ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ բնակիչները սովորել են ավելի լավ դիմակայել ֆինանսական շոկերին

02.03.2018 11:14 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ բնակիչները սովորել են ավելի լավ դիմակայել ֆինանսական շոկերին

Ֆինանսական բարեկեցության հիմնական գրավականը սեփական միջոցների գրագետ կառավարումն է: Հենց այդ նպատակներին է ուղղված Սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի աշխատանքը: Կենտրոնն ավելի քան 10 տարի ակտիվորեն զբաղվում է ֆինանսական կրթությունը լայն զանգվածներին հասանելի դարձնելու գործով: Արդյունքները տպավորիչ են` 20 տոկոսով բարձրացել է քաղաքացիների` ֆինանսական շոկերին դիմակայելու կարողությունը, դա նշանակում է, որ տնտեսական ճգնաժամի դեպքում նրանք կկարողանան ճիշտ կառավարել իրենց միջոցները եւ չհայտնվել ֆինանսական բարդ վիճակում: Բացի այդ, Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ֆինանսական կրթության ոլորտում եւ առաջիններից մեկն է ԱՊՀ երկրների եւ մի շարք եվրոպական երկրների թվում այն ինտեգրել հանրակրթական դպրոցական ծրագրում:
Թե ինչ քայլեր են արդեն իրականացվել եւ ինչ է ծրագրվում անել այդ ոլորտում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում պատմեց Հայաստանի Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԿՐՏՉՅԱՆԸ:

«Ռուզան Ասատրյանը պարգեւատրվեց «Դիցամայր Անահիտ» շքանշանով»

Հայաստանի Կենտրոնական բանկն արդեն առաջին տարին չէ, որ անցկացնում է բնակչության ֆինանսական կրթման ծրագիրը: Ինչպե՞ս եք գնահատում կատարված աշխատանքի արդյունքները, հատկապես վերջին տարում: Ի՞նչ հաջողություններ են գրանցվել:
- Հայաստանի Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնը սկսել է ֆինանսական կրթման ծրագրեր անցկացնել 2007 թվականից: Արդեն այսօր կարելի է խոսել հստակ արդյունքների եւ նշանակալի նախագծերի մասին: Ֆինանսական կրթման ծրագրերի շնորհիվ գյուղական շրջաններում բնակիչների ֆինանսական կայունության մակարդակը բարձրացել է 20 տոկոսով` 50,1 տոկոսից մինչեւ 70,6 տոկոս: Դա նշանակում է, որ ֆինանսական շոկերի դեպքում անցկացված ծրագրերի շրջանակում համապատասխան պատրաստվածություն անցած անձինք 20 տոկոսով ավելի կայուն եւ վստահ կկարողանան ապահովել իրենց ֆինանսական կայունությունը:
Մենք արդեն բավականին փորձառու ենք` դպրոցներում ներդնում ենք ֆինանսական կրթման ծրագիր: Այս տարի Կրթության եւ գիտության նախարարության գործակցությամբ անցկացվում է պիլոտային ծրագիր, որը կտեւի մինչեւ 2018թվականի մայիս, իսկ արդեն նոր ուսումնական տարվանից ծրագիրն աստիճանաբար կներդրվի որպես պարտադիր առարկա բոլոր դպրոցներում: Դա կարելի է լուրջ հաջողություն համարել, քանի որ աշխարհում քիչ են այն երկրները, որտեղ դպրոցական նստարանից երեխաներին ֆինանսապես կրթում են:
Տվյալ ոլորտի կարգավորման տեսանկյունից Հայաստանն առաջատար դիրքում է միջազգային ասպարեզում եւ իր փորձը ներկայացնում է մյուս երկրներին: Կենտրոնի բարձր ակտիվության մասին է խոսում նաեւ այն փաստը, որ այսօր մենք ունենք 30 մշտական գործընկերներ: Անշուշտ, դեռ անելիք ունենք, իսկ ծրագրային նպատականշված ցուցանիշներին հասնելու համար կպահանջվի առնվազն 10 տարի:

Իսկ որո՞նք են ձեր ծրագրում նշված հիմնական ցուցանիշները եւ ի՞նչ արդյունքների եք մտադիր հասնել:
Ազգային ռազմավարության համաձայն, Հայաստանի բնակչության մոտ 90-95 տոկոսը պետք է տիրապետի ֆինանսական կրթության հիմունքներին: Մեր աշխարհը սրընթաց ընդլայնվում է, նոր տեխնոլոգիաներ են ստեղծվում, օրինակ, կրիպտոարժույթները եւ այլն, ինչը դուրս է գալիս հայկական օրենսդրության կարգավորման շրջանակներից: Մարդիկ պետք է պատրաստ լինեն այդ ամենին: Մենք նաեւ ցանկանում ենք, որ մեր քաղաքացիները կարողանան պաշտպանել իրենց իրավունքները, եթե դրանք խախտվել են ֆինանսական ծառայություններից օգտվելիս: Առայժմ կարող ենք խոսել միայն 60 տոկոսի մասին:
Մեր ցանկությունն է, որ Հայաստանի բնակիչները կարողանան սեփական ֆինանսների երկարաժամկետ կառավարում իրականացնել: Այս պահին այդ ցուցանիշը կազմում է 25-30 տոկոս, եւ դա մեր ամենացավոտ կետն է ու ամենացածր ցուցանիշը: Այսօրվա դրությամբ ֆինանսական հնարավորությունների ցուցիչը կազմում է 44 տոկոս, իսկ մենք ձգտում ենք 100 տոկոսի եւ մտադիր ենք բնակչության մոտ ձեւավորել բազային ֆինանսական գիտելիքներ: Դա չի նշանակում, որ նրանք կդառնան պրոֆեսիոնալ ֆինանսիստներ կամ տնտեսագետներ, այլ պարզապես կկարողանան լուծել ֆինանսական խնդիրները, ապահովել իրենց ֆինանսական անվտանգությունը եւ չեն դառնա խարդախների զոհ:

Ֆինանսական ի՞նչ խնդիրների հետ են ամենից հաճախ բախվում Հայաստանի բնակիչները:
Առավել հաճախ հանդիպող խնդիրների թվում վարկի երաշխավորումն է: Այդ ծառայության բոլոր հանգամանքներին ծանոթ չլինելը հանգեցնում է նրան, որ բազմաթիվ երաշխավորներ հետագայում ստիպված են լինում մարել վարկը վարկառուի փոխարեն: Երկրորդ լուրջ խնդիրը բարձր տոկոսադրույքներով վարկերի ներգրավումն է, ինչը վարկային միջոցներ ներգրավելուց առաջ շուկան մշտադիտարկելու պատրաստակամության բացակայությունն է:
Ընդ որում, առավել սուր է այդ խնդիրը գյուղական շրջաններում, որտեղ բնակիչները վարկեր վերցնելուց առաջ չեն ուսումնասիրում շուկան, այլ առաջնորդվում են իրենց մտերիմների խորհուրդներով, ովքեր իրենք էլ այդքան էլ գլուխ չեն հանում ֆինանսական հարցերից: Բացի այդ, եթե Երեւանում հեշտությամբ կարելի է ստանալ ամբողջ անհրաժեշտ տեղեկությունը, օրինակ, սոցցանցերի միջոցով, ապա գյուղական վայրերում դա բարդ է: Այդ իսկ պատճառով նրանց տեղեկություն հասցնելու միակ ձեւը տեղերում սեմինարներ անցկացնելն է:Դուք արդեն անդրադարձաք մանկությունից եւ դպրոցական նստարանից ֆինանսական մշակույթ սերմանելու անհրաժեշտության հարցին:
Ինչո՞ւ որոշեցիք Հայաստանում ֆինանսական կրթման գործը սկսել հենց դպրոցներից:
– Դպրոցը ֆունդամենտալ հիմք է: Ինչպես ցույց է տալիս փորձը, ավագ սերունդն ունի իր նախապաշարմունքները, որոնք դժվար է հաղթահարել կարծրատիպերի հետեւանքով: Այդ իսկ պատճառով հարկավոր է սկսել երեխաներից եւ աստիճանաբար անցնել ընտանիքին:
Երեխաները, ստանալով գիտելիքներ, քննարկում են դրանք ծնողների հետ: Օրինակ, որտեղի՞ց է հայտնվում փողը, ինչո՞ւ են ծնողներն աշխատում, ընտանիքում ի՞նչ միջոցներով են ձեռք բերվում իրերն ու նվերները: Հայաստանում ձեւավորված չէ ֆինանսական հարցերի շուրջ երեխաների հետ զրուցելու ավանդույթը: Սակայն ֆինանսները նման են առողջությանը, դրանք ուղեկցում են մեզ վաղ տարիքից մինչեւ կյանքի վերջ: Այդ իսկ պատճառով հարկավոր են հիմնարար գիտելիքներ, եւ պետք է սկսել հենց դպրոցից, որպեսզի երեխաներն արդեն այդ տարիքում հասկանան, որ գլխավորը ոչ թե շատ փող ունենալն է, այլ գիտակցված եւ խելացի որոշումներ կայացնելը, ինչը թույլ կտա երեխաներին սովորել ճիշտ կառավարել սեփական միջոցները, լինել շրջահայաց, խուսափել բազմաթիվ չմտածված քայլերից, որոնց հետեւանքով նրանք կարող են զրկվել ունեցվածքից եւ սնանկանալ:

Այս ուսումնական տարում Հայաստանի մի շարք դպրոցների ծրագրերում ներառվել են ֆինանսական գրագիտության որոշ տարրեր: Ի՞նչ արդյունքներ է գրանցել այս նորամուծությունը, եւ ի՞նչ է ԿԲ-ն մտադիր ձեռնարկել հետագայում այդ ուղղությունը զարգացնելու համար:
Այս տարի մենք 13 դպրոցներում փորձնական նախագիծ ենք իրականացրել: Նախագծին մասնակցում է 46 մանկավարժ, ուսուցումն իրականացվում է 69 դասարաններում, 2-11 դասարանի 1725 դպրոցականների շրջանում: Փորձնական նախագիծը կիրականացվի մինչեւ 2018 թ.-ի մայիս: Կրթական եւ ֆինանսական հատվածների փորձագետներից, մանկավարժներից եւ հոգեբաններից բաղկացած հատուկ աշխատանքային խումբը մշակել է ուսուցողական ծրագրերը, մանկավարժների համար նախատեսված ձեռնարկներն ու մեթոդաբանական նյութերը, որոնցով հիմա աշխատում են դպրոցներում:
Այսօր այդ նյութերը ներառված են մի քանի առարկաների դասագրքերում: Մենք նախապես ուսումնասիրել ենք դպրոցական առարկաների ողջ ցանկն ու ընտրել այն առարկաները, որոնցում առավել հարմար կլիներ ինտեգրել ֆինանսական գրագիտության տարրերը, մասնավորապես` «Ես եւ շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Սոցիոլոգիա»: Ընդ որում` առաջնորդվում էինք այնպիսի սկզբուքնով, որ դասապրոցեսի ողջ ընթացքում հնարավոր լիներ աստիճանաբար ավելացնել գիտելիքների մակարդակը: Մեր խնդիրն այն է, որպեսզի դպրոցն ավարտելուց հետո երեխաները կարողանան գործել ինքնուրույն եւ պատրաստ լինեն լուծել պարզ ֆինանսական խնդիրներն առանց ծնողների օգնության:
Շատ երկրներում նման հարցերում դպրոցի հետ համագործակցելը բավականին բարդ է: Մեզ զգուշացնում էին, որ կարող ենք բախվել լուրջ բարդությունների հետ, այդ թվում` ուսուցիչների պասիվության: Սակայն, ի զարմանս մեզ, ուսուցիչները դրսեւորեցին բավականին բարձր ակտիվություն, դրական արձագանքներ ստացանք նաեւ ծնողներից: Նախագծի իրականացմանը զուգահեռ անցկացվեց դիտարկում եւ ծրագրի արդյունավետության գնահատում, եւ արդեն գրանցվել են դրական արդյունքներ: Բարձր ցուցանիշների եւ ծրագրի նկատմամբ հետաքրքրության մասին վկայում է նաեւ այն փաստը, որ շատ դպրոցներ ինքնուրույն դիմում են ծրագրին մասնակցելու համար:
Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա 2018 թ.-ին նախատեսվում է իրականացնել 3150 մանկավարժների վերապատրաստում, 350 դպրոցներում ներդնել ֆինանսական գրագիտության ուսուցման ծրագիրը` համաչափ բոլոր մարզերում, քանի որ կենտրոնացումը միայն մեկ մարզերում չի ապահովի տարածվածության անհրաժեշտ արդյունք: Նախագծի իրականացման երեք տարում նախատեսվում է վերապատրաստել 10892 մանկավարժի, եւ երկրի բոլոր 1438 դպրոցներում ամբողջությամբ ներդնել ֆինանսական գրագիտության ծրագիրը:

Իսկ որքա՞ն լավ են այդ գիտելիքները յուրացնում երեխաները:
Երեխաները յուրացնում են շատ ավելի լավ, քան հնարավոր էր պատկերացնել: Դիտարկումը ցույց տվեց, որ դպրոցականները բավականին հեշտ են ընկալում այդ տեղեկատվությունը, քանի որ կյանքում հաղորդակցվում են հիմնական հասկացությունների հետ, որոնք մենք ներկայացնում ենք ծրագրի շրջանակում:
Ստանալով համակարգված գիտելիքներ` նրանք սպունգի պես «ներծծում են» դրանք` դրսեւորելով բավականին բարձր ակտիվություն: Փորձնական նախագիծը թույլ է տալիս որոշել դրա թույլ տեղերը, պարզել այն ուղղությունները, որոնք հարկավոր է ուժեղացնել կամ արդիականացնել` մանկավարժների եւ աշակերտների համար նախատեսված ուսումնական նյութերի առավել արդյունավետ ժողովածու ստեղծելու համար:
Ընդհանուր առմամբ, երեխաներին 7 թեմատիկ խմբերի նյութ է ներկայացվում, այդ թվում` «Տնտեսության ազդեցությունը», որտեղ տրվում են հիմնական տնտեսական հասկացությունները, օրինակ` գնաճի կամ փոխարժեքի վերաբերյալ: «Բյուջեի պլանավորում», որտեղ ներկայացվում է, թե ինչպես պետք է արդյունավետ պլանավորել ու հաշվարկել սեփական ծախսերը կամ ինչպես ղեկավարել դրանք: Առավել հիմնավոր ու հետեւողական աշխատանք անհրաժեշտ է «Կուտակումներ ու երկարաժամկետ պլանավորում» թեմայով: Ցավոք, մեր բնակչության հիմնական մասն առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով` սկզբից ծախսիր, իսկ մնացորդը հետ գցիր` որպես խնայողություն: Անհրաժեշտ է լիովին փոխել նման մոտեցումները, սովորեցնել մարդկանց սկզբից առանձնացնել որոշակի գումար` որպես խնայողություն, իսկ մնացածն արդեն ծախսել: Հենց նման մոտեցումներով են առաջնորդվում ֆինանսապես հաջողակ մարդիկ:
Դպրոցականներն անցնում են նաեւ «Պարտքի կառավարում», «Իրավունքների պաշտպանություն», «Ֆինանսական ծառայությունների անվտանգ օգտագործում», «Գնումների կատարման մշակույթ» առարկաները:

Նախատեսո՞ւմ է, արդյոք, Սպառողների շահերի պաշտպանության ու ֆինանսական կրթման կենտրոնը 2018 թվականին ընդարձակել բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման ծրագրերը: Կոնկրետ ի՞նչ քայլեր են նախատեսված այս ուղղությամբ:
2018 թվականի առաջնահերթությունների թվում է դպրոցներում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման նախագծի շարունակությունն ու 3 հազար ուսուցիչների վերապատրաստումը: 2018 թվականի երկրորդ խնդիրն է գյուղական համայնքներում ֆինանսական գրագիտության առավել լայնածավալ ծրագրի անցկացումը: Այսօրվա դրությամբ մենք աշխատում ենք 6 մարզերում ու նախատեսում ենք խորացնել աշխատանքը ու տարածել մեր գործունեությունը եւս 4 մարզերում: Սրանք երկու առավել խոշոր նախագծերն են: Այս տարվա ծրագրերի շարքում է միգրանտների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման նախագիծը, որը կիրականացվի ՀՀ սփյուռքի եւ տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունների հետ համատեղ: Նախագծի գլխավոր նպատակն է ներկայացնել միգրանտներին, որպես բնակչության առավել խոցելի շերտերին, հայկական ֆինանսական համակարգի առանձնահատկությունները, ադապտացնել նրանց հայկական իրականությանը, որպեսզի նրանք կարողանան գրագետ կառավարել իրենց միջոցները:
Միաժամանակ նախատեսում ենք շարունակել աշխատանքն ընթացիկ ավելի քան 40 նախագծերի շուրջ, նպաստել նախագծերի որակի լավացմանը, տրամադրվող գիտելիքների խորացմանը ու տարբեր նոր տեխնոլոգիաների օգտագործմանը, այդ թվում` սոցցանցերի:

Ի՞նչ դիրք է զբաղեցնում Հայաստանը միջազգային ասպարեզում բնակչության ֆինանսական գրագիտության ու տարբեր ծրագրերի իրականացման համատեքստում:
Հայաստանը այսօր զգալիորեն առաջ է անցնում զարգացող երկրներից ֆինանսական գրագիտության ու այս ոլորտում իրականացվող նախագծերի տեսանկյունից, սակայն փոքր ինչ հետ է մնում զարգացած երկրներից` փորձելով քայլել նրանց հետ համընթաց: Ընդ որում, ֆինանսական գրագիտության ներդրման որոշ հարցերում, օրինակ, դպրոցներում, Հայաստանն անգամ առաջ է անցնում այնպիսի զարգացած երկրից, ինչպիսին Մեծ Բրիտանիան է:
Ընդհանուր առմամբ, մեր դիրքը ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման ոլորտում այնքան ամուր է, որ Հայաստանն ընտրվել է Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (OECD) ֆինանսական ոլորտում չափանիշների մշակման աշխատանքային խմբի համաղեկավար:
Սա այն դեպքում, որ կազմակերպության անդամ են այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսին են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Ավստրիան, Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Ավստրալիան: Հայաստանը նույնպես հանդես է գալիս, որպես Ֆինանսական ներգրավվածության միության (AFI) առաջնորդներից մեկը, որտեղ մենք գլխավորում ենք սպառողների իրավունքների պաշտպանության ու ֆինանսական գրագիտության աշխատանքային խումբը:
Ընդ որում, ԱՊՀ անդամ պետություններից միայն Հայաստանն է դպրոցներում ներդրել ֆինանսական գրագիտության ծրագիրը ու բավականին արդյունավետ իրականացնում է այն գյուղական համայնքներում:

«ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА