Բաց չթողնեք ապրելու եւ ապրեցնելու մենահամերգը. Պարի պետական անսամբլը 65 տարեկան է
Մշակութային2023-ը հոբելյանական տարի է պարային լեգենդար համույթի, անվանի ու ճանաչված Պարի Պետական անսամբլի համար։ Իսկ ահա Պարի պետական անսամբլն իր 65 ամյակի մեծ մենահամերգին սկսել էր նախապատրաստվել շրջագայություններով, այսպես ասած՝ անձամբ հրավիրելու դեկտեմբերի 28-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալիք մեծ, մասշտաբային, ժամանակակից լուծումներով մենահամերգին։
Պետք է նշել, որ անսամբլի նոր ղեկավար՝ Ասատուր Քալաշյանի նշանակումից հետո՝ երիտասարդական, թարմ ու նոր լիցք է հաղորդվել, որի շնորհիվ արդիականացվել է Պարի պետականի նվագախումբը (ժողգործիքներին ավելացել են թավջութակ, կոնտրաբաս ու հարվածայիններ), Ռուբինէ Հովհաննիսյանի կողմից արվել են նոր էսքիզներ, որոնց հիման վրա կարվել են նոր տարազներ եւ վերջապես նոր բեմադրություններ, վերականգնվել 50 տարուց ավելի բեմ չբարձրացած համարներ, որտեղ մեծ ջիգերի իր բաժինն ունի ինչպես բալետմասյտեր Աննա Քալաշյանը, այնպես էլ դասական պարի փորձավար Անահիտ Բադալյանը։
Միայն այս ամենը արդեն խոսուն է, կանչող, որպեսզի հին ու նոր հանդիսականը ներկա գտնվի դեկտեմբերի 28-ին օպերայի եւ բալետի թատրնում կայանալիք մեծ մենահամերգին, որի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը։ Երաժշտական մասի ղեկավարն է Հայկ Գրիգորյանը, բալետմաստերը՝ Աննա Քալաշյանը, գլխավոր բալետմայստերը Ասատուր Քալաշյանը։
Ինչպես ինքը՝ Պարի պետական անսամբլն է ասում՝ «բաց չթողնեք ապրելու եւ ապրեցնելու մենահամերգը» դեկտեմբերի 28-ին, ժամը՝ 19։00-ին, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։