Մեր ամբողջ ազգը չգիտի այն պարզ ճշմարտությունը, որ ԼՂ միջազգային իրավունքով չի պատկանում Ադրբեջանին. Մանասյան
Ներքաղաքական«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ:
«ԸՆՏՐԵՑԻՆՔ ՄԻ ՄԱՐԴՈՒ, ՈՎ ԵԿԵԼ ԷՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՄԱՆ ԱԼԻՔԻ ՎՐԱ, ԲԱՅՑ ԻՆՔԸ ՄԻԱՑՄԱՆԸ ԴԵՄ ԷՐ»
— Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնում են, մյուս կողմից էլ խոսում է պատերազմի հավանականության մասին, մի՞թե Փաշինյանը «վախեցնում է» մարդկանց աչքը ՝ նորանոր զիջումների գնալու համար, եւ մյուս կողմից էլ, արդյո՞ք միտումնավոր փորձում է խաղադաշտից հանել ՀԱՊԿ-ին:
— Կա մի բանաձեւ, որին ես անդրադարձել եմ մի քանի անգամ, դա այն է, որ դիվանագիտությունը տրված չէ թշնամիներ վաստակելու համար: Իհարկե, լինում են բարդ իրավիճակներ բոլոր պետությունների համար: Եվ ելքից դուրս գալու քայլերը չպետք է լինեն կա՛մ ջղաձգային, կա՛մ խելոք, դրանք պետք է իմաստուն լինեն: Ես կարծում եմ, որ մեր քաղաքականությանն այդ իմաստությունը պակասում է շատ երկար տարիներ, ընդհանրապես ի հավելում դրան՝ պետք է ասեմ, որ մենք ազգովի ունենք քաղաքական հասունության կարիք: Որպես օրինակ, ես բերել եմ այն, որ մենք առաջին նախագահ ընտրեցինք մի մարդու, ով եկել էր իշխանության միացման ալիքի վրա, բայց ինքը միացմանը դեմ էր (նկատի ունի Լ. Տեր-Պետրոսյանին, - խմբ.), դա իմանալով նրան ընտրել ենք նախագահ, սա շատ խոսուն փաստ է, որ մենք ունենք հասունանալու կարիք: Ձեր նշած վերջին փաստերը վկայում են այն մասին, որ ոչ հասուն լինելը շարունակում է դրսեւորումներ ունենալ: Կարելի է քայլեր ձեռնարկել, բայց մեր տարածաշրջանում, մեր նման երկրների համար կտրուկ քայլեր չի կարելի անել: Որ կողմի վրա թեքվես, մյուս կողմը քեզ ընդունելու է թշնամի: Իհարկե, Ռուսաստանի վարքը 44-օրյա պատերազմից հետո շատ բան է թույլ տալիս ասելու, բայց դա պետք է ասվի դիպուկ եւ պետք է ասվի այնպես, որպեսզի կամուրջները չայրվեն: Դիվանագիտական նրբանկատությունը պահանջում է որոշակի լեզու, արտասանության որոշակի ձեւ: Կան ճշմարտություններ, որոնք կարելի է ասել, բայց նպատակահարամար չէ, որ մենք ասենք: Տարիներ շարունակ մենք չկարողացանք ասել, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով Ադրբեջանին չի պատկանում, այս միտքը եթե մենք նպատակահարմար չէինք գտնում ինքներս ասել, պետք է մեր բարեկամներին խնդրեինք, որ ասեին: Շատերը դրա մասին չգիտեին: Հիմա եթե հարաբերությունները փչացնում ես ու շարունակում ես էլ ավելի փչացնել աշխարհաքաղաքական ամենավտանգավոր գոտիներից մեկում, դա չի խոսում այն մասին, որ կատարված քայլերը ճիշտ էին: Իհարկե, մենք կարող ենք ասել, որ Ֆրանսիայից զենք ենք առնում ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ մեզ համար ենք առնում, մեր ինքնապաշտպանության համար, որովհետեւ Ադրբեջանն անընդհատ սպառնում է: Այ, այդ ձեւակերպմամբ մենք կարող ենք ասել, որ մնում ենք Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: Մեզանում պակասում է, մենք դեռ չունենք այդ բանաձեւերի մշակման ինստիտուտը, ում խելքը ինչ կտրում է, ասում է: Կենտրոն է պետք դրա համար: Առաջին դեմքերի կողմից հնչեցված արտահայտությունները նախապես մշակված են լինում եւ ոչ թե հանպատրաստից: Տեսեք, մեր ղեկավարները, մեկը մյուսից տարբեր բաներ են ասում: Մի հոգի է, որ միշտ նույն բանն է ասել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին պետք է տալ, դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Հիմա էլ ահա այս մեկը: Երկրոդ ձեւակերպումը, որ առաջին նախագահից անցել է այսօրվա վարչապետին, այն է, որ մեր դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանն, այլ միջազգային հանրությունը, մենք դեմ ենք դուրս գալիս ոչ թե Ադրբեջանին, այլ միջազգային հանրությանը: Բայց դա ճիշտ չէ:
— Իսկ իրականությունը ո՞րն է:
— Միջազգային հանրությունը Լիսաբոնում առաջարկում էր Ղարաբաղի ինքնավարության ամենաբարձր մակարդակը, իսկ դա առեւտրի թեմա էր բացում մեզ համար, ամենաբարձր մակարդակը կարող էր լիներ համադաշնությունը, դաշնությունը, եւ երկար տարիներ կարող էին բանավեճերը այդ հունով գնալ, թե ո՞րն է լինելու այդ ամենաբարձր մակարդակը: Հիմա ինքը ասում է, թե Լիսաբոնում միջազգային հանրությունը միանշանակ որոշել է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, բայց դա այսպես չէ:
«ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎՈՒՄ ԱՍԵԼ, ԹՈՂ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՍԻ»
— Պարոն Մանասյան, իսկ այս պահին որքանո՞վ է հավանական պատերազմը:
— Ոչ ոք չի կարող ասել՝ պատերազմ կլինի՞, թե՞ ոչ: Միջազգային հարաբերությունները մտել են այնպիսի մի փուլ, երբ կանխորոշումներ անելը շատ անշնորհակալ գործ է: Շնորհակալ գործն այն է, որ մենք մեզ հավաքենք, որ մենք պառակտված չլինենք ներսում: Կան որոշ բանաձեւեր, որոնց շուրջ մենք կարող ենք ազգային համաձայնության գալ, կան հասարակ լավ դրույթներ: Այդ դրույթներից մեկը ես ասացի, դա այն է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով չի պատկանում Ադրբեջանին, բայց եթե նույնիսկ իշխանությունները չեն համարձակվում դա ասել, թող հանրությունը ասի:
— Միգուցե ոչ թե իշխանությունները չեն համարձակվում ասել, այլ չե՞ն ցանկանում, դուք այստեղ միտում չե՞ք տեսնում:
— Թող նույնիսկ չցանկանան, բայց հանրությունը պե՞տք է դրա շուրջ համախմբվի, հասարակական կազմակերպություններ կան, կուսակցություններ կան, ընդդիմությունը, հո կարո՞ղ են դրա շուրջ համախմբվել, չկա մեզ մոտ այդ մշակույթը, բայց այսօր մենք այդ մշակույթի ձեւավորման ամենապատասխանատու փուլում ենք: Բանաձեւեր կան, որոնք անվիճելի են, ո՞վ կարող է, եթե ճիշտ է դատում, ժխտել այն, որ միջազգային իրավունքով Լեռնային Ղարաբաղը չի պատկանում ադրբեջանական հանրապետությանը: Ո՞վ կարող է դեմ դուրս գալ նրան, որ մեր ազգային քրիստոնեական առաջին կոթողներին պետք է տեր կանգնենք, պետք է բողոքենք դրանց ոչնչացման դեմ, իհարկե, ՔՊ-ականներին կարող եմ դուրս թողնել այդ շարքից: Կամ ո՞վ կարող է դեմ դուրս գալ այն բանին, որ այդ քարտեզները հիմքեր ունեն իրավական, ինչո՞ւ ենք մենք իրավունքը դուրս թողնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կոնտեքստից: Ես հիշում եմ մի այսպիսի օրինակ. մոսկովյան ալիքներից մեկով հաղորդում էր, որին մասնակցում ին հայ ու ադրբեջանցի փորձագետներ: Ադրբեջանցին ասում է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, որովհետեւ Կոմբյուրոյի որոշման մեջ գրված է՝ թողնել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական Խորհրդային Հանրապետության կազմում, այդ ընթացքում մեր փորձագետը լռում է, չի ասում, որ այդ փաստաթուղթը չի էլ ընդունվել: Եթե նույնիսկ անտեսենք, որ Կոմբյուրոն այդպիսի փաստաթուղթ ընդունելու լիազորություն չի ունեցել, գոնե պետք է ասվեր, որ այդ փաստաթուղթը չի էլ ընդունվել, որովհետեւ չի դրվել քննարկման ու քվեարկության: Ստալինը կարդացել է որոշումը եւ հեռացել է, շեշտում եմ՝ չի ընդունվել այդ որոշումը, եւ մեր ամբողջ ազգը դա չի ընդունել, մեր ամբողջ ազգը չգիտի այն պարզ ճշմարտությունը, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով չի պատկանում Ադրբեջանին:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ