ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Զե՛րծ մնացեք հակաօրինական եւ հակապետական քայլերից»

24.03.2017 11:36 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Զե՛րծ մնացեք հակաօրինական եւ հակապետական քայլերից»

ՀՀ առաջին նախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցն ազդարարեց նախընտրական քարոզարշավի նոր փուլը, որն էապես տարբերվում է մինչեւ այժմ տեղի ունեցած տարաբնույթ մանր ու մեծ նախընտրական ինտրիգներից: Իսկ մյուս կողմից էլ ԱԱԾ-ն այս օրերին ձեռբակալեց Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի «կնքահայր» Սամվել Բաբայանին եւ եւս երկու անձի` մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առիթով: Թերեւս շաբաթվա այս երկու գլխավոր իրադարձությունների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ ՀԵՐՄԻՆԵ  ՆԱՂԴԱԼՅԱՆԻ  հետ, որն, ի դեպ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահն է:

«Ես կողմնակից եմ ՀՀԿ-ի ինքնամաքրմանը». Սուքիաս Ավետիսյան

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ ԲԵՐԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍ»

Տիկին Նաղդալյան, Լ. Տեր-Պետրոսյանը «Հանրային ալիքով» բացահայտ խոսեց Արցախի հարցում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի որդեգրած ծրագրի մասին, ինչը հանրության լայն շրջանակների ընդվզմանն արժանացավ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Թեեւ,կարեւորն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրությունների գործընթացի մեջ բերեց քաղաքական դիսկուրս: Դա Կոնգրես-ՀԺԿ դաշինքի քաղաքական դիրքորոշումն է եւ կարծում եմ` սա հենց այն քաղաքական, գաղափարական բանավեճն է, որի բացակայությունը քաղաքական գործիչներս տեսնում էինք այս օրերին: Իրականության մեջ բոլորս էլ տեսնում էինք, որ, մեղմ ասած, ոչ բոլոր քաղաքական ուժերն են, որ ունեն գաղափարական բաղադրիչ, իրարից տարբերվող քաղաքական դիրքորոշում`  երկրի համար գլխավոր քաղաքական  օրակարգի կամ խնդիրների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Լ. Տեր-Պետրոսյանի որդեգրած քաղաքական հայացքներին եւ  սկզբունքներին, ապա ես հարգանքով եմ վերաբերվում թե՛ առաջին նախագահի,եւ թե՛  յուրաքանչյուր քաղաքական ուժի եւ գործչի մոտեցումներին, նույնիսկ եթե դրանց հետ համաձայն չեմ: Կարեւորում եմ, որ այս բանավեճը կա, նաեւ կարեւոր է, որ այսօր ունենք այնպիսի ժողովրդավարական պետություն, որտեղ  յուրաքանչյուր  քաղաքական ուժ ունի  անխափան հնարավորություն, եթե նա ունի քաղաքական սկզբունք, տարբերվող տեսակետ այն հնչեցնելու:

Ի դեպ, հանրության շրջանում առավել անհանգստացնող էր հենց այն, որ «Հանրային ալիքով» հնչեցվեցին տերպետրոսյանական զիջումային քաղաքականության մասին թեզերը...

– Այս առումով պետք է անդրադառնամ մամուլի ազատությանն ու քաղաքական ուժերի կողմից մամուլի մատչելիության խնդրին: Մեր եվրոպացի գործընկերներն այս փաստին շատ մեծ ուշադրություն են դարձնում եւ, ինչպես նկատել եք, ողջ ընտրությունների ընթացքում ոչ միայն հավասար, այլեւ  օպոզիցիոն գործիչների համար նաեւ առավել, ամենակարեւոր, ամենահնչեղ ամբիոններից, այդ թվում՝ հեռուստատեսային բոլոր ալիքներով, թերթերով, էլեկտրոնային լրատվամիջոցներով հնարավորություն ունեն իրենց կարծիքը, սկզբունքները, գաղափարները հասցնել ընտրողին, ինչն էլ արեց նաեւ առաջին նախագահը: Հիշո՞ւմ եք  այն թեւավոր խոսքը` «Ես համաձայն չեմ Ձեր կարծիքի հետ, բայց պատրաստ եմ ամեն ինչ անել` այն հնչեցնելու Ձեր իրավունքի համար»:

«Պետք է քայլեր ձեռնարկենք, որ ատելությունը եւ բարոյալքումը չդառնա ընտրական կարեւորագույն մեխանիզմ»

Լ. Տեր-Պետրոսյանն ասում է, որ Արցախի խնդիրը մեր եւ Ադրբեջանի միջեւ չէ, այլ մեր եւ աշխարհակարգի: Ավելին` այս հակամարտության կարգավորման սկզբունքները որոշելու ենք ոչ թե մենք` Հայաստանը, Ադրբեջանը կամ Ղարաբաղը, այլ միջազգային կառույցներն` ի դեմս ԵԱՀԿ-ի: Որքանո՞վ է սա համընկնում իշխանությունների տեսակետի հետ:

– Իրականում, իշխանությունն այստեղ ունի իր մոտեցումը, ինչը Հայաստանի Հանրապետության նախագահ Ս.Սարգսյանը, պաշտպանության նախարարն ու արտգործնախարարը բազմիցս հնչեցրել են: Գլխավորն այն է, որ մենք մեր նպատակը համարում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ իրավունքի հաստատումը, Արցախի անկախ պետության միջազգային ճանաչումը: Մենք տեսնում ենք, որ այսօր աշխարհում գլոբալ իմաստով քաղաքական իրավիճակի փոփոխություններ են կատարվում եւ կան օրինակներ, երբ ժողովուրդները կարողանում են իրենց պայքարի արդյունքում հաստատել իրենց ազգային ինքնորոշման իրավունքը, որը նաեւ մեր պայքարն է, Արցախի ժողովրդի պայքարն է:

Երկրորդ խնդիրը` Արցախի մասնակցությունն է բանակցային գործընթացին: Ի վերջո, Արցախի ժողովրդի օրինական իրավունքն է, որպեսզի ինքը որոշի իր ճակատագիրը, ինչպես ինքը կհամարի իր համար ընդունելի: Իսկ մնացած  գործընթացներն, այսպես ասած, մեխանիզմ են այս նպատակն իրականացնելու համար: 

Այդուհանդերձ, ՀՀ առաջին նախագահը հայտարարում է, որ իրենք եւ Հանրապետականը նույն «գծի մեջ» են, ինչը տարակարծությունների տեղիք տվեց...

– Այս օրերին տարբեր քաղաքական ուժեր, տարբեր գնահատականներ հնչեցրեցին եւ դրանց մեջ կարծում եմ՝ սեփական քաղաքական ՓԻԱՌ-ն ավելի շատ է, քան՝  քաղաքական բովանդակությունը: Ամեն դեպքում, եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ Հանրապետական կուսակցությունն ունի իր սկզբունքային դիրքորոշումն` ի տարբերություն շատ կուսակցությունների, որոնք ինչպես առաջին նախագահն ասաց, գլխավոր քաղաքական հարցերի վերաբերյալ չունեն սկզբունքային դիրքորոշում կամ շրջանցել են դրանք ու հեռու են դրանցից: Մինչդեռ, մենք տարիներ շարունակ արտահայտել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը եւ այդ քաղաքականությունն իրականացվել է ՀՀ նախագահի  գլխավորությամբ: Այն է` մենք պայքարում ենք Արցախի ժողովրդի անկախության իրավունքի հաստատման համար:

«Խորհրդարանական ընտրությունը մանկապատանեկան սպարտակիադա չէ, որ ով երբ ուզի, որոշի անել»

«ՕՐՕ ԴԱՇԻՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ՎՏԱՆԳ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ»

Անդրադառնանք նաեւ մեծ աղմուկ բարձրացրած պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձեռբալալությանը: Արդյո՞ք այն կարող էր քաղաքական ենթատեքստ ունենալ, ինչպես այն մեկնաբանվեց ՕՐՕ դաշինքի կողմից:

– Իհարկե, գտնվեցին քաղաքական ուժեր, որոնք շտապեցին քաղաքական աստառ տալ տեղի ունեցածին, բայց կարծում եմ` սա այն խնդիրն է, որի դեպքում չի կարելի շտապել եւ  անհիմն գնահատականներ հնչեցնել: Նախ պետք է հասկանալ, թե իրականության մեջ ինչ է կատարվել եւ թողնել, որպեսզի պատկան մարմինները կարողանան իրենց մասնագիտական աշխատանքը իրականացնել եւ ներկայացնել հանրությանը, որից հետո նոր  կգա  գնահատականներ տալու ժամանակը : Այն մեկնաբանությունները, որոնք հնչում են, թե իբրեւ իշխանությունները սա անում են, որովհետեւ վտանգ են տեսնում եւ այլն, բացարձակապես իրականության հետ որեւէ աղերս չունեն: Հանրությունը կարող է շատ հստակ արձանագրել, որ թե՛  ՕՐՕ դաշինքի, եւ թե մեկ այլ քաղաքական ուժի  հետ կապված իշխանությունը ընտրական գործընթացում ոչ մի վտանգ չի տեսնում  եւ  որեւէ դեպքում չի գործի նման միջոցներով կամ նման ճանապարհով:

ՕՐՕ դաշինքը բավական սուր շեշտադրումներով հայտարարություն տարածեց՝ Սամվել Բաբայանի ձերբակալության առիթով , ինչպե՞ս կմեկնաբանեք այն….

- ՕՐՕ դաշինքի ներկայիս մոտեցումն  առնվազն զարմանալի է, որովհետեւ դեռեւս նախընտրական քարոզարշավի սկզբում դաշինքը  դիստանցիա վերցրեց եւ իրեն հեռու դիրքավորեց Սամվել Բաբայան անձից՝ վստահեցնելով, որ որեւէ տեսանելի  կամ հետին պլանի կապ դաշինքի եւ նրա միջեւ չկա: Նրանց այժմյան մոտեցումը անհասկանալի է՝ կա՛մ հիմա են ցանկանում դիվիդենտներ քաղել՝ քրեական հարցը քաղաքականացնելով,   կա՛մ այն ժամանակ  էին փորձում  թյուրիմացության մեջ գցել հասարակությանը:

«Իրականում կարող եմ ասել, որ ընտրություն տեղի չունեցավ»

Ի վերջո, ո՞ր ուժերին են ձեռնտու իրավիճակի նման սրացումները՝ իրենց հետեւանքներով հանդերձ…

- Մենք առիթ ունեցել ենք ասելու, որ սրացման գնալու են այն քաղաքական ուժերը, որոնք տեսնում են իրենց սնանկությունը, որովհետեւ չունեն ո՛չ ասելիք ընտրողին, ո՛չ էլ  դրական վերաբերմունք ընտրողի մոտ: Հետեւաբար, որպես փրկարար օղակ, իրենց մնում են նման սադրանքները, միջադեպերը, իրավիճակի լարումը: Սրանք  քաղաքական ուժի կամ գործչի վերահաս պարտության նշաններն են...

Կցանկանայի ընտրության բոլոր մասնակիցներին եւս մեկ անգամ հիշեցնել, որ մեր երկրի, մեր պետության կյանքում շատ կարեւոր հանգրվանում ենք գտնվում: Մեզ համար այսօր, կարելի է ասել, ճակատագրական խնդիր է, որպեսզի ժողովուրդը կարողանա իր ընտրությունը կատարել, իր վստահության քվեն տալ հենց այն ուժերին, այն գործիչներին, որոնց վստահում է, որպեսզի այն մարմինը, որը այս ընտրություններով ձեւավորվում է, լինի իսկապես, անթերի` իր լեգիտիմությամբ: Դրա համար էլ անհրաժեշտ է, որպեսզի ընտրությունները կայանան անբիծ եւ անստվեր ու իրականում մեր հասարակության վերաբերմունքի արտահայտումը լինի: Այս առումով կոչ եմ անում, որպեսզի հակաօրինական եւ հակապետական քայլերից զե՛րծ մնան բոլոր քաղաքական ուժերը եւ դրանով չփորձեն սեփական պարտությունը ծածկել: Հորդորում եմ` հեռու մնալ այնպիսի ճանապարհներից, որոնք կտանեն մեր հանրությանը երկփեղկման, սրացումների եւ կստվերեն այս ընտրությունը:

Սրացում  չէ՞ք  դիտարկում  նաեւ ԲՀԿ-ի սպառնալիքները, որոնք շատ կոպիտ տոնով հնչեցվեցին Սյունիքի մարզում՝ Նաիրա Զոհրաբյանի կողմից….

-Նախ չեմ կարծում, որ դա  «Ծառուկյան» դաշինքի պաշտոնական դիրքորոշումն է, այլապես այն կհնչեր ոչ Ձեր նշած անձնավորության կողմից: Ինչ վերաբերվում է կոպիտ տոնին, ապա պետք է ասեմ, որ մենք տարիներ շարունակ աշխատում ենք՝ քաղաքականության մեջ կանանց մասնակցությունը ընդլայնելու ուղղությամբ՝  ակնկալելով  կանանց բնորոշ վարքագիծ, քաղաքակիրթ բանավեճ, «մեղմ ուժ»,  եւ ոչ՝  վերջին ժամանակներում կին-գործիչների մոտ տարածում գտնող անհանդուրժողականություն, կոպտություններ, հոխորտանք, կնոջը ոչ հարիր հայտարարություններ կամ գործելակերպ: Կոչ եմ անում քաղաքական գործընթացներում ներգրավված բոլոր կին գործիչներին՝ տղամարդկանց անընդունելի  հատկանիշները չկրկնել:

«Էյֆորիան դեռ կա, եւ այն վերածեց այս ընտրությունները քաղաքական ընտրությունների»

Այնուամենայնիվ, ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքը, կարծես, օր-օրի առավել նոր դրսեւորումներ է ունենում….

Ինչու ԲՀԿ-ն ընդդիմադի՞ր է, ո՞վ է նրան ընդդիմադիր համարում՝  ո՛չ ինքը՝ ԲՀԿ-ն, ո՛չ ժողովուրդը, ո՛չ քաղաքական դաշտում մրցակցության ելած մնացած ընդդիմադիր կուսակցությունները: Օրինակ, երբ ներկայանում է Իշխան Զաքարյանը, որեւէ մեկի մոտ ընդդիմադիր գործչի հետ ասոցացիա առաջանո՞ւմ է: Իհարկե` ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА