ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

31.01.2018 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Բոլորս հաճույքով դիտում ենք հին-բարի ֆիլմը` «Իտալացիների աներեւակայելի արկածները Ռուսաստանում»: Բայց զարմանալիորեն պարզվում է, որ դրա նմանությամբ կարելի է նկարահանել նոր ֆիլմ` «ԱԺ պատգամավորի աներեւակայելի արկածներն Իտալիայում»: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ֆեյսբուքյան էջում մենք զարմանքով հայտնաբերեցինք մի լուսանկար, ուր նա կանգնած է նոութբուքի մոտ` շրջապատված լինելով ոստիկաններով, եւ հետեւյալ գրառումը. «Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր հյուրանոցի իմ սենյակը` Հռոմում: Եկել էին ինձ ձերբակալելու: Պարզվում է` ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ: 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում»: Հետո պարզվեց, որ ՀՀ ոստիկանության տեղեկատվությամբ Ինտերպոլով Փաշինյանի հետախուզումը դադարեցվել է նրա` իրավապահներին հանձնվելուց հետո, բայց... Ինչեւէ, երեւի թե, որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ` ոստիկանություն, անկախ գտնվելու երկրից:

ԶԱՐՄԱՆՔ

Դեռ անցյալ տարի, երբ Ֆեյսբուքը թողարկել էր հատուկ մանկական մեսինջեր, բոլորին հորդորում էի իրենց երեխաներին հեռու պահել այդ նորամուծությունից: Դե, հաստատ մի բան գիտեի, եւ ահա, թեեւ զարմանքով, բայց օրինաչափորեն հայտնաբերեցի, որ շուրջ 100 փորձագետներ, իրավապաշտպաններ եւ մանկավարժական մասնագիտացած կազմակերպություններ, այդ թվում եւ մանկական երգերի կատարող ՐԱՖՖԻ ՔԱՎՈՒՔՅԱՆԸ բաց նամակով դիմեցին Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին` պնդելով, որ մինչեւ 13 տարեկան երեխաները պատրաստ չեն սոցցանցում էջ ունենալ, կողմնորոշվել օնլայն հարաբերություններում եւ իրենց գաղտնիությունը պահպանել: Իսկ մեր երգիչ հայրենակիցն էլ վստահ է, որ համացանցը փոքր երեխաների տեղը չէ: «Messenger Kids-ը չի համապատասխանում կարիքներին, այն դրանք ստեղծում է»: Դե ինչ, վաղուց ժամանակն է մանուկներին սովորեցնել համացանցային անվտանգությունը ճիշտ այնպես, ինչպես սովորեցնում են փողոցային անվտանգության կանոնները, չէ՞ որ ինչ կասկածելի «մանկական» աղբ ասես կարող է հայտնվել համացանցում:

Զարմանալի, ապշեցուցիչ բան է տեղի ունեցել Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում: Այնտեղ դատարանը 59-ամյա ՄԻԽԱՅԻԼ ԼԻՍՏՈՎԻՆ 1000 ռուբլով տուգանել է այն բանի համար, որ սոցցանցերում հրապարակել էր 1945 թվականի հաղթանակի շքերթի լուսանկարներից մեկը, ուր սովետական զինվորները նացիստական դրոշները գետին են նետում: Դատավորը դրան տվել է ապշեցուցիչ «հիմնավորում»` իբր դա ֆաշիստական կամ էքստրեմիստական խորհրդանիշների ցուցադրություն է, եւ այդ լուսանկարը կարող է տառապանք պատճառել այն մարդկանց, ում հարազատները զոհվել են Մեծ հայրենականի տարիներին: Բնականաբար, այդ աբսուրդային որոշումը հարուցել է ՌԴ բազում քաղաքացիների վրդովմունքը, ովքեր արտատպելով այդ նույն լուսանկարը, պահանջում են իրենց էլ պատասխանատվության ենթարկել, ինչպես նաեւ ընտիր հիշոցներով հիշում են այդ դատավորին: Բայց այդ զարմանալի պատմությունում մեզ համար էլ դաս կա` որ չի կարելի օրենսդրության մեջ խցկել «իզմ» վերջածանցով բառեր, քանզի կարող են այդպիսի աբսուրդային դատական ակտեր ծնվել:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА