ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԴՈՒԽՈՎ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ

05.09.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԴՈՒԽՈՎ»  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ

Երեւանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Հայկ Մարությանի խայտառակ հայտարարությանը շատ ենք անդրադարձել ինչպես մենք, այնպես էլ այլ ԶԼՄ-ներ: Համենայնդեպս, մեր նախորդ հոդվածում արձանագրեցինք, որ երեւանցիներին հասցրած այդպիսի վիրավորանքներից հետո թերեւս առանց ընտրակեղծիքի, ենթադրաբար, դժվար թե հնարավոր լինի ապահովել այդ թեկնածուի հաղթանակը:

ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԲՌՆԱՊԵՏԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԶՈՌԲԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Թեեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այնքան  էլ չի կիսում Հայկոյի «սեւ եւ սպիտակի» ու «մեր դեմ խաղ չկա» մոտեցումները, այնուամենայնիվ, այն իրողությունը, որ վարչապետը մտադիր է անձամբ ակտիվորեն մասնակցել մայրաքաղաքային ընտրարշավին, ինքնին արդեն վարչական ճնշում գործադրելու իրողություն է: Կարելի է պատկերացնել, թե  նախորդ իշխանությունների օրոք ինչպիսի աղմուկ կբարձրանար, եթե, ասենք, Տարոն Մարգարյանի ընտրարշավին մասնակցեր նախագահը կամ վարչապետը: Բացի այդ, համացանցի տարածքում չեն պակասել այն կեղծ օգտատերերը, ովքեր ողջունում են ՔՊ թեկնածուի այդ անընդունելի բոլշեւիկահհշական մոտեցումները: Առաջիկա ընտրությունների անազատ եւ անարդար բնույթը փաստում է եւ այն, որ ՀԺԱՄ կուսակցությունը հրաժարվեց մասնակցել ընտրություններին` իր հաղորդագրությունում փաստելով, որ իրենց ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ վարչական ճնշում է կիրառվել: Իսկ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը առավել հանգամանալից է ներկայացրել, թե ինչու ավելորդ է խոսել նորմալ ընտրությունների մասին. «Կուսակցությունը ժամանակին հայտարարել էր, որ պատրաստվում է մասնակցել այդ ընտրարշավին, սակայն, տեսնելով խայտառակ հակաժողովրդական մթնոլորտը, որում անցկացվելու են ընտրությունները, որոշեցինք բոյկոտել եւ հայտարարեցինք, որ դրանք ազատ ու թափանցիկ չեն, չեն պահպանվում ժողովրդավարական պահանջները: Տեսեք` ամենախուլիգանական միջոցներով արգելվեց մամուլի ասուլիսը, երկրի վարչապետը որոշ լրատվամիջոցների անվանեց հակապետական, իսկ սոցցանցերում ճնշվեց այլակարծությունը: Եվ, ըստ էության, այդ առումով ոչ վարչապետի եւ ոչ էլ գործադիր իշխանության կողմից որեւէ հայտարարություն չարվեց, դեռ մի բան էլ խրախուսվեց: Նման պարագայում ավելորդ է խոսել նորմալ, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու մասին: Մենք չենք մասնակցելու այդ ընտրություններին եւ որեւէ մեկին չենք աջակցելու, որովհետեւ բուն ընտրությունները համարում ենք չկայացած»:

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՈՑ 13-ՐԴ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Եվ պետք է փաստել, որ ընդդիմությունը չի մասնակցում այդ ընտրություններին, այդ թվում եւ խոշորագույն ընդդիմադիր ուժը` ՀՀԿ-ն: Իսկ ինչ վերաբերում է մասնակցող ուժերին, ապա նրանց միայն մի մասն է արտահայտել իր վերաբերմունքը «մեր դեմ խաղ չկա» մոտեցման անթույլատրելիության վերաբերյալ: Ինչեւէ, մասնակիցներից, օրինակ, ԲՀԿ-ն, կարծես թե, շատ վճռական է տրամադրված, ու կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթում էլ հնչեցին շեշտադրումներ, որոնք դժվար թե դուր գան Նիկոլ Փաշինյանին ու նրա մերձավոր շրջապատին: Բայց, այնուամենայնիվ, Ծառուկյանը խուսափեց ուղղակի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ապագայում կլինի համագործակցություն Ռոբերտ Քոչարյանի հետ:

ՆԻԿՈԼԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՌՈՒԲԻԿՈՆԸ ԿԱՆՑՆԻ՞

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն էլ Ռոբերտ Քոչարյանի` հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություներին մասնակցելու վերաբերյալ զգուշավոր արտահայտվեց: Դա թերեւս պայմանավորված է  այնպիսի ազդակով, ինչպիսին է  Վլադիմիր Պուտինի կողմից Ռոբերտ Քոչարյանին հղված հրապարակային շնորհավորանքը: Բայց, օրինակ, ինքը` Փաշինյանը, փորձեց համոզել ինքն իրեն եւ հանրությանը, որ այդ շնորհավորանքը զուտ անձնական է, եւ քաղաքական բովանդակություն այդտեղ չկա: Իսկ Սերգեյ Լավրովի խոսքին նա արձագանքեց բավականին անտեղի կատակով, ու թերեւս իրավացի է ՀՀԿ  մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որ այդ կատակները մեզ վրա կարող են թանկ նստել: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը համեմատեց Փաշինյանի արտաքին քաղաքականությունը լավ մեքենայի ղեկին նստած, բայց մեքենա վարել չիմացող վարորդի գործողությունների հետ. «Այսօր Հայաստանում արտաքին քաղաքականությունը նմանվել է մի ճանապարհի, որտեղ սկսնակ վարորդ է արդեն լավ քշվող մենքենայով, կուրսը հայտարարել է նույնը, բայց պահել այդ կուրսը չի կարողանում: Ամեն անգամ մեկ ձախ եզրին է խփում, մեկ` աջ, մեկ Մոսկվա ենք, գնում, մեկ Բրյուսել ու ստացվում է, որ Բրյուսելում էլ հարցեր լուծել չի ստացվել: Կարծում եմ, որ նոր վարվող քաղաքականության հետ կապված` սթափվելու խնդիր կա»: Որոշ վերլուծաբաններ էլ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններում  էլ շատ տագնապալի երանգներ են տեսնում, զորօրինակ, վերլուծաբան Կ. Տեր-Նակալյանը ենթադրում է, որ Փաշինյանը կարող է եւ բաց առճակատման գնալ. «Նման, կներեք կտրուկությանս հարմար, բայց ինֆանտիլ մեկնաբանությունները` Փաշինյանի կողմից ոչ մի լավ բան չեն հուշում: Ես մտավախություն ունեմ, որ նրա այսպիսի ռեակցիան առնվազն անհիմն ու իռացիոնալ բրավադայի դրսեւորում է, իսկ առավելագույնը` հողի նախապատրաստում նրա, որ ամսի 8-ին Փաշինյանը պատրաստվում է անցնել հայ-ռուսական հարաբերությունների ռուբիկոնն ու բաց առճակատման մեջ մտնել Մոսկվայի հետ»:

«ՍԵՎԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԻ՞

Ինչեւէ, թեեւ բոլոր դեպքերում հեղափոխական զոռբայության ստվերը այս ընտրություններին ուղեկցելու է մինչեւ վերջ, սակայն ավելի գլոբալ առումով, շատ բան կերեւա սեպտեմբերի 8-ից հետո: Եթե վատագույն մտավախություններն իրականանան, եւ վարչապետը Մոսկվայում անցնի ռուբիկոնը, ապա Երեւանում էլ նրան այլ բան չի մնա, քան մտնել զանգվածային ռեպրեսիաների փուլ: Չէ՞ որ կառավարության նիստին նախարար Արծվիկ Մինասյանը հիշատակեց նաեւ այն, որ եթե կառավարության ծրագրերը հաջողվեն, ապա երկու տարի անց, միգուցե, սկսենք ավելի լավ ապրել: Իսկ մինչ այդ, երեւի թե, ազատ ու հպարտ քաղաքացիներին կմնա իրենց քաղցը հագեցնել Հանրապետության հրապարակի «հոգեւոր սննդով», մեկ էլ` «դուխով» գլխարկներով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА