o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք չէ լինել ավելի խաղաղասեր, քան Հռոմի պապը», քանի որ պատերազմը դեռ ավարտված չէ. փորձագետ

09.12.2019 16:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Պետք չէ լինել ավելի խաղաղասեր, քան Հռոմի պապը», քանի որ պատերազմը դեռ ավարտված չէ. փորձագետ

«Երկու խնդրահարույց պահ կա այս ամենի մեջ. առաջինը՝ ինֆորմացիայի պակաս կա հանրության շրջանում, և մարդիկ ստիպված սկսում են կլանել տեղեկություններն ադրբեջանական կողմից: Մյուսը՝ փորձ է արվում անլրջացնել այս պրոցեսը, դարձնել ոչ էական»,-այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ խոսելով արցախյան հիմնախնդրի և դրա շուրջ ծավալված վերջին իրադարձությունների մասին: Նա նշեց, որ Ադրբեջանի թեմայով հասարակության կողմից ցանկացած անհանգստություն հողեր հանձնել-չհանձնելու մասին քննարկման է վերածվում ամենատարբեր հարթակներում. «Հող հանձնել-չհանձնելու դիսկուրսը շատ վտանգավոր է, առաջնահերթություն է՝ հասկանալ, թե այդ հողն ինչպե՛ս է պետք պահել և շենացնել»:

Հակառակորդը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

Ըստ բանախոսի՝ թե՛ հասարակությանը, թե՛ փորձագիտական շրջանակներին պարզ չէ, թե մենք կոնկրետ ի՛նչ դիրքորոշմամբ ենք գնում բանակցությունների: «Եթե նոր բան չկա, ինչու՞ տարուց ավելի չէր ասվում դրա մասին»,-նշեց Էլիբեգովան՝ հավելելով, որ մենք այսօր քարոզչական թեզեր չունենք, մինչդեռ տեղեկատվական պատերազմի դաշտում Ադրբեջանը հստակ գործողությունների է դիմում, դրանցից մեկն էլ Նժդեհի շուրջ վերջին սադրանքներ են նրանց կողմից:

«Մենք ունենք հակազդման բոլոր հնարավորությունները քարոզչության դաշտում, սակայն, չգիտեմ, ինչու, դրանք չենք օգտագործում»,-ասաց բանախոսը: Նա անդրադարձավ նաև, իր խոսքերով, հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելուն և ասաց. «Շատ վտանգավոր է, երբ ասում են՝ դե, կարևորը՝ առաջնագծում չեն կրակում: Սա չի նշանակում, որ երկու կողմերն էլ չեն պատրաստվում պատերազմի: Չի կարելի մարդկանց զգոնությունը փորձել քնեցնել»:

Ադրբեջանագետը նշեց, որ այսօր Արցախի հիմնախնդրի շուրջ կան հարցեր, որոնք անհասկանալի են և հստակ պատասխան են պահանջում: Դրանք, մասնավորապես, վերաբերում են բանակցային գործընթացին. «Երբ կողմերը հանդիպում են, նրանք բանակցու՞մ են, թե՞ ոչ, Արցախը վերադառնալու՞ է բանակցային սեղանի շուրջ, թե՞ ոչ: Դիվանագիտական շատ բարդ հարցեր և մտահոգություններ կան, մենք քարոզչական պատերազմում չենք կարողանում լիարժեք օգտագործել գործիքները»,-նշեց Անժելա Էլիբեգովան:

Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի ներքաղաքական հարցերին, մասնավորապես՝ նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ իշխանության գալու հավանականությանը, և համոզմունք հայտնեց, որ տիկինը մեզ համար ամուսնուց ոչ պակաս վտանգավոր է լինելու:

Այս հարցին անդրադարձավ նաև ասուլիսի մյուս բանախոսը՝ Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Նա, մասնավորապես, նշեց. «Ադրբեջանի խորհրդարանը ցրվեց, արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում, փոխվեց նախագահի աշխատակազմի կադրային կազմը, որի առանձին աշխատողներ շատ ավելի ազդեցիկ են, քան որոշ նախարարներ և անգամ՝ վարչապետը: Հեյդար Ալիևից մնացածները 90 տոկոսով խաղից դուրս բերվեցին, այսօր Ադրբեջանում իշխանական սերնդափոխություն է, և քանի որ Ալիևային ներկայացնում են միակ ընդունելի ժառանգ՝ իշխանության գալու համար, ապա իրենց՝ ադրբեջանցիների աչքերում, երկաթյա կնոջ իմիջ պիտի ստեղծեն, իսկ սա նշանակում է, որ չենք կարող բացառել նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից: Նոյեմբերի սկզբին վարչապետ Փաշինյանն ինքը հայտարարեց, որ ռազմական գործընթացների վերսկսման ռիսկերը պակաս չեն, քան 3-4 տարի առաջ»:

Այս համատեքստում, ըստ Վրթանեսյանի, մեր կողմից զիջումների ակնարկը միայն վնաս է տալու, քանի որ Ադրբեջանը դա ընկալում է որպես հայկական կողմի թուլության նշան: Բանախոսները միաբերան նշեցին, որ «պետք չէ լինել ավելի խաղաղասեր, քան Հռոմի պապը», քանի որ պատերազմը դեռ ավարտված չէ:

Տեսանյութ

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА