o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայը միշտ իր ստեղծագործ միտքը ծառայեցրել է օտարներին». Մովսես Հերկելյան

21.01.2020 21:50 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հայը միշտ իր ստեղծագործ միտքը ծառայեցրել է օտարներին». Մովսես Հերկելյան

Սփյուռքահայ նշանավոր արվեստաբան, արվեստաբանության դոկտոր ՄՈՎՍԵՍ ՀԵՐԿԵԼՅԱՆԸ տարվա ընթացքում հաճախ է լինում հայրենիքում, սակայն քիչ է պատահում, որ Տարեմուտին է լինում Հայաստանում, այս տարին էլ այդ քիչ դեպքերից մեկն էր: «Իրավունքի» հետ զրույցում արվեստաբանը շեշտեց, որ յուրաքանչյուր այց զուր չի անցնում, քանի որ ուշի-ուշով հետեւում է հայաստանյան մշակութային իրադարձություններին: Ըստ նրա, Հայաստանը հարուստ է իր մշակույթով եւ ինչպես նախկինում, այսօր էլ նա ունի մի մեծ երազանք` Հայաստանը դարձնել մշակութային իրադարձությունների կենտրոն:

«Ինչ հեղափոխություն էլ լինի, եթե չկա մշակույթ, ոչնչի չենք կարող հասնել». Նաիրի Գրիգորյան (տեսանյութ)

«Հնուց, պատմական ժամանակներից, հայը միշտ դուրս է եկել իր հայրենիքից եւ ստեղծագործ միտքը ծառայեցրել օտարներին: Այսօր էլ ծառայում է օտարներին: Ես եղել եմ աշխարհի տարբեր երկրներում, լավ ճանաչում եմ մեր հիմնական գաղութները: Մենք դրսում, բոլոր բնագավառներում, ունենք միջազգային մեծություններ` գիտական ոլորտում, բժշկական, երաժշտական, թատերական, սպորտի եւ այլն, բայց չենք ջանում, որ նման ստեղծագործողները գան եւ սատարեն հայրենիքին: Եթե ասեմ բնավ չեն սատարում, սխալ կլինի, օգնում են, բայց ծրագրված ձեւով չի արվում այդ ամենը: Իրագործելու համար, իբեւ առաջին քայլ, առաջարկել եմ ժամանակին: Նախկին իշխանությունների օրոք երկու սիմպոզիումների ժամանակ պաշտոնապես խոսել եմ, որ մեր կերպարվեստը պետք է դուրս բերենք նեղ սահմաններից, լինի դա անհատական, թե` պետական մակարդակներով: Դրա համար պետք է հավաքեն 30-40 ստեղծագործողների, որոնցից մեծ մասին անձամբ ճանաչում եմ` Սփյուռքից, նույնքան էլ` Հայաստանից, խորհրդակցենք, եւ խոսակցությունը կենտրոնանա ինչ անելու, այլ ոչ թե` ինչպես անելու վրա: Յուրաքանչյուր մասնագետ մտածի, թե ինչպես անի, որպեսզի իր ստեղծագործ միտքը, տաղանդը ներդնի ի նպաստ հայրենիքի»,- ասում է Հերկելյանն ու ընդգծում. «Այս մասին նույնիսկ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի օրոք եմ առաջարկել, ի դեպ, Հրանուշ Հակոբյանը շատ դրական էր մոտենում այս հարցին, բայց չկարողացանք կազմակերպել, որովհետեւ խոչընդոտողը այդ ժամանակվա նախարար Հասմիկ Պողոսյանն էր, ու չիրականացավ: Ինչեւէ, խոսվում էր ինչ անելու մասին, ինչպես անելու մասին խոսք չկար: Ժամանակն է սփյուռքի ստեղծագործ միտքը ծրագրված ձեւով օգտագործել, ի նպաստ Հայրենիքի, այլ ոչ թե թողնեն պատահականությանը: Մենք կարիք չունենք օտարների ստեղծագործ մտքին, այլ մեր ստեղծագործ միտքը միավորելու ու ներկայացնելու»:

Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը

 

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴԻԿ ՊԱՐՏՔ ԵՆ ԱՆՈՒՄ, ՈՐ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՆ ՓԱՌԱՀԵՂ»

«Խորհրդային շրջանում 10 տարի ապրել եմ Հայաստանում, եւ պատահել է, որ հենց Նոր տարվան եղել եմ հայրենիքում, եւ պատահել է, որ 2 անգամ Նոր տարին այստեղ եմ դիմավորել: Հայաստանում Նոր տարին բարձր արժեք ունի, դա գալիս է հեթանոսական ժամանակաշրջաններից` Նավասարդից, Վանատուր` հյուրասիրության  Աստծուց: Հիմա Հայաստանում մարդիկ նույնիսկ պարտք են անում, որպեսզի Նոր տարին դիմավորեն փառահեղ ձեւով: Այդ բոլորը գնահատելի է, բայց կարծում եմ` մի քիչ չափազանցություն կա այդ ամենի մեջ: Նախընտրելի է` Նոր տարվան մշակութային ձեռնարկներն ավելացնել, մեր ավանդույթները առաջ բերել, թե ինչպես էինք հայերս հնում տոնում Նոր տարին: Այո, Տարեմուտի գիշերը անպայման այդ կերուխումը պիտի անենք, իրար մաղթանքներ հղենք, բայց հիմա, երբ հետեւում ենք հեռուստատեսություններին, հնչած մաղթանքներին, շատ նմանօրինակ են: Հուսով եմ, որ 2020-ը հայերիս համար, հատկապես հայրենիքում, կլինի բարգավաճման տարի, որովհետեւ բոլորիս հիմնական մտահոգությունը հայրենիքն է: Երբ ասում եմ հայրենիք, հասկանում եմ նաեւ Արցախը, Ջավախքը, բայց, դժբախտաբար, հույս չունեմ, որ Բեյրութի կամ բեյրութահայության վիճակն այս տարվա ընթացքում լավ կլինի»:

Ստոկհոլմի պատկերասրահից Սալվադոր Դալիի ավելի քան տասը բրոնզե քանդակ են գողացել

 

«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՆՔԱՆ Է ԽԱՌՆՎԵԼ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՏԱՐԱՆՋԱՏԵԼ ՃԻՇՏՆ ՈՒ ՍԽԱԼԸ»

- Պարոն Հերկելյանին անհանգստացնում է հայրենիքում չարացած, մեկմեկու հայհոյող հանրությունը. «Ուզում եմ իրար չփնովենք, անմակարդակ ածականներ չշարենք իրարու: Բնական է, ամեն երկրում էլ կա, եւ մեր երկրում էլ պետք է լինի քաղաքական տարբեր հոսանքներ, տարբեր հասկացություններ, բայց դա պետք է լինի կիրթ ձեւով: Նախքան մեկին գող ու ավազակ ասելը, պետք է ապացույցներ տալ, եւ ունկնդիրը, կամ ակնդիրը ինքը կեզրակացնի, որ նա գող է եւ ավազակ է: Փոխանակ ասելու, որ դիմացինը անբարոյական է... ախր, այնքան վատ խոսքեր են ասում իրար, ամաչում եմ, չեմ էլ կարող ամեն ինչ ասել: Հիմա այնքան է ամեն ինչ խառնվել իրար, որ ժողովուրդը չի կարողանում տարանջատել ճիշտն ու սխալը, եւ հաճախ ժողովուրդը սխալ է կողմնորոշվում»,- ասում է արվեստաբանն ու սթափվելու կոչ անում. «Ուշքի պիտի գանք, բեւեռացումներ չանենք, ավելի չսրենք հարցերն այնքան, որ իրար ատենք, իրար դեմ կռվենք կամ պատերազմենք, այլ փորձենք մեր ուժերը հավաքել եւ օգտագործել թշնամու դեմ: Ուզում եմ, որ այս տարին հայերիս համար լինի համերաշխության, ինքնագիտակցության, ինքնազննման տարի, որպեսզի չընկնենք այն նույն ծուղակը, որը միշտ լարել է թշնամին` հաճախ մեզ իրար հետ կռվացրել, դրսից մեզ վրա ծիծաղել ու իր ուզածին հասել: Այ, հիմա էլ նույնն ուզում են անել մեզ հետ»:

​​​​​​​«Մենք ավելի շատ ենք եւ ավելի ուժեղ, քան կարող է թվալ» (Տեսանյութ)

Նախորդ տարվա ավարտին տեղի ունեցավ Մ. Հերկելյանի եղբոր, Պետիկ Հերկելյանի գրական ստեղծագործության երեկոն, որի ընթացքում հանրայնացվեց նրա թողած գրական ժառանգությունը, որին հաջորդեց նաեւ բանաստեղծություններից մեկի հիման վրա տեսահոլովակի նկարահանումը, որը նաեւ լայն տարածում գտավ հանրության շրջանում. «Ես միշտ դժվարացել եմ խոսել եղբորս մասին, որովհետեւ նա 33 տարեկանում կյանքից հեռացավ,- ասաց Մ. Հերկելյանն ու շարունակեց. «Բայց նրա` «Մեկնում» բանաստեղծության հիման վրա նկարահանած տեսահոլովակը, կարծես թե նրա ամբողջությամբ գաղափարախոսությունն էր իր մեջ խտացնում, թե՛ խորհրդանշաններով եւ թե՛ երաժշտությամբ: Ես տեսա, թե ինչպես են կոնցերտմայստեր Մարգարիտ Սարգսյանը եւ երգիչ Անդրանիկ Մալխասյանը մեկնաբանում, կարծես թե  շատ ճիշտ խորացել էին ոչ միայն այդ բանաստեղծության էության մեջ, այլ` Պետիկ Հերկելյանի խառնվածքի ու էության եւ կարողացել էին ընկալել նրա անմիջականությունն ու անկեղծությունը, փիլիսոփայական հայացքները: Անձնապես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, քանի որ այս տեսահոլովակի միջոցով Պետիկ Հերկելյանին բացահայտեցին հայրենիքում: Նախանցյալ տարի Թումանյանի թանգարանում նաեւ հուշ-երեկո կազմակերպվեց, եւ իմ մտավորական ընկերներն ինձ մեղադրեցին, թե ինչու մինչեւ հիմա առիթ չէիր ստեղծել ներկայացնելու եղբորդ»:

​​​​​​​«2020-ը հայրենաշինության և ազգային կյանքի պայծառացման տարի դարձնենք». Ամենայն հայոց կաթողիկոս

 

ԻՆՉՈՒ Է ԼՔՎԱԾ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԽՈՍՈՂ ՔԱՆԴԱԿԸ

Հերկելյանը նաեւ բոլորի ուշադրությունն է հրավիրում Մերգելյանի բակում,1972 թվականին տեղադրված, Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսսան» քանդակի վրա. «Ճիշտ է այն տեղադրված է Մերգելյանի անվան ինստիտուտի բակում, բայց այնքան լքված է, բայց այն աշխարհի առաջին քանդակն է, որ խոսում էր, ասում էր` ա՜խ, ե՞րբ պիտի բացվի լույսը... Այն այդ ժամանակվա իշխանությունները արգելեցին, բայց այսօր դա ցնցող նորություն է, պետք է մեջտեղ հանենք, կրկնօրինակները նվիրենք աշխարհին, ցուցադրենք, թե ինչ ունենք: Երբ 1972 թվականին Երվանդ Քոչարը այդ պատգամը` ա՜խ, ե՞րբ պիտի բացվի լույսը... տալիս էր, հստակ էր, թե ինչն էր ակնարկում` անկախություն: Անկախություն ունենալը չի բավականացնում, հեղափոխություն անելը նույնպես, քանի որ եթե պատմության փորձը նայենք, կտեսնենք, որ աշխարհի բոլոր հեղափոխությունները, բացի Սինգապուրինը,  ձախողել են: Ոչ մի հեղափոխություն ամբողջությամբ չի հաջողվել, ո՛չ անգլիականը, ո՛չ ֆրանսիականը, ո՛չ ռուսականը»:

Հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարը «Կիբեռնետիկայի մուսան» արձանը ստեղծել է 1972 թվականին: Այդ ժամանակ Մերգելյան ինստիտուտը Երվանդ Քոչարին պատվիրել է կիբեռնետիկային վերաբերող արձան քանդակել: Գեղարվեստական խորհուրդը, որը խորհրդային տարիներին պարտադիր պետք է հաստատեր ստեղծագործությունները, հայտարարում է, որ այսպիսի քանդակի հանրային ներկայացումը հնարավոր չէ: Բայց քանի որ գումարն արդեն ծախսվել էր, եւ անհրաժեշտ էր զեկուցել Մոսկվա, արձանն այնուամենայնիվ տեղադրվեց: Նախատեսվում էր քանդակը կանգնեցնել ինստիտուտի հանդիպակաց պուրակում, սակայն տեղափոխվեց ինստիտուտի փակ բակ, որպեսզի տեսնողների քանակը սահմանափակ լինի, քանի որ Մերգելյան ինստիտուտը համարվում էր փակ օբյեկտ: Վերջին տարիներին խոսվում է քանդակը քաղաքի կենտրոն, մասնավորապես` Հյուսիսային պողոտա տեղափոխելու մասին: Այդ հարցը սակայն դեռեւս լուծում չի ստացել: Քանդակը պատկերում է հանգիստ, թուլացած դիրքով կիսապառկած ու կարծես մեդիտացիայի մեջ հայտնված մուսային, որը տեղ-տեղ պատված է շղարշով, իսկ տեղ-տեղ մարմնի միջից դուրս են սողոսկում մեխանիզմների բեկորները, լարերն ու զսպանակները: Մուսան կամ նոր է մաշկ ձեռք բերում, կամ էլ դանդաղորեն քայքայվում ու մաշկափոխվում է: Նրա կմախքանման մարմնից մնացել է հիմնական առանցքը: Այս կիսաիրական, կիսաերեւակայական մուսան հենված է շատ կոնկրետ իրի` հայկական կարասի վրա, որից մեղմ շիթով պետք է ջուր հոսեր: Սակայն այսօր քանդակը ջրազրկված է:

«Ցեղաշունչ քանդակագործը» (Տեսանյութ)

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА