ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԴեռ նախարարական աթոռին չնստած` մեզ հասցրեց զարմացնել ՔՊ-ական արդեն նախկին պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ: Այսպես, նորաթուխ նախարարի կարծիքով. «Իրականում Հայաստանում գործարարությամբ զբաղվելը հեշտ գործ չէ, դա առանձին հայրենասիրության օրինակ է»: Իհարկե, մեր գործարարներին, դիցուք՝ Լֆիկին կամ Գռզոյին հայրենասիրության դիրքերում չենք կարողանում պատկերացնել: Բայց դե, եթե Պապոյանը ասում է, երեւի մի բան գիտի: Բայց ահա, եթե նա կարծում է, որ Հայաստանում գործարարությամբ զբաղվելն իրոք այնքան ծանր գործ է, որ միայն հայրենասիրական մղումներից ելնելով, կարող ես նման քայլի գնալ, ապա դրանով «շան լափ է լցնում» իր շեֆի՝ Նիկոլի գլխին: Կառավարության եւ վարչապետի հիմնական գործառույթներից մեկն այն է, որ հնարավորինս թեթեւացնի բիզնեսի գործը, որ մարդիկ չվախենան, փող դնեն, աշխատատեղեր ստեղծեն, իրենք էլ շահ ստանան ու երկրին էլ օգուտ տան: Բայց եթե Հայաստանում գործարարությամբ զբաղվելն այնքան ծանր գործ է, որ համարժեք է հայրենասիրությանը, ապա իր նման մտքերով Պապոյանն ակնարկում է, որ Նիկոլի կառավարությունը ոչ թե թեթեւացնում, այլ՝ ծայրահեղ ծանրացնում է գործարարի վիճակը, այսինքն՝ ամենաքիչը իր դերում չէ: Իհարկե, նա ճիշտ է:
Մեզ ամեն օր զարմացնող Ավինյանին այս անգամ մի կողմ թողնենք եւ անդրադառնանք շեֆից օրինակ վերցնող քաղաքապետարանի որոշ աշխատակիցների զարմանահրաշ արարքներին: Կոնկրետ դեպքում՝ խոսքը Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն ԱՐՄԵՆ ԲԵԳՈՅԱՆԻ մասին է, ով, ինչպես տեղեկացրեց ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը, հայտարարել է, թե. «Պատրաստվում է հատել Երեւան քաղաքի մոտ 10 փողոցների ծառեր»: 10 փողոցը քչություն չանի՞, ավելի լավ չէ՞, որ գույքագրեք Երեւանի մնացած ծառերն ու կամաց-կամաց կտրեք: Չնայած, եթե ժամանակին Ավինյանն էր հպարտորեն խոսում հաստաբուն ծառեր կտրելու եւ դրանց փոխարեն ինչ-որ ճապոնական թփեր տնկելու մասին, Բեգոյանը, իհարկե, մի 10 փողոց հաստատ կուզենա կանաչազրկել: Բայց այդ դեպքում ավելի լավ չէ՞, որ Ավինյանը մտածի նրա ղեկավարած ՀՈԱԿ-ը` «Ծառակտրման եւ շրջակա միջավայրի հերն անիծողի» վերանվանելու մասին:
Օրերս Իսպանիայում սպանվեց Ռուսաստանին դավաճանած օդաչու ՄԱՔՍԻՄ ԿՈՒԶՄԻՆՈՎԸ, որի մարմնի վրա լցված էր 11 գնդակ եւ 100 հազար եվրո: Դավաճանին չփրկեց ոչ միայն Իսպանիայում պատսպարվելը, այլեւ կեղծ անուն-ազգանունով ուկրաինական անձնագիրը: Զարմանալի է, մի՞թե իրենց հայ անվանող դավաճանները չեն հասկանում, որ դավաճանի վերջը վաղ թե ուշ լինում է այդպես անփառունակ: Այդպես դարերով եկել է, այդպես էլ դարերով գնալու է:
Մեզ շարունակում են զարմացնել Ուկրաինայի իշխանությունները: Այս անգամ նրանց ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՈՒԼԵԲԱՆ, դիմելով Արեւմուտքին, հայտարարեց, թե. «Դուք չեք կորցնում ամենագլխավորը` ձեր զինվորների կյանքերը, այդ իսկ պատճառով դա աշխարհում ամենալավ գործարքն է, տվեք մեզ զենք, տվեք մեզ փող, եւ մենք կվերջացնենք աշխատանքը»: Զարմանալիորեն Կուլեբան նմանվում է Օստապ Բենդերին, որը ճանապարհով անցնող մեքենաներին գոռում էր «деньги давай!»: Սակայն տարբերությունն այն է, որ Ուկրաինայի ԱԳ նախարարը դրա դիմաց անթաքույց առաջարկում է զոհաբերել ուկրաինացի զինվորների կյանքերը: Կյանքեր` փողի դիմաց: Ահա այսպիսի զարմանալի գործարք է նա առաջարկում Արեւմուտքին: