Արցախս եղել է, կա ու կլինի. ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ
Մշակութային«Իրավունք TV»-ի հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախի այա, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի անդամ ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ:
— Տիկին Ասրյան, Դուք արմատներով արցախցի եք և կրում եք արցախցի այայի կոչումը: Այսօր Արցախը շատ դժվար օրեր է ապրում, ըստ Ձեզ, ի՞նչ է պետք մեզ, որպեսզի համախմբվենք, և արցախցին ապահով ապրի սեփական հողում:
— Այո, ես ներկայացնում եմ Արցախի կնոջ` այայի կերպարը, որը եղել է գերդաստանի մեծ մայրը: Նրա խոսքը միշտ էլ արժեք է ունեցել:Հայաստանը և Արցախը մի մեծ գերդաստան են: Ես ցանկանում եմ, որ այն, ինչ արվում է, լինի ի շահ Հայաստանի և Արցախի: Մենք պետք է միասին լինենք: Պետք է իրար պաշտպանենք: Պետք է մեկս մյուսի սատար կանգնենք: Մեր Արցախը դարերի խորքից գոյություն ունի: Այսօր ինչ-որ հարյուր տարեկան պետություն, որը ազգություն չունի, Արցախ ու Հայաստան է պահանջում, որպեսզի իր պատմությունը փոխի և վերցնի մեր պատմությունը: Քանի որ մեր արմատները շատ խորն են, ուզում են մեր հողերը վերցնեն, որ իրենք պատմություն կերտեն իբրև հին ազգ: Բայց իրենք ազգություն չեն, այլ ընդամենը ադրբեջանցի են: Իսկ Բաքուն եղել է ինտերնացիոնալ երկիր, որտեղ ամեն ազգ ապրել է: Եվ Արցախում ապրող հարյուր քսան հազար մարդիկ պետք է ապրեն, գոյատևեն, որպեսզի Արցախը նույնպես գոյատևի: Մեր պապերը փոխանցել են մեզ Արցախը: Մենք պետք է պահենք, պահպանենք և փոխանցենք մեր հաջորդ սերնդին մեր պապենական սուրբ հողը: Արցախս եղել է, կա ու կլինի:
— Ըստ Ձեզ՝ այսօր մենք ունե՞նք հայրենիքի ցավի մասին մտածող և գործող մտավորականներ :
— Ցավոք սրտի, ես շատ եմ զարմացած մեր մտավորականության լռության վրա: Ինչո՞ւ են լռում: Եթե Արցախը վաղը չլինի, որոշ ժամանակ անց Հայաստանն էլ կգնա թուրքերի, ադրբեջանցիների տիրապետության տակ: Այն ժամանակ ո՞ւմ ես պետք, ա՛յ մտավորական, արվեստագետ` … Չեմ ընդունում նրանց լռությունը: Չէ՞ որ մտավորականությունն է պահում երկիրը իր խոսքով, իր առաջնորդությամբ: Ինչո՞ւ եք լռել: Խոսեք, դուրս եկեք, պահանջեք վարչապետ կոչեցյալից, նախագահից, Ազգային ժողովից Արցախյան հարցի արդարացի լուծումը: Ձեր խոսքը պետք է շատ արժեքավոր լինի: Լռել եք, ամո՛թ է: Դուք էլ չե՞ք հասկանում՝ Արցախը հայկական է, թե՞ ադրբեջանական, ինչպես ասում են` Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում: Արցախը հորդ բոստա՞նն է, թե՞ քո սեփականությո՞ւնն է, որ ճանաչում ես Ադրբեջանի կազմում: Մտավորականություն, ոտքի՛ կանգնեք, մեր երկիրը կործանման եզրին է: Մի՞թե դուք դա չեք զգում: Վախենում եք զրկվեք աշխատանքի՞ց, պաշտոնի՞ց: Ո՞ւմ է պետք ձեր աշխատանքը, եթե վաղը թուրքն է մտնելու ձեր երեխաներին մորթի, բռնաբարի, հայրենիքը կործանի: Միլիոնուկես կոտորեցին, ո՞վ մեղադրեց: Դա էլ կանեն: Եթե մենք միասնական և ուժեղ լինենք, մեզ ոչինչ չեն կարող անել: Կարծում եք, եթե այս վարչապետ կոչեցյալը չլիներ երկրի ղեկին, պատերազմ կլինե՞ր: Իհարկե, չէր լինի: Մահաբեր իշխանությունը եկավ և՛ հողեր տվեց, և՛ պատերազմ բերեց: Բայց ես հավատում եմ, որ մենք կրկին ոտքի կկանգնենք:
— Այսօր առաջ է քաշվում խաղաղության պայմանագրի մասին դրույթը: Դուք ի՞նչ կասեք:
— Նախևառաջ, հողերը տալով, մենք խաղաղ չենք ապրելու: Եվ հետո նա կարողանում է բոլորին համոզել: Պատերազմի հաշմանդամին` երկու ոտքը չունեցողին ինքը համոզում է, թե ինչ անենք, երկու ոտքը չկա, պրոթեզ կդնենք: Գնա քո, կնոջդ ու երեխաներիդ ոտքերը կտրի, պրոթեզ դիր ու համարվի նորմալ մարդ:
— Երբ զրուցում եք Արցախում ապրող Ձեր բարեկամների հետ, ի՞նչ են ասում:
— Ամեն օր էլ զրուցում եմ նրանց հետ: Վիճակը շատ վատ է: Այս վերջին ժամանակները արդեն չեն կարողանում ապրել: Արցախցիներն իրենց բանջարանոցները, հողերը մշակել, ցանել էին, բայց կարկուտ ու փոթորիկ եղավ և քշեց տարավ բերքը: Դա նման էր՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում ասացվածքին: Կարկուտը եկավ, ամեն ինչ ջարդեց, փշրեց, քշեց տարավ:
— Ի՞նչ կարծիք ունեք Արցախի նախագահի նստացույցի վերաբերյալ:
— Նա ինչո՞ւ է նստացույց անում: Իրար հետ ձեռք ձեռքի տված՝ հողերը, զենք-զինամթերքը տվեցին, բանակը ոչնչացրին, կոտորած արեցին և դեռ իրենց աթոռին կառչած են: Պատմության մեջ այդպիսի դեպք չի եղել, որ պատերազմը տանուլ տան և դեռ շարունակեն նստել երկրի ղեկավարի աթոռին: Անհապաղ պահանջում եմ Արցախի և Հայաստանի ղեկավարների հրաժարականը:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ