Մենակ թողնել տավուշցիներին` ուղղակի դավաճանություն է. Նաիրա Զոհրաբյան
Ներքաղաքական«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ գնահատմամբ` Տավուշում պատերազմ է հասունանում:
— Նիկոլ Փաշինյանը Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղեր գնաց` մարդկանց ասելու, որ կա՛մ խելոք կհամաձայնեք հանձնել այդ տարածքները՝ բնակավայրերը, գյուղերը, որոնք Հայաստանի անվտանգության գոտին են, կա՛մ շաբաթվա վերջում Ադրբեջանը պատերազմ է սկսելու: Հայտարարեց, որ Թուրքիան էլ հարձակվելու է Արմավիրից: Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, 48 ժամվա ընթացքում եթե մենք չհանձնենք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից այդ բնակավայրերը, Ադրբեջանը սկսելու է պատերազմ: Դուք պատկերացնո՞ւմ եք, մեզ պատերազմով սպառնում է ոչ թե Ալիեւը կամ Էրդողանը, այլ` ՀՀ դե յուրե ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Վաղն էլ ասելու է` Իջեւանը պիտի տանք, որովհետեւ վտանգի տակ է Երեւանը, Ալավերդին պիտի տանք, Նոյեմբերյանը, Վանաձորը… Ես տեղյակ եմ, որ հիմա Բաղանիսում, Ոսկեպարում, Կիրանցում ինքնապաշտպանական ջոկատներ են ձեւավորվում: Սեփական հայրենիքը, սահմանը, հողը մարդիկ պաշտպանում են իրականում Նիկոլից, որովհետեւ պաշտպանել Ալիեւից, նշանակում է պաշտպանել նույն Հայաստանի իշխանությունից, որն ասում է՝ մենք բանակ չունենք: Այսպիսի բան աշխարհում չկա, որ երկրի ղեկավարն ասի` ես բանակին արգելել եմ պաշտպանել մեր հայրենիքը: Իսկ հայրենիքը պաշտպանելու ֆունկցիան իրենց վրա վերցնեն Տավուշի բնակիչները: Այնպես որ, հիմա մենակ թողնել տավուշցիներին` ուղղակի դավաճանություն է: Հայաստանից ամեն մի տարածք հանձնվելով՝ հանձնվում է մեզնից յուրաքանչյուրի տունը: