«ՀԱՅ ԱԶԳԸ ՇԱՏ ՈՒՆԻ ՆՄԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԻՔԸ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՑԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆ
ՍպորտՎերջերս Ռումինիայում կայացած «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարի ժամանակ երիտասարդ հայ բռնցքամարտիկները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ։ Պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 92 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սիմոնյանը։ 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 86 կգ քաշային Նորայր Հակոբյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ գերծանր քաշային կարգում հանդես եկող Միսակ Տեպանյանը կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին, նվաճելով բրոնզե մեդալ։ Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել ոսկե մեդալակիր, Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի վեցակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, 17-ամյա ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Դավիթ, հաղթանակի առթիվ։
- Շնորհակալ եմ։ Ընդհանուր երկու մենանարտ ունեցա, սկզբից հաղթեցի ազգությամբ ուկրաինացի մրցակցիս, ապա նաև Իսրայելի ներկայացուցչին։ Երկուսին էլ հաղթել եմ բացարձակ առավելությամբ 5։0 հաշվով։ Իսրայելցի մարզիկի հետ մենամարտը ավելի բարդ անցավ, լարվածությունը մեծ էր, նա բավականին ուժեղ, փորձառու մրցակից էր։ Հաղթանակս նվիրում եմ մեր հայ ազգին, մեր բոլոր զինվորներին։ Այս դժվար ժամանակներում մեր հայ ազգը շատ ունի նման հաղթանակների կարիքը։ Մենք մեր հաղթանակներով պիտի սփոփենք մեր ժողովրդին։
- Դավիթ, իսկ ինչ ես սպասում այս հաղթանակից։
- Հաղթանակը ինձ տվեց հույս, որ Եվրոպայի առաջնությանը ևս կարողանամ լավ հանդես գալ ու ոսկե մեդալ նվաճեմ։ Անցած տարի Եվրոպայի չեմպիոն եմ դարձել, սակայն պիտի կրկնեմ այդ նվաճումը։ Շուտով ուսումնամարզական հավաքներ կանցկացնենք Ծաղկաձորում, ապա նաև Օլիմպավանում, որպեսզի կարողանանք մասնակցել ապրիլի 2-15-ը Խորվաթիայում կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությանը։
- Հետաքրքիր է, ազգականներիդ մեջ կան մարզիկներ ։
֊ Իհարկե, մորեղբայրս ու հայրս ըմբշամարտով են զբաղվել, անվանի ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը ևս իմ հարազատն է։ Ես սկզբից քրոջս հետ լողի պարապմունքների էի գնում, հետո թողեցի լողը ու սկսեցի բռնցքամարտով պարապել ու հիմա առանց այս մարզաձևի էլ չեմ կարող պատկերացնել իմ կյանքը, առօրյան։ Սպորտից դուրս, ազատ ժամանակ զբաղվում եմ հրաձգությամբ ու լողով։
- Չնայած պատանեկան տարիքիդ, արդեն ունես զգալի հաջողություններ։ Դավիթ, որն է քո հաջողության բանաձևը։
- Քրտնաջան պարապելը, ջանք ու եռանդ չխնայելը։ Սպորտում ոչ մեկին հաղթանակները հեշտությամբ չեն տրվում երբեք, հաղթանակի տակ միշտ թաքնված է լինում քրտնաջան պարապմունքը։
- Շնորհակալություն, Դավիթ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ