է դեմ քվեարկի այս նախագծին, որովհետև սա նախագիծ չէ, չմտածված մի որոշում է, որը փորձում է առաջ տանել ներկայիս քաղաքային իշխանությունը