«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախի այա, երգչուհի ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԻ հետ:
-Տիկին Ասրյան, Տվուշի մարզում զարգացող իրադարձությունների հետ կապված, հետագայում շրջափակված Արցախի ճակատագիրն ունենալու վտանգ Դուք չե՞ք տեսնում:
-Եթե այսպես շարունակվի, Հայաստանի մյուս շրջանների հողերն էլ կտա, հետո շրջափակման մեջ կգցի: Հայաստանի կարգավիճակը կդարձնի այնպիսին, ինչպիսին Արցախինն էր: Ցավոք, այսօր Արցախի մասին անցյալով են խոսում:Ես ուղղակի ապշած եմ, որ հախից չեն կարողանում գալ: Այսօր ես իմ հայրենիքի ճակատագրի համարն եմ մտածում, բայց ինձ նման մտածողները դեռ մասսայական չեն: Ազգովի պետք է դուրս գանք պայքարի: Եվ ինչու չէ նաեւ նրա ճանապարհը փակենք: Ազգային ժողովը պետք է արտահերտ նիստ հրավիրի եւ անմիջապես ԱԱԾ-ի, Ներքին գործերի նախարարությանը, Պաշտպանության նախարարությանը հրահանգի, որպեսզի նրան ձերբակալեն: Երբ գա պատասխանատվության ժամանակը, նա իր գժի թուղթը ցույց կտա, եւ ոչ մի պատասխանատվության չեն ենթարկի իրեն: Լավ, ասենք ինքը գիժ է, բա ժողովո՛ւրդ, դուք է՞լ եք գիժ, որ չեք կարողանում առաջն առնել:
- Բայց չէ՞որ ժողովրդի մի մասը մտածում է` գյուղերը հանձնենք, որ պատերազմ չլինի:
-Նախեւառաջ, ինքն է ժողովրդին հավատացնում, որ գյուղերը հանձնեն, լավ կլինի, հանգիստ կապրենք: Արցախի համար էլ էին ասում` Արցախը տանք, հանգիստ կապրենք: Արցախը տվեցին, հիմա ինչո՞ւ հանգիստ չեն ապրում: Այդպես շարունակ հիմա էլ Հայաստանից են մաս- մաս տալու:
- Միայնակ դուրս եք ելել պայքարի, իսկ ո՞ւր են մեր մյուս արվեստագետները, մտավորականները:
- Ցավ եմ ապրում, որ նրանց չեմ տեսնում պայքարի մեջ: Ազգի սերուցքը դա մտավորականությունն է, բայց այսօր նրանց կողմից քար լռություն է: Եթե ոտքի կանգնեն, ես կարծում եմ, որ անմիջապես իրեն գահընկեց կանեն: Այսօր Սփյուռքը լուռ է: Այն, որ 2018 թվականին ոտքի էր կանգնել, նրան էր ընտրում, հիմա հայրենիքն է կործանվում, ինչո՞ւ է լռում: Մարդկանց էլ որ խոսեցնում ես, ասում են` նախկիններն են մեղավոր: Չեն գիտակցում, որ մենք հիմա ապրում ենք նախկինների կառուցած երկրում:
- Հաճախակի են վկայակոչում նախկինների թալանը: Արդյո՞ք այսօր թալանչիներ չկան:
- Գողը մատնացույց է անում դիմացինին, ասելով` նա է գողը, որ այդ «գողի» հետեւից վազեն, եւ իսկական գողի ճամփեն բացվի, որ իրեն չբռնեն: Ցավոք, նա կարողանում է իր ստերով հավատացնել թույլ կամքի տեր մարդկանց:
- Ճանապարհ փակելու միջոցով պայքար ըստ Ձեզ որքանո՞վ է արդյունավետ:
- Ինչո՞ւ են ճանապարհ փակում: Նախ` իրենց ընտրածն է: Տավուշի մարզի ժողովրդի մեծամասնությունը նրան է ընտրել: Եկել է այս պահը, ու արդեն որոշել են, որ իրեն չեն ընդունում: Հասարակ մարդկանց ճանապարհն ինչո՞ւ են փակում: Նրա՞նք են հողերը հանձնում: Հողատուն այստեղ նստած` գնացել միջպետական ճանապարհն են փակում:
- Հայաստանյան եկեղեցու դեմ դուրս գալը, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված:
- Եկեղեցու դեմ են դւրս եկել, որպեսզի եկեղեցին ոչնչացնեն, բոլոր տվյալները ոչնչացնեն: Եթե հողերն ադրբեջանական են, յոթերորդ դարի հայկական եկեղեցին ինչպե՞ս կարող էր ադրբեջանական հողում լինել, եթե Ադրբեջանն ընդամենը հարյուր տարվա պետություն է: Ոսկեպարի յոթերորդ դարի եկեղեցին տեսնելով` ո՞նց կարելի է ասել, որ դրանք ադրբեջանական հողեր են, գյուղեր են: Եվ մարդկանց էլ համոզել, որ ադրբեջանական հողեր են: Մեր պատմաբանները, գիտնականները, մտավորականները ինչո՞ւ են պապանձվել ու չեն խոսում: Ո՞ւր եք գիտնականներ, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, արվեստագետներ, վաստակավոր ու ժողովրդական արտիստներ: Եթե այսօր չեք խոսում, դուք էլ ո՞ւմ եք պետք լինելու հետո առանց հայրենիքի: Ես ուղղակի ամոթից խելագարվում եմ, տեսնելով, թե ոնց են հանդուրժում այդ տականքին:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ