«Աստղիկ» բկ-ում հնարավոր է կանխել կամ գոնե դանդաղեցնել տեսողության վատթարացումը
ՏեսանյութերԳլաուկոման աչքի հիվանդություն է, որը վնասում է տեսանյարդը եւ տանում անդառնալի կուրացման, որո՞նք են դանդաղ զարգացող եւ աննկատ կուրացման հանգեցնող հիվանդության առաջացման եւ զարգացման պատճառները, ինչ ախտանշաններով է այն դրսեւորվում, բուժվում է արդյոք, այս եւ գլաուկումայի անդառնալի հետեւանքների մասին զրուցել ենք «ԱՍՏՂԻԿ» բկ-ի ակնաբուժական բաժանմունքի բժիշկ-ակնաբույժ ՍՈՒՍԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎՆԱՅԻ հետ, ով նախ սահմանեց, թե ինչ պաթոլոգիա է ինքը` գլաուկոման.
Առաջացման եւ զարգացման պատճառները
- Գլաուկոմայի առաջացման մի շարք պատճառներից ամենագլխավորն ու վտանգավորը աչքի ճնշումն է: Ապա ռիսկային խմբում են գտնվում դիբետով, նյարդային ու սրտային հիվանդություններով, ինչպես նաեւ աչքի տրամվա կամ բորբոքային խնդիրներ ունեցող մարդիկ: Աչքի այս հիվանդության առաջացման դեպքում մեծ է նաեւ գենետիկական գործոնը: Հատկապես բաց անկյուն գլաուկոման կապված է գենետիկ մուտացիաների հետ:
Գլաուկոմայի ախտանշանները
- Սա դանդաղ զարգացող հիվանդություն է, որն աննկատ բերում է կուրացման: Այդ իսկ պատճառով, գլաուկոման անվանում են «տեսողության գող»: Բաց անկյուն գլաուկոմայի դեպքում աչքի ցավեր եւ այլ նկատելի նշաններ չեն լինում, ուստի ռիսկային խմբի մարդիկ պետք է պարբերաբար ստուգումներ անցնեն: Բաց անկյուն գլաուկոմայի առաջացման նշաններն են տեսադաշտի կորուստը եւ տեսողական նյարդի փոփոխությունը: Իսկ փակ գլաուկոմայի դեպքում լինում են աչքի սուր ցավեր, կարմրություն, գլխացավ, սրտխառնոց եւ փսխում, աչքի բարձր ճնշում եւ տեսողության վատացում:
Ի՞նչ անել աչքի բարձր ճնշման դեպքում
- Գլաուկոմայի գլխավոր ախտանիշը աչքի բարձր ճնշումն է: Իսկ վերջինս առաջանում է աչքի հեղուկի դժվարացած արտահոսքի պատճառով, երբ այն կուտակվում է եւ հանգեցնում աչքի ճնշման: Դրա արդյունքում մարդու տեսողությունը գնալով վատթարանում է եւ ապա հանգեցնում կուրության: Աչքերի խնձորակի ցավը, գլխացավը եւ գլխապտույտը շատ լուրջ ու հիմնավոր ախտանիշներ են ակնաբույժի դիմելու համար, որպեսզի հնարավորություն լինի արագ կանխելու հիվանդության զարգացումը: Բուժմանը զուգահեռ բժիշկը նաեւ կտեղեկացնի ֆիզիկական եւ սննդակարգում մտցվող անհրաժեշտ սահմանափակումների մասին:
Ինչպե՞ս բուժել գլաուկոման
- Ներկայումս գլաուկոմայի հիմնական բուժում, որպես այդպիսին, դեռ չկա: Պարզապես պահպանվում է հիվանդի տեսողությունը՝ նրա կյանքի որակի բարելավելու նպատակով: Ճիշտ ախտորոշումից հետո դեղորայքային եւ վիրաբուժական մեթոդներով այսօր աշխարհում եւ Հայստանում` մասնավորապես «Աստղիկ» բկ-ում գերժամանակակից սարքավորումներով կատարվող վիրահատությունների շնորհիվ հնարավոր է կանխել կամ գոնե դանդաղեցնել տեսողության վատթարացումը:
Ամբողջական զրույցը դիտեք «Իրավունք TV» եւ CV-TV յութուբյան ալիքներում: