«Խաղաղության խաչմերուկի» գաղափարը հիմարություն է. Աղասի Ենոքյան
ՆերքաղաքականԸստ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, «Ազատություն» ռադիոկայանի ՀՀ մասնաճյուղի նախկին ղեկավար, քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ` եթե խաղաղության պայմանագիր կնքվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինքնին անհեթեթություն է, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ չի հայտարարվել, որ դրա ավարտի համար խաղաղության պայմանագիր կնքվի:
— Կա երկու կարեւոր հարց. մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է` այդ խաղաղության պայմանագրով «անկլավները» պետք է տրվեն Ադրբեջանին: Եթե տրվում են Ադրբեջանին, այնտեղ լինելու են ռազմական, ահաբեկչական բազաներ, խաղաղ բնակչություն չի լինելու: Սա ինքնին բերելու է մշտնջենական պատերազմի: Նույնը Մեղրիի միջանցքի հետ կապված: Այն, ինչ այսօր է երեւում, այդ միջանցքը չի լինելու Հայաստանի վերահսկողության տակ, ինչքան էլ Փաշինյանը խոսի սուվերենությունից: Միջանցքը լինելու է այնտեղ, որտեղ այսօր կանգնած են ռուս սահմանապահները, ուրեմն` լինելու է իրենց վերահսկողության տակ: Մենք տեսնելու ենք, թե ինչպես է այդ միջանցքով տանկեր, հրթիռներ անցնում Թուրքիայից Ադրբեջան եւ ոչինչ չենք կարողանալու անել: Դա ամենեւին չի նպաստում խաղաղությանը: Ընդհանրապես, այդ «խաղաղության խաչմերուկի» գաղափարը հիմարություն է: Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում եղած գործիքներով այստեղ խաղաղության հաստատելն անհնար է: