o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀՈՇՈՏՈՒՄ ՍԵՎԱՆԸ

19.07.2019 21:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀՈՇՈՏՈՒՄ ՍԵՎԱՆԸ

Սեւանի ծաղկումը, ինչ խոսք, հերթական անգամ լճի վրա հրավիրեց հանրության ուշադրությունը: Բայց նայելով, թե լճի հետ կապված ինչեր են անում մեր կառավարության ներկայացուցիչները, մնում է զարմանքից ուղղակի ապշել:

Սեւանից առնվազն 100 մլն խմ ջուր է «անհետացել»

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՐ ՀԱԿԱՍԵԼՆ ԱՎԱԴՈՒՅԹԻ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ

Սկսենք փոխվարչապետ Տիգրան Ավինյանից, որ ԱՄՆ-ում է եւ նախօրեին ՄԱԿ-ում ահազանգ հնչեցրեց. «Կլիմայի փոփոխությունից առավել տուժած մասը Սեւանա լիճն է: Ջերմաստիճանի բարձրացումը ստեղծել է այնպիսի իրավիճակ, երբ մենք ունենք լիճը կորցնելու հեռանկար»: Լավ է, որ ՀՀ փոխվարչապետը փորձում է Սեւանի վրա հրավիրել աշխարհի ուշադրությունը, առավել եւս, որ նման հետաքրքրվածություն կա: Բայց ամբողջ հարցն այն է, թե այդ ինչի՞ց ելնելով է Ավինյանը Սեւանի վիճակը կապում հենց կլիմայի փոփոխության հետ, այդ ո՞ր գիտական ուսումնասիրությունն է ֆիքսել, որ լճի ներկայիս կատաստրոֆիկ պատկերի հիմնական մեղավորը հենց կլիման է, եւ ոչ թե, օրինակ, հսկայական ծավալների հասած եւ աչքի առաջ իրականացվող ձկնագողությունը, այսինքն, որ լճում ձուկ չի մնացել, որ օրգանական նյութերը սպառի, ու արդյունքում՝ Սեւանը «ծաղկում» է: Կամ թափոններն ու մյուս բոլոր պատճառները: Եվ պատահական չէին միանգամից ծնունդ առած խոսակցությունները, որ Ավինյանի դարդ ու ցավը ոչ այնքան Սեւանն էր, որքան այդ խնդրի վրա դրսից «մի քանի կոպեկ կպցնելը»:

ՍԵՎԱՆԻ ՋՐԻՄՈՒՌՆԵՐԸ ԵՆԹԱՐԿՎԵ°Լ ԵՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ

Բայց ահա ամենատարօրինակն այն է, որ մինչ Ավինյանը ամերիկաներում խոսում էր լճի կործանումից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վերածված նախկին Բնապահպանության նախարարությունը սկսեց միանգամայն հուսադրական տվյալներ տարածել, թե Սեւանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը, եւ. «Ներկայումս լճի թափանցիկությունը կտրուկ աճել է, հունիսի 30-ին դիտված միջին 2մ-ից հասնելով 6.5, որոշ տեղերում մինչեւ 9 մ-ի: Նշված ցուցանիշը 2018-19թթ.-ի արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ. «ՍԵՎԱՆԻ ՎԻՃԱԿԸ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է»

Բայց ոչի՞նչ, որ թափանցիկության մասին այդ պնդումը եթե անգամ իրականությանը համապատասխանի, դա քիչ հուսադրող է: Բանն այն է, որ նախորդ տարի նույն նախարարության իրականացրած «Սեւանա լճի ջրի որակը, հուլիս 2018թուսումնասիրության եւ պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթում նման բան ենք կարդում. «Սեւանա լճի թափանցիկությունը նախորդ տարվա համեմատությամբ կտրուկ նվազել է` 14մ-ից իջնելով 2.5մ»: Ու հիմա, եթե իրոք ունենք 6 մետր թափանցիկություն, դա քիչ բան է տալիս. ունենք 2017թ.-ի համեմատ ավելի քան կրկնակի անգամ պակաս թափանցիկություն, որը պահպանվում է անցած տարվանից սկսած՝ մեկ սրվելով, մեկ մի փոքր թուլանալով: Ավելին, նույն այդ փաստաթղթի համաձայն՝ լիճը բոլոր վտանգավոր կուտակումների առումով էապես բարձր մակարդակ ունի՝ 2017թ. համեմատ: Արդյունքում, նախարարության նման լավատեսությունը սովորական աչքկապոցու տեսք է ստանում, եւ իմաստն էլ կարելի է հասկանալ. Սեւանի շրջակա հատվածների գործարարներն ու բնակիչները՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, սպառնում են ճանապարհները փակել, եթե կառավարությունը չսկսի լավատեսական ազդակներ ուղղել ժողովրդին, որ մարդիկ գնան Սեւան: Նախարարությունն էլ սկսել է կամաց-կամաց «լավատեսությամբ տոգորվել», թեեւ հազիվ թե դա Սեւան այցելողների հետ կապված բան փոխի: Ավելի ճիշտ, զավեշտ է դառնում. մի կողմից` փոխվարչապետն աշխարհով մեկ աղմկում է, թե հասեք, փրկեք, Սեւանը կործանվում է, ու մյուս կողմից` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն անցնում է լավատեսական տոնայնության, թե բան չկա, ջրիմուռներն էլ չեն աճում, եւ անմիջապես նրան էլ միանում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, թե չվախենաք, Սեւանը սկսել է ինքնամաքրվել: Բայց կլինի՞, որ գոնե կառավարությունում իրար մեջ պայմանավորվեք, թե ինչ եք խոսում, որ ասածներդ իրար չհակասի:

Սեւանի ներկա վիճակի համար պատասխանատու են նաեւ այն օլիգարխները, որոնք լճի ափերին կառուցեցին իրենց վիլլաները

ԱՌԱՏ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ԽԵՐԸ ՉՏԵՍԱՆՔ

Սակայն այստեղ էականը ոչ թե մեր չինովնիկների ասածներն են, որոնց շուրթերից շատ ավելի լուրջ հակասություններ եւ ստեր էլ ենք լսել, այլ բուն խնդիրը՝ Սեւանի վիճակը: Կրկնենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացված վերը նշված ուսումնասիրությունից բխող հիմնական իմաստը՝ 2017թ. համեմատ լճի որակի էական վատթարացում է տեղի ունեցել: Ինչպե՞ս մեր քայլոները հաջողացրին անգամ Սեւանի հերն անիծել, առնվազն մեկ տեսանելի պատճառ կարելի է նշել: Այսպես, այն ծավալների ձկնագողությունը, որ ներկայուս նկատվում է, Հայաստանում երբեւէ չէր եղել: Ճիշտ է, մինչ քայլոները, ասենք նաեւ նրանց իշխանության առաջին ամիսներին բնապահպանությունն ու Սեւանը հանձնված էր Դաշնակներին, եւ այն ժամանակներում էլ բազմիցս ենք ահազանգել, որ 2012-2015թթ.-ին մի կերպ վերականգնման փուլ մտած Սեւանի կենդանական աշխարհը վերստին անխնա ոչնչացվում է: Սակայն անգամ դա վերջին մեկ-երկու տարիների հոշոտման հետ համեմատելի չէ: Պատկերացրեք, եթե ժամանակին ձկնագողերը գոնե մտածում էին, որ չի կարելի մանրաձկանը ձեռք տալ, վերին ժամանակներս սիգի մանրաձուկն անգամ շատ օբյեկտներում վերածվել է դելիկատեսի: Ու թե դրանից հետո լճի բուսական աշխարհն ինչ «ծաղկումների» կհասնի, կարելի է կռահել: Բայց կարծես թե կարելի է նաեւ երկրորդ պատճառը տեսնել, որը թեեւ ավելի «ստվերային» է, սակայն որոշ փաստեր կան: Խոսքը լճի մակարդակի մասին է, որի առնչությամբ վերջին երկու տարիներին տարօրինակությունների պակաս չկա: Աղյուսակում ներկայացված է 2017-2019թթ. լճի մակարդակի մասին պաշտոնական (ըստ ԱԻՆ-ի տեղեկատվության) տվյալները տարեսկզբի` հունիս եւ հուլիս ամիսների դրությամբ: Այս երեք տարիներին՝ տարեսկզբին ֆիքսվել է լճի մակարդակի մոտ 3-4 սմ-ով անկում, ինչը կարելի է բացատրել անցած երկու տարիների երաշտային իրավիճակով: Ընդ որում, որ 2017-2018թթ.-ին եղել է նման իրավիճակ, փաստում են նույն ԱԻՆ-ի տվյալները, համաձայն որոնց, մասնավորապես` Սեւանի տարածաշրջանում եւ ջրհավաք ավազանի գոտում (այդ թվում՝ Արփա-Սեւանը սնուցող գետերի) արձանագրվել է նորմայի համեմատ փաստացի տեղումների (այդ թվում՝ ձյան) մոտ 30-50 տոկոսանոց պակաս: Չնայած, նույն պատկերն է եղել նաեւ ողջ Հայաստանում, հաշվի առնելով, որ ունեցել են ջրամբարների լցվածության առավելագույն ծավալի 25-55 տոկոսի չափով: Նաեւ նկատենք, որ եթե 2017-2018թթ. երաշտային իրավիճակի պայմաններում տարվա կեսերին (հունիս)՝ տարեսկզբի համեմատ ունեցել ենք մոտ լճի մակարդակի 41-44 սմ-ով աճ, ապա հենց նույն պատկերն է նաեւ այս տարի՝ աճը 41 սմ է: Այն դեպքում, երբ անցած եւ նախանցած տարվա համեմատ՝ այս տարի ունեցել ենք նորման նկատելիորեն գերազանցող տեղումներ (տե՛ս գրաֆիկը): Նաեւ ունեցել ենք ջրամբարների մոտ 90 եւ ավել տոկոս լցվածություն: Եվ այս ֆոնին, օրինակ, նման մեկ ցնցող փաստ. եթե անցած տարեսկզբից հուլիսի 30-ի դրությամբ միայն Արփա-Սեւանով լիճ է մտել մոտ 123.2 մլն խմ ջուր, ապա այս ջրառատ տարում հուլիսի 16-ի դրությամբ այդ թիվը հազիվ մի փոքր է ավել՝ մոտ 136 միլիոն: Ու մյուս կողմից, եթե նույն պաշտոնական տվյալներով, հուլիսի 15-ի դրությամբ լճից դուրս է բերվել մոտ 48 մլն խմ ջուր, ապա անցած տարի այդ թիվը մոտ 80 միլիոն էր: Եվ չնայած այս բոլոր գործոններին՝ տարվա ջրառատությանը, պաշտոնապես ներկայացված համեմատաբար փոքր ջրթողին, Սեւանում ունենք տարեսկզբից սկսած լճի մակարդակի տատանումների այն նույն դինամիկան, ինչ անցած եւ նախանցած երաշտային տարիներին, եւ մակարդակն էլ հուլիսի 16-ի դրությամբ հազիվ 2 սմ-ով է ավել անցած տարվա ցուցանիշից: Իհարկե, որ էապես ավելի շատ տեղումներ ենք ունեցել, համոզվելու համար ԱԻՆ-ի տվյալներն էլ պետք չեն՝ բոլորիս աչքի առաջ է: Նաեւ դեռ ունենք անցած տարիների համեմատ ավելի մեղմ ջերմային ֆոն եւ քամիների սակավություն, ինչը նշանակում է, որ նաեւ Սեւանից գոլորշիացումը պետք է որ այս տարի նկատելիորեն ավելի պակաս լինի: Եվ այս իրավիճակում լճի մակարդակի 2 սանտիմետրանոց աճը մեկ բան է հուշում՝ պետք է հիմնականում ուշադրությունը կենտրոնացնել լճից ջրթողի վրա. իրականում այնքա՞ն են թողել, որքան ներկայացվում է պաշտոնապես. առնվազն կասկածելի է:

Առողջապահության նախարարն այս ամառ չի շտապում «պլավկիով» ուղիղ եթեր մտնել

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА