ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կինոգործիչների միության, Ազգային կինոակադեմիայի անդամ, կինոգետ, կինոքննադատ, սցենարիստ, արվեստագիտության պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանի վերջին հրաժեշտի արարողության տեղը փոխվել է: Այն տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ժամը՝ 11:00-14:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանից (Իսահակյան 1):
Հիշեցնենք, որ Սուրեն Հասմիկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում եւ վերջին հրաժեշտի արարողությունը եւս նախատեսված էր նույն հասցեից: Սակայն, հանրային լայն արձագանք էր գտել «Խեղափոխություն» նախագծի հեղինակ Նարեկ Մութաֆյանի հրապարակային դիմումը պատկան մարմիններին, ինչը թերեւս սթափեցնող եղավ:
Նարեկ Մութաֆյանը մասնավորապես ընդգծել էր. «Մահացել է հայկական կինոյի ամենահեղինակավոր մասնագետներից մեկը։ Մարդ, ում խոսքի հետ հաշվի էին նստում Փելեշյանը, Դովլաթյանը, Մալյանը, իսկ այսօր, չգիտես ինչու եւ ինչպես, Սուրեն Հասմիկյանը, կարծես, մոռացության էր մատնվել եւ անգամ մահանալուց հետո էլ մեր բազմապրոֆիլ ԿԳՄՍ նախարարությունը չի փորձում գոնե արժանի վերջին հրաժեշտը կազմակերպել։ Արա Խզմալյան, կարծում եք` պարոն Հասմիկյանը նմա՞ն հրաժեշտի էր արժանի։ Հիշե՛ք ձեր երիտասարդ տարիներն ու կարծում եմ` կգտնեք այս հարցի պատասխանը: Հարություն Խաչատրյան եւ Դավիթ Մուրադյան, դուք ի պաշտոնե եւ ըստ ձեր զբաղեցրած դիրքերի, առաջինը պետք է արձագանքեիք եւ, ինչու չէ, հենց դուք պետք է կազմակերպեիք հոգեհանգիստն ու հուղարկավորությունը, բայց դուք եւս լուռ եք։ Հասմիկյանը իր բարի էությամբ ձեզ բոլորիդ կների, իսկ դուք հետագայում կներե՞ք սերունդներին ձեր հանդեպ նման վերաբերմունքի համար»: