o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՐԱԳԱՉԱՓԻ ՏՈՒԳԱՆՔԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է` ՈՐՊԵՍ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ»

05.06.2018 21:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՐԱԳԱՉԱՓԻ ՏՈՒԳԱՆՔԸ  ԴԻՏԱՐԿՈՒՄ Է` ՈՐՊԵՍ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ»

Այն, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնին հայտնվեց, մասնավորապես, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը հնարավորինս արագ կարգի բերելու, ժողովրդի կենսամակարդակն էականորեն բարելավելու խոստումների արդյունքում, հիշեցնելու կարիք անգամ չկա, դա մեր բոլորիս աչքի առաջ էր: Բնականաբար, այդ խոստումների անկյունաքարն էլ պետք է դառնար ԱԺ-ին ներկայացված կառավարության ծրագիրը:

Կառավարության օրակարգում է Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին նախագիծը

 

ՈՒ ՍՐԱ՞ՆՔ ԵՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսպիսով, ի՞նչ տնտեսական քաղաքականությամբ է առաջ գնալու կառավարությունը: Մինչ տնտեսությանը հասնելը, կառավարության ծրագիրը այլ քայլեր էլ է նախատեսում: Մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական մոնոպոլիաների վերացումը եւ այլն, դրանք այն խնդիրներն են, որոնք հաղթահարելով միայն, հնարավոր կլինի մտածել տնտեսական ռեալ զարգացումների մասին: Իհարկե, դրանում տրամաբանության մեծ բաժին կա: Բայց նաեւ չմոռանանք, որ, օրինակ, արտաքին ներդրումները բացառապես Հայաստանում կոռուպցիայի կամ մոնոպոլիաների հետ կապելը սխալ է: Օրինակ, ենթադրենք ունենք լիարժեք ազատ, մաքուր տնտեսական դաշտ, սակայն չկա, ասենք, Հայաստանից դուրս գնացող երկաթուղի, այսինքն՝ մեր երկրում արտադրված ապրանքները արտահանման հարցում ունեն խնդիր, ապա դա ներդրումների վրա էապես ազդող գործոն չէ՞: Այնուամենայնիվ, հիշատակված կոռուպցիոն, մենաշնորհային եւ այդ կարգի մյուս խնդիրները հաղթահարելու դեպքում, կառավարությունը, բնականաբար, պետք է ունենա տնտեսության զարգացման այն հստակ ուղիները, որը պետք է հանգեցնի աշխատատեղերի, աշխատավարձերի, բյուջետային եկամուտների ավելացման եւ այդ կերպ՝ երկրի սոցիալական ընդհանուր իրավիճակի բարելավման: Ուրեմն, ինչի՞ վրա է պատրաստվում շեշտը դնել կառավարությունը: Համաձայն ծրագրի, կառավարությունը տնտեսության զարգացման հիմքում դնում է երեք առաջնահերթություն:

N 1. Բարձր տեխնոլոգիաներ:

N 2. Գյուղատնտեսություն:

N 3. Զբոսաշրջություն:

Սկսենք տեխնոլոգիաներից: Իհարկե, չենք կարող չհամաձայնել կառավարության այն մտքի հետ, որ այս ոլորտը Հայաստանում ունի զգալի պոտենցիալ: Չնայած` չէ, զարգացման պոտենցիալ ունի տեղեկատվական եւ համակարգչային տեխնոլոգիաների ոլորտը, ոչ թե՝ բարձր տեխնոլոգիաների: Մեկ պարզ պատճառով. բարձր տեխնոլոգիաների առումով, թեեւ Հայաստանում կա որոշ մտավոր պոտենցիալ (որը, սակայն, առավել քան թերզարգացած է՝ կրթական խայտառակ վիճակի պատճառով), սակայն բացակայում է գլխավոր կոմպետենտը: Այն է՝ բարձր տեխնոլոգիաների համար Հայաստանի ֆինանսական եւ նյութատեխնիկական բազան զրոյական մակարդակի վրա է: Այսինքն` կառավարության այն միտքը, թե. «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը», գոնե այս պահին ֆանտաստիկայի ժանրում է: Բայց եթե անգամ հաջողվի ոլորտը այդ խոստմանը համապատասխան զարգացնել, այն տնտեսական լոկոմոտիվ չի կարող դառնալ: Այն միանգամայն պարզ պատճառով, որ տնտեսական այդ ուղղությունը խիստ սահմանափակ քանակով աշխատատեղեր է ստեղծում, իսկ եկամուտն էլ հիմնականում կգնա դուրս, հաշվի առնելով, որ ոլորտի զարգացման համար կառավարությունն ակնկալում է արտաքին տեխնոլոգիական ընկերությունների ներդրումները: Կարճ ասած, այս ոլորտը Հայաստանի համար շատ կարեւոր է, սակայն տնտեսական լոկոմոտիվ չէ:

Նույնը կարելի է ասել գյուղատնտեսության մասին: Այս ոլորտը եւս ինչքան էլ զարգանա, մեկ է՝ Հայաստանի բնակլիմայական պայմանները եղել են եւ կմնան խիստ սահմանափակ: Այսինքն, մեր գյուղատնտեսությունը, ինչքան էլ տեխնոլոգիականացվի, մեկ է, հազիվ թե կարողանա անգամ մեր երկրի պարենային անվտանգության խնդիրը լուծել: Գումարած դրան, սա եւս միայն սահմանափակ թվով աշխատատեղեր է ստեղծելու, որն էլ ավելի կսահմանափակվի, եթե կառավարության ասածի պես, սկսեն տեխնոլոգիական նորամուծությունները լայնորեն կիրառել: Ասենք, դա էլ է անհնար` հաշվի առնելով մեր գյուղատնտեսական հողերի գերմասնատվածությունը: Այսպիսով, գյուղատնտեսությունը Հայաստանի համար եղել է եւ կմնա կարեւորագույն ուղղություն, սակայն սա էլ լոկոմոտիվ չի կարող դառնալ:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա սա տնտեսության N 3 առաջնահերթություն համարելը տրագիկոմեդիայի ժանրից է: Իհարկե, լավ բան է տուրիստների հաշվին «օդից» փող սարքելը: Բայց երբ կառավարությունը լուրջ դեմքով ողջ հաշվարկները դնում է նրա վրա, թե՝ «Վերջին մեկուկես ամսվա ընթացքում մեր երկիրը համաշխարհային մամուլի համակ ուշադրության կենտրոնում է», այսինքն՝ «Տարվա երկրորդ կեսին մենք զբոսաշրջության աննախադեպ աճ կունենանք» եւ՝ «Այս սպասվող աճը բացառիկ հնարավորություն է ստեղծում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար», անկեղծ ասած, տպավորություն է առաջանում, որ խոսքը ոչ թե կառավարության ծրագրի, այլ՝ դպրոցականներին հանձնարարված «բիզնես-ծրագիր զբոսաշրջությունից» թեմայով շարադրության մասին է: Լավ, ասենք ու զբոսաշրջիկների այդ գերհոսքը չեղավ, ասենք՝ դեպի Հայաստան գերթանկարժեք ավիափոխադրումների պատճառով, ի՞նչ եք անելու այս «տնտեսական առաջնահերթության» հետ:

Կառավարության նիստն ուղիղ միացմամբ

 

ԲԱ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Կարճ ասած, այն առաջնահերթությունները, որոնց հետ այդքան հույսեր է կապել կառավարությունը, ամենաշքեղ դեպքում անգամ հազիվ թե ՀՆԱ-ի 1-2 տոկոսանոց հավելաճ ապահովի: Լավ, ընդունենք 5 տոկոս ապահովեց, դրանո՞վ են երկրի սոցիալական վիճակի թռիչք ապահովելու: Եվ մյուս կողմից, այն ոլորտները, որոնք իրականում կարող են ռեալ էֆեկտ առաջացնել, գրեթե ներկայացված չեն: Օրինակ, եթե կառավարությունն իր առաջնահերթությունների մեջ ներառեր հայաստանյան հիմնական հարստություններից մեկը՝ մետաղական հանքերը, այսինքն՝ հայտարարեր, թե կարգելի մասնավորապես ոսկու, պղնձի եւ մոլիբդենի խտանյութն արտահանել, դրանք կվերամշակի տեղում, այդ հաշվին նոր արտադրություններ կունենա, զարգացման ինչ-որ հեռանկար կսկսեր երեւալ: Ավելին, եթե հայտարարեր նաեւ հանքերի պետականացման մասին, ապա տնտեսական զարգացումը կհայտնվեր բառացիորեն աչքի առաջ: Կամ էլ ո՞ւր մնաց «Նաիրիտը», քիմիական արդյունաբերությունը: Բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն. այսինքն ի՞նչ, գործող կառավարության համար արդյունաբերությունն անգամ թղթի վրա՞ առաջնահերթություն չէ: Չէ՞ որ հենց արդյունաբերությունը, հատկապես՝ ծանր արդյունաբերությունն է մեծ թվով աշխատատեղերի եւ սոցիալական զարգացման խնդիր լուծում: Նոր ատոմակայանի կառուցման մասին ծրագրում բառ անգամ չգտանք, մինչդեռ «Տնտեսական այլ ուղղություններ» բաժնում սրան են հասել. «Կվերանայվի արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի գործարկմամբ երթեւեկության կանոնների խախտումների համար տուգանքների պրակտիկան»: Արագաչափի տուգանքը «տնտեսական այլ ուղղություն» դիտարկողը տեսնես գոնե հասկանո՞ւմ է տնտեսություն բառի իմաստը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА