TikTok-ը դատի է տվել ԱՄՆ-ին
Արխիվ 16-20
Չինական Bytedance-ը, որը TikTok սոցիալական ցանցի սեփականատերն է, դատի է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին։ Այս մասին ասվում է չինական ընկերության կայքում հաղորդագրության մեջ։
Bytedance-ը ԱՄՆ դատարան բողոք է ներկայացրել 2020 թվականի օգոստոսի 24-ին։ Նա փորձում է վիճարկել ամերիկյան տարածքում ընկերության աշխատանքն արգելելու՝ ԱՄՆ իշխանությունների մտադրությունը։ Չինական ընկերությունում հայտարարել են, որ Թրամփի վարչակազմն անտեսում է Tiktok-ի սեփականատերերի ձեռնարկած լայնածավալ միջոցները այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը հայտնել է իր դժգոհությունները: Ընկերությունում նշել են, որ իրենք ընդառաջել են Վաշինգտոնին՝ նույնիսկ չհամաձայնելով վերջինիս պահանջների հետ։
Ամերիկյան իշխանությունները TikTok-ը Ազգային անվտանգության սպառնալիք են համարում, քանի որ հավելվածն իբր կարող է ամերիկացիների մասին տվյալները փոխանցել չինական իշխանություններին: ԱՄՆ-ի վարչակազմը 45 օր է հատկացրել ամերիկյան իրավազորությունում սոցցանցի սեփականատիրոջ հետ ցանկացած գործարքի դադարեցման համար: Ժամկետը լրանում է սեպտեմբերի 20-ին։