«Ռուսաստան-Թուրքիա նմանատիպ հարաբերությունները Հայաստանի հետ քիչ առնչություն ունեն». թուրքագետ
Արխիվ 16-20Ապրիլի 4-ին Անկարայում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Թեեւ գլխավոր նպատակը Սիրիայի հարցի քննարկումն էր, սակայն, ըստ փորձագետների, ՌԴ նախագահի այցը վկայում է, որ ռուս-թուրքական հարաբերությունները ջերմանում են: Ինչ ազդեցություն կարող է դա ունենալ Հայաստանի եւ հարավկովկասյան տարածաշրջանի վրա:
Թուրքագետ ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Վ. Պուտինի Թուրքիա կատարած այցին, փաստեց, որ ՌԴ նախագահի այս այցը որեւէ կերպ չի կարող տարբերվել մյուս այցերից, քանի որ ներկայումս ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են բավականին ընդլայնված, մասնավորապես` երկկողմ տնտեսական շահերի փուլում.«Խոսքն առաջին հերթին վերաբերում է Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվելիք ատոմակայաններին, «Թուրքական հոսք» գազատարին եւ Սեւ ծովի տակով անցնող «Կապույտ հոսք» գազատարին, որտեղով Ռուսաստանից դեպի Թուրքիա բավականին մեծ քանակով գազ է արտահանվում: C-400 համակարգերի գնման խնդիրն էլ կա, եւ այս առումով կարող ենք ասել, որ Վ. Պուտինի այցը Թուրքիա կրում է բավականին հագեցած բնույթ: Ինչ վերաբերում է Սիրիայի հարցին, ապա Էրդողանի գործողությունները Սիրիայում միանշանակ գերտերությունների կողմից դատապարտվում են: Սակայն այս հարցում Էրդողանը բավականին սկզբունքային է եւ, ամենայն հավանականությամբ` որեւէ զիջումների չի գնա: Իմ կարծիքով` Ռուսաստան-Թուրքիա նմանատիպ հարաբերությունները Հայաստանի հետ քիչ առնչություն ունեն, եւ այս տեսանկյունից կարող ենք վստահաբար ասել, որ որեւէ կերպ Հայաստանի վրա չեն անդրադառնա»,-եզրափակեց թուրքագետը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ