Արցախցիները միավորվում են
Ներքաղաքական
Երեւանում տեղի է ունեցել Արցախի «Վերադարձ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը, որը կմիավորի Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքացիների ջանքերը՝ լուծելու համար մշտական բնակության վայրերից բռնի տեղահանված Արցախի բնակչության բազմաթիվ խնդիրները: Նորաստեղծ կազմակերպության հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում արցախցի հայրենակիցների ժամանակավոր տեղավորմանը եւ հետագայում նրանց հայրենադարձությանը:
«Վերադարձ» կազմակերպության հիմնադիրներն են․
1. Էդուարդ Պոլատով (Պոլատիդիս), Հայաստանի հույների «Պատրիդա» եւ «Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» կազմակերպությունների նախագահ;
2. Սեմյոն Բաբայան, «Հանրային ազդարար» հասարակական կազմակերպության նախագահ;
3. Վահրամ Աղաջանյան, «Երրորդ Ուժ Պլյուս» թերթի գլխավոր խմբագիր;
4. Գեորգի Ղազարյան, «Ռազմաճակատային լրագրողների լիգա» հասարակական կազմակերպության համակարգող;
5. Բորիս Մեժլումյան, փոխգնդապետ, պատերազմի վետերան;
6. Հրանտ Հայրիյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գրող;
7. Անահիտ Մարտիրոսյան, փոխգնդապետ, պատերազմի վետերան;
8. Սուսաննա Աղաջանյան, Արցախի Հանրապետության Մշակույթի վաստակավոր գործիչ, ուսուցիչ;
Նոր կազմակերպության ղեկավար է ընտրվել «Երրորդ Ուժ Պլյուս» թերթի խմբագիր Վահրամ Աղաջանյանը: «Վերադարձի» հիմնադիրները հույս ունեն, որ կազմակերպության ստեղծումը թույլ կտա ձեւավորել Արցախի բնակիչների խնդիրների լուծման միասնական համաձայնեցված քաղաքականություն՝ հաշվի առնելով արցախյան հասարակության բոլոր շերտերի կարծիքներն ու դիրքորոշումը: Հիմնադիրների համոզմամբ, դա կբարձրացնի ներկայումս գործող նույնատիպ բոլոր հասարակական կազմակերպությունների եւ միավորումների արդյունավետությունը, որոնց միավորում է վերադարձի համազգային գաղափարը: