Ադրբեջանն ու Նախիջեւանը սպասում են այն օրվան, երբ Սյունիքը լրիվ կդատարկվի. Պողոսյան
Հասարակություն
Ճարտարապետ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆՆ ահազանգում է, որ Երեւանը քայքայում է ամբողջ Հայաստանը, որովհետեւ արվարձանները դատարկվում են, մարդիկ գալիս են մայրաքաղաք բնակվելու, իսկ դատարկ տարածությունները սովորություն ունեն լցվելու ինչ-որ բանով:
— Ադրբեջանն ու Նախիջեւանը սպասում են այն օրվան, երբ Սյունիքը լրիվ կդատարկվի, ու իրենք ոտքով հանգիստ այս ու այն կողմից կգան: Մեզ պետք է Հայաստանի տարաբնակեցման նախագիծը, որը ստեղծվել էր մեր հանրապետության անկախության առաջին տարիներին, իսկ հետո դրվեց դարակներում ու այնպես են պահում, որ ոչ ոք չի կարող գտնել։ Այդ փաստաթղթով նախագծվել էր ամբողջ Հայաստանը, բոլոր գյուղերի ու քաղաքների զարգացումը, մեծացումը կամ փոքրացումը, ճանապարհային ցանցը, արդյունաբերությունը եւ այլն։ Այդ նախագծում արծարծված էին Երեւանի հարցերը, թե որքան պիտի զարգանա: Դժբախտաբար, որքան հիշում եմ, էլի միլիոնանոց քաղաք էր, բայց նաեւ Գյումրիի, Վանաձորի եւ մյուս քաղաքների զարգացումն էլ կար։ Պետք է տարաբնակեցման նախագիծը վերանայել եւ որոշել՝ ինչ ենք ուզում լինի Երեւանը, որքան մարդ կարող է այստեղ ապրել կամ որքան ենք ուզում ապրի եւ որքան մարդ ենք ուզում, որ ապրեն մյուս քաղաքներում: