«Եվրատեսիլ»-ը քայքայիչ հակարժեքների ճահճում է, իսկ Հայաստանը շարունակում է նետվել այդ ճահճի մեջ
Մշակութային
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Հայաստանը պատրաստվում է մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթին: Արդեն իսկ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է մասնակիցներին եւ նրանց երգերը, որոնց միջեւ պետք է լինի ընտրություն, եւ որոշվի, թե ում է բախտ վիճակվելու այս տարի հայտնվել եվրատեսիլյան բեմում:
Այս ամենը բնական կհամարվեր եւ նույնիսկ քննարկման չէր դրվի, եթե չլիներ մի կարեւոր հարց՝ մեր ինչի՞ն է պետք «Եվրատեսիլ»-ը: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ այն բացի խիստ քաղաքականացված լինելուց, նաեւ վերջին տարիներին առավել պրոպագանդում է համասեռամոլություն, սատանիզմ, անհասկանալի երեւույթներ եւ այլն: Այսինքն՝ բացի գեղեցիկ երաժշտությունից, որն իսպառ բացակայում է այդ մրցույթում, առկա է ամեն բան:
«Իրավունք»-ը բազմիցս անդրադարձ է կատարել այս թեմային, նույնիսկ տարիներ առաջ ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ԱԺ ամբիոնից է իր մտահոգությունը հայտնել, որ «Եվրատեսիլ» մրցույթն ընկղմվում է անբարոյականության, հակաքրիստոնեական, անբարո, քայքայիչ հակարժեքների ճահիճը:
«Ակնհայտ է, որոշ ուժեր աշխարհում փորձում են վերացնել քրիստոնեական, ընտանեկան ավանդական արժեքները: Դրանք իրենց համար հարթակ են դարձել «Եվրատեսիլ» կոչվածը: Այդ հարթակը չունի գեղարվեստական նշանակություն, երաժշտական ճաշակ չի դաստիարակում: Կարծում եմ` Հայաստանը պետք է ոչ միայն հրաժարվի նման հարթակներում հանդես գալուց, այլեւ մեզ համար վիրավորական պետք է լինի, որ մեր երկիրը մասնակցում է համասեռամոլության քարոզով զբաղվող միջոցառմանը: Ավելին` այդ այլասերված երեւույթները` կոնչիտաները, որոնցից ցանկացած նորմալ մարդ պետք է զզվի, իրեն է հպում մեր պետական դրոշը: Դա բոլոր սահմաններն անցնելու նշան է: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` բոյկոտել «Եվրատեսիլը»»,- հորդորել էր նա:
Եթե այն ժամանակ չէին հրաժարվում «Եվրատեսիլ»-ից, որովհետեւ այլընտրանք չկար, ապա այսօր այդ խնդիրն էլ է լուծվել: Ստեղծվել է նոր, այլընտրանքային մրցույթ, որը անցկացվելու է ՌԴ-ում եւ կոչվելու է «Ինտերվիդենիե»: Սա «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ռուսական այլընտրանքային տարբերակն է, որը տեղի կունենա 2025 թվականի աշնանը՝ Մոսկվայում: Ստացվում է, որ մեր հայ արտիստներն, այնուամենայնիվ, ունեն այլընտրանք՝ արտահայտվելու, երգելու եւ մեր մշակույթը ներկայացնելու: Հետեւաբար, հարց է ծագում՝ ինչո՞ւ «Եվրատեսիլ», ինչո՞ւ մի տեղ, որտեղ դեռեւս չենք գրանցել ոչ մի հաղթանակ: Թերեւս այս հարցով պետք է զբաղվի Հանրային հեռուստաընկերությունը եւ վերջնական որոշմամբ հրաժարվի այդ ոչինչ չտվող, կամ տալուց էլ միայն անբարո բարքեր փոխանցող մրցույթից, որին դժվար է երաժշտական անվանելը: Էլ չասենք պետբյուջեից անիմաստ վատնվող միլիոնների մասին՝ այդ մրցույթին մասնակցության համար:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ