Դերասանուհուն, ինչպես ցանկացած կնոջ, պետք է, որ տանը նրան սպասեն սիրող մարդիկ, ոչ ավելին. Լիլյա Մուկուչյան
ՄշակութայինԹատրոնի առեղծվածային աշխարհը կյանքի արտացոլանքն է` դաժան, հոգին մերկացնող, հանուն գեղեցիկ մի ակնթարթի ճակատագրեր խեղող ու հավերժության վերածվող: Խոհափիլիսոփայական այս գաղափարն է օրերս հանդիսատեսի դատին հանձնված «Վարեչկա» (ըստ Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելի) մոնոներկայացման հիմքում: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհիներ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով եւ Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ երբեմնի բալետի պարուհու մասին այս ներկայացումը ոչ միայն բուռն ծափերի, այլեւ հոգուց քամված արցունքների արժանացան հանդիսատեսի կողմից: Իսկ հերոսուհու դերակատարի ապրումները եւ ներկայացման մի շարք այլ մանրամասներ «Իրավունքը» պարզեց ԼԻԼՅԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հետ զրույցում:
«ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՆՐՆ ԻՆՁ ՈՉ ԹԵ ԳՐԱՎՈՒՄ, ԱՅԼ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ՎԱԽԵՑՆՈՒՄ Է»
— Լիլյա, ներկայացումից առաջ հուզվո՞ւմ եք, միշտ է այդ զգացողությունն այցելում Ձեզ բեմելից առաջ, թե՞…
— Այո, միշտ անհանգստանում եմ բեմելից առաջ, եւ այն ինձ մոտ չի վերանում: Բայց սա այլեւս այն սարսափելի հուզմունքը չէ, ինչպիսին կար իմ կարիերայի սկզբում, այն այժմ ավելի մարտական է:
— Խոսենք օրերս կայացած «Վարեչկա» մոնոներկայացման մասին: Ըստ հեղինակի, այն վերնագրված է որպես «Բալետի կատաղած պարուհի»...
— Իսկապես, Ելենան եւ ես որոշեցինք ներկայացումն անվանել «Վարեչկա», քանի որ այն ոչ միայն բալետի, բալետի պարուհու, այլ ընդհանրապես արտիստների մասին է, եւ այսպիսով ներկայացումն ինձ թվում է՝ ավելի ծավալուն է դարձել:
— Ի դեպ, սա Ձեր երրորդ մոնոներկայացումն է, եթե ճիշտ եմ հիշում: Ինչո՞վ է գրավում այս ձեւաչափը:
— Չեմ կարող ասել, թե մոնոներկայացման ժանրն ինձ ինչ-որ առումով գրավում է, ավելի շուտ հակառակը՝ վախեցնում է: Բայց «Վարեչկայի» դեպքում հանգամանքներն այնպես դասավորվեցին, երբ նյութը ձեռքս ընկավ: Ճիշտն ասած, որոշել էի այլեւս չխաղալ մոնոժանրում, բայց հենց նյութն էր, որ ինձ համոզեց հակառակում:
«ՎԱՐԵՉԿԱՆ ԻՄ ԿԵՐՏԱԾ ՀԵՐՈՍՈՒՀԻՆԵՐԻՑ ԱՄԵՆԱՀԱՍՈՒՆՆ Է, ԱՄԵՆԱԻՍԿԱԿԱՆԸ»
— Ինչո՞վ էր առանձնահատուկ Ձեր բեմական նոր կերպարը:
— Իմ հերոսուհին բացարձակապես տարբերվում է այն բոլոր դերերից, որոնք եղել են եւ կան իմ խաղացանկում: Ինձ թվում է՝ Վարեչկան իմ կերտած հերոսուհիներից ամենահասունն է, ամենաիսկականը:
— «Տաղանդավոր լինել պարտադիր չէ». այդպես է իր խոսքում ասում Ձեր հերոսուհին՝ երբեմնի բալետի պարուհին: Դուք է՞լ եք այդպես կարծում:
— Իհարկե, այստեղ դժվար է, չգիտեմ՝ պարտադիր է տաղանդավոր լինել, թե՝ ոչ եւ ընդհանրապես՝ ո՞վ է որոշում՝ այս թե այն արտիստն է տաղանդավոր: Չէ՞ որ մենք կարող ենք միանգամից անուններ տալ, իրոք, հրաշալի դերասանների եւ ասել՝ ինչու՞… Մի խոսքով՝ հստակ պատասխան չունեմ:
— Դուք Վարեչկային խղճո՞ւմ եք, թե՞ համարում եք ուժեղ կին:
— Ես համարում եմ նրան շատ ուժեղ կին, շա՛տ, քանի որ նա ինքնասպանություն չգործեց եւ դեռ սպասում է, որ իրեն էլ կտրվի հնարավորություն:
«ՀԵՌՎԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՐՀՆ ԱՅՆՔԱՆ ԳԱՅԹԱԿՂԻՉ Է ԹՎՈՒՄ, ՄԻՆՉԴԵՌ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԱՅԴՊԵՍ ՉԷ»
— Ըստ Ձեզ, Վարեչկայի պատմությունն իրակա՞ն է, թե՞ որոշակի հորինված տարրեր կան:
— Կարծում եմ՝ սա իրական պատմություն է, գրեթե համոզված եմ դրանում, եւ նույնիսկ իմ աչքի առաջ նրա պատկերի ուղիղ նախատիպը կա:
— Այնուհանդերձ, բալետի պարուհի դառնալը շատ աղջիկների անկատար երազանքն է…
— Այո, իսկապես, աղջիկները երազում են բալետի պարուհի կամ դերասանուհի դառնալ, չէ՞ որ հեռվից արվեստի աշխարհն այնքան անհոգ, այնքան գայթակղիչ է թվում, մինչդեռ բացարձակապես այդպես չէ, ինչի պատճառով էլ շատերը հեռանում են այդ մասնագիտությունից:
— Ինչպե՞ս են ընթացել ներկայացման նախապատրաստական աշխատանքները: Ի՞նչ դժվարություններ եք, որպես դերասանուհի, փորձել հաղթահարել:
— Ես եւ Ելենան կարծես միանգամից սկսեցինք բեմադրական աշխատանքները: Ելենան ամենադժվարն արեց, նա զարմանալի տաղանդավոր մարդ է եւ կարողացավ հավաքել մի ներկայացում, որը զուտ արտաքուստ առանձնապես նման էլ չէ մոնոներկայացման իր ձեւով: Ելենային հաջողվեց ներկայացումը ծավալուն դարձնել: Իսկ հատուկ ինչ-որ դժվարություններ չեն եղել:
«ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՐԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿՅԱՆՔ ԿՈՒՆԵՆԱ ԵՎ ՄԻԳՈՒՑԵ ՇԱՏ ԿՃԱՄՓՈՐԴԻ»
— Ի վերջո, տառապանքների միջով անցած Ձեր հերոսուհին վերցնում է ճամպրուկը՝ անցյալի հուշերով բեռնված ու... Ի՞նչ եք կարծում, ո՞ր ուղությամբ է շարժվում նրա գնացքը:
— Կարծում եմ՝ ողջ կյանքում նա կփնտրի թատրոն, որը կընդունի իրեն, համենայնդեպս, նա իսկապես մեծ հույսեր ունի: Ուստի՝ ինձ թվում է, որ նրա համար դեռ ամեն ինչ ավարտված չէ:
— Ներկայացման ավարտին կին հանդիսատեսների աչքերը թաց էին, սպասելի էր՞:
— Սպասելի էր… Իմ դերասանական փորձն արդեն թույլ է տալիս գուշակել, թե կոնկրետ որ նախադասությունը կհասնի հանդիսատեսի սրտերին: Այնպես որ, իրականում սպասելի էր:
— Առաջիկայում ի՞նչ ճակատագիր է սպասում «Վարեչկա» մոնոներկայացմանը:
— Ըստ իս, ներկայացումը երկար, հետաքրքիր կյանք կունենա եւ միգուցե շատ կճամփորդի:
— Ծափեր, ծաղիկներ, հավանաբար, այլ բան դերասանուհուն պետք չէ՞ կատարյալ երջանիկ լինելու համար...
— Դերասանուհուն, ինչպես ցանկացած կնոջ, պետք է, որ տանը նրան սպասեն սիրող մարդիկ, ոչ ավելին:
Զրույցը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ