«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները»`ներկայացվել է 32 ժամկետային դիրքապահների հայրենանվեր առաքելությունը
Արխիվ 16-20Երեկ Արցախի պետական համալսարանում կայացել է ՀՐԱՅՐ ՓԱՇԱՅԱՆԻ «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» գրքի շնորհանդեսը:
Գրքում ներկայացված են Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից 32 ժամկետային դիրքապահ զինվորների հայրենանվեր առաքելությունը, կյանքի ու մահվան սահմանագծում նրանց պատրաստակամությունը` պարտականությունները պատվով կատարելու, հայրենիքի սահմաններն անառիկ, իսկ հարազատների անդորրն անխախտ պահելու մասին հոդվածներ:
Գրքի շնորհանդեսի ներկաներին ողջունել եւ գրքի հեղինակի կատարած աշխատանքը արժեւորել է ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը.«Ուշագրավ աշխատանք է կատարել Հրայր Փաշայանը` իր գրքի միակ հերոսը դարձնելով Արցախի Պաշտպանության բանակի դիրքապահ զինվորին: 18-20 տարեկան այն պատանուն, ով իր վրա կրեց 2016 թ. ապրիլին նենգ հակառակորդի նախահարձակ գործողությունները եւ առաջխաղացումը կանխելու ողջ պատասխանատվությունը: Հեղինակը շնորհակալ գործ է կատարել` պատմության հիշողությանը հանձնելով այն տղաների կատարած սխրանքը, ովքեր ամեն օր, ամեն վայրկյան աչալուրջ հսկում են մեր Հայրենիքի սահմանները: Հ. Փաշայանն ընտրել է հայ զինվորի փառքն ու պատիվը բարձր պահելու առաքելությունը, որի առհավատչյան այս գիրքն է»,-ասել է Վ. Յարամիշյանը:
«Ինչպես ցույց են տալիս զինծառայողների հետ ունեցած զրույցներն ու բոլոր ժամանակների ռազմարվեստի պատմության վերլուծությունները, բացի զենքից ու զինամթերքից, հաջողության հասնելու նախապայմաններից մեկն էլ մշտապես բարձր բարոյահոգեբանական որակներ ունեցող հայրենյաց պաշտպաններ ունենալն է: Ունենալով սահմանափակ մարդկային ռեսուրսներ` մենք դատապարտված ենք առաջնորդվել փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու մարտավարությամբ: Այս գիքրը դրվատանք է` ուղղված դիրքապահ հայ զինվորին»,-իր խոսքում նշել գքրի հեղինակ Հ. Փաշայանը` շնորհակալություն հայտնելով գրքի տպագրության աշխատանքներում իրեն աջակցողներին, բանախոսներին: Շնորհանդեսի ընթացքում հեղինակը պատասխանել է ուսանողների հարցերին եւ հեղինակային ընծայագրով գրքեր նվիրել նրանց:
Հավելենք, որ գիրքը հրատարակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: