Մոլորակի լավագույն սոպրանոներից մեկը` Վերոնիկա Ջիոեւան Երեւանում
Մշակութային«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին, ժամը՝ 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան), ելույթ կունենա «օպերային դիվա» Վերոնիկա Ջիոեւան:
Կհնչեն արիաներ հայտնի օպերաներից: Վերոնիկա Ջիոևան մոլորակի լավագույն սոպրանոներից է, որին քննադատներն անվանում են «օպերային դիվա», «աստվածատուր ձայնով օժտված երգչուհի», որն իր ներդաշնակ եւ խարիզմատիկ երգեցողությամբ պարզապես կախարդում է հանդիսատեսին։ Անզուգական ձայնի եւ արտիստիկության շնորհիվ 2022 թ. Ցյուրիխում բեմադրված Վերդիի «Մակբեթ» օպերայում Լեդի Մակբեթի դերում նրա դեբյուտը երաժշտական քննադատները պարզապես «սենսացիա» են անվանել:
Լինելով Ռուսաստանի Մեծ թատրոնի, Մարիինյան եւ Միխայլովսկու թատրոնների հրավիրյալ մեներգչուհի, նա ելույթներ է ունենում Վերոնայի ֆիլհարմոնիկ, Մադրիդի թագավորական, Ժնեւի Մեծ եւ Բրյուսելի «La Monnaie» թատրոնների, Համբուրգի պետական, Ցյուրիխի, Ֆինլանդիայի ազգային եւ այլ օպերաների հետ: Վերոնիկա Ջիոեւան համագործակցում է նաեւ այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիեւը, Թրեւոր Պիննոքը, Ինգո Մեցմախերը, Հարթմուտ Հենչենը, Ռոդիոն Շչեդրինը, Սիմոնե Յանգը, Պիտեր Սելլարս, Պակո Ազորին եւ ուրիշներ։