ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՉՈՐՐՈՐԴ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ»` ՉԷ ՄԻ ՉԷ 

27.06.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՉՈՐՐՈՐԴ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ»` ՉԷ ՄԻ ՉԷ 


Րաֆֆի Հովհաննիսյանի համագումարին հնչեց բավականին վաղուց մոռացված բառակապակցություն` «Չորրորդ հանրապետություն»: Հարկ է հիշեցնել, որ առաջինը դա շրջանառության մեջ մտցրել էին սէֆիլյանականները, ժամանակ առ ժամանակ օգտագործում էին «Ժառանգության» ներկայացուցիչները, իսկ հատկապես այդ բառակապակցությունը սիրում են Եվրոպայի եւ Ամերիկայի այն կառույցները, որոնք զորակցում են  ՊՊԾ գունդը զավթած զինված խմբին: ՄԻԼԻՈՆԸ ԲԵՐԻ՞Ն
Բայց մի պահ հանգիստ թողնենք քաղաքական «դուրիստ» Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի անդրադառնանք ավելի մեծ քաշ ունեցող ֆիգուրին, որը բացառված չէ, մի օր էլ նույն Րաֆֆիի «կերակրիչ հայրիկը» դառնա: 
Խոսքը ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու մասին է, ով երկուշաբթին սկսեց` գրանտասեր «քաղաքացիական հասարակությանը» անչափ ուրախացնելով: Դեսպանը ավետեց, որ ԵՄ-ն քաղհասարակության զարգացման համար հատկացնում է մեկ միլիոն եվրո: Դե իհարկե, գրանտասեր տղաներին եւ աղջիկներին դա պետք է ուրախացնի, քանզի «քեռի Սեմը»` ի դեմս Դոնալդ Թրամփի, դարձել էր անչափ ժլատ, հեղափոխական ցնցումների ունակություն չունեցող` «քաղաքացիական հասարակությանը» իրավամբ համարելով սովորական պորտաբույծ: Պարոն Սվիտալսկին էլ, իր ներկայացրած կառույցով հանդերձ, համերաշխ կլիներ ամերիկյան գործընկերների հետ եւ կնախընտրեր գործ ունենալ առավելապես իշխանությունների հետ, եթե նախարար Դավիթ Հարությունյանն ու մի շարք ՀՀԿ-ականներ, այդ թվում եւ իշխող կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, դեսպանի բերնին չգային եւ չհիշեցնեին չափուսահմանը եւ դիվանագիտական էթիկան ճանաչելու անհրաժեշտության մասին: Այնպես որ, գրանտասեր տղաներն ու աղջիկները, ժողովրդի խոսքով ասած` պետք է ՀՀԿ-ի ոտքերը լվանան եւ ջուրը խմեն, քանզի, եթե իշխող կուսակցությունը կուլ տար Սվիտալսկու «ցուցումները»` ԿԸՀ-ի մասին եւ նրա դատողությունները` կասկածելի լեգիտիմությամբ ընտրական գործընթացի վերաբերյալ, ապա իրենք կստանային ոչ թե եվրոպական դրամաշնորհներ, այլ լոկ բավականին ժլատ խրախուսական շնորհակալություն: Իսկ շնորհակալությունը, ինչպես հայտնի է, հացի վրա չես քսի:
Իսկ ինչո՞ւ մենք մատնանշեցինք, որ, միգուցե, Րաֆֆի Հովհաննիսյանն ու վերջինիս համախոհները պարոն Սվիտալսկուն, բացառված չէ, ապագայում «կերակրող հայրիկ» համարեն` այն պատճառով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքում էլ հնչեց, որ հարկ է վերականգնել իշխանության ապալեգիտիմացման թեման. «Պետք է գործողության մեջ դնել հնարավոր ամեն ինչ: Սկսած պայքարի նորանոր կենտրոններ ստեղծելուց, վերջացրած հակապետական միջազգային պայմանագրերը եւ հակասահմանադրական ազգային օրենքները չճանաչելով: Կարեւոր անելիքներից է իշխանության բռնազավթման թեմայի արդիականացումը»: 
Բայց անշուշտ հարցական է` իսկ ԵՄ դեսպանը ցանկություն կունենա՞ հույսեր կապել ձախողակ քաղաքական ուժի հետ, որին «Ելք» խմբակցության քարտուղարը իրավամբ անվանել էր «քաղաքական դիակ»: Թե՞ «դուրիստ» կուսակցապետը հույս ունի, որ Արեւմուտքում պարզապես այլընտրանք չունենալու պատճառով իրենց հետ գործ կբռնեն: ՕՐՕ ԴԱՇԻՆՔԸ ԿՑԱՆԿԱՆԱ՞ ՀԱՅՏՆՎԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ 
ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ
Ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանից հեռացած Զարուհի Փոստանջյանը քանիցս հնչեցրել է այս կամ այն պետական շենքը գրավելու կոչը` դա անելով անգամ խորհրդարանական ամբիոնից: Սակայն նրան ընդամենը մեկ անգամ հրապարակային զգուշացում է հղվել ԱԱԾ-ի կողմից այդպիսի կոչերի անթույլատրելիության մասին: 
Եվ ահա նույնաբովանդակ կոչ դատարանի դահլիճում հնչեցրեց եւ ՊՊԾ գունդը գրաված գրոհայինների փաստացի առաջնորդ Վարուժան Ավետիսյանը: Սակայն այդ կոչի վերաբերյալ միանգամից նոր քրեական գործ հարուցվեց, եւ հավանաբար դրա շնորհիվ Ավետիսյանի պատժաժամկետն էլ կավելանա: Հիմա ի՞նչ, այն, ինչ կարելի է Զարուհուն, չի կարելի Վարուժանի՞ն: Կարծում ենք, պարզապես իրավիճակն ու հանգամանքներն են փոխվել: 
Այժմ քաղաքական ծայրահեղականությունը մղված է այնտեղ, ուր իր արժանի տեղն է` լուսանցք: Եվ իրավապահ համակարգը սկսեց պատժել հակասահմանադրական կոչերի համար, թեեւ միշտ էր պարտավոր դա անել: Բայց նման է, որ ծայրահեղականության դաշտն ու հռետորաբանությունը դեռեւս փորձում է օգտագործել Րաֆֆի Հովհաննիսյանը, կամ ավելի ճիշտ` ՕՐՕ դաշինքի վերնախավը` որպես այդպիսին: Չէ՞ որ ինչ-որ տեղ «Ժառանգության» համագումարը կարելի է համարել ՕՐՕ դաշինքի համագումար` ներկա էին ե՛ւ Սեյրան Օհանյանը, ե՛ւ Վարդան Օսկանյանը: 
Ծայրահեղականության ոգով ներծծված է եւ համագումարի ընդունած բանաձեւը, մասնավորապես. «Միատեղելու ենք ջանքերը` համախմբելու համար բոլոր իրապես ընդդիմադիր ուժերին ընդդեմ կուսակցապետության, ընդդեմ ոստիկանապետության եւ հանուն Հանրապետության: Ժողովուրդը եւ ընդդիմությունը չեն պարտվել, քանի դեռ չեն լքել իրենց դիրքերը: Պայքարը շարունակվում է, որովհետեւ անկարելի է այսպես հանդուրժել եւս հինգ տարի»: Ավելին, ըստ հռչակագրի. «Առաջիկա հինգ տարիներին համապետական ընտրությունների բացակայությունը ստիպում է մեզ պատրաստվել արտահերթ թավշյա իշխանափոխության: Սա կռիվ է հանուն հույսի ու լույսի, հանուն արդարության»: 
Բայց, օրինակ, Սեյրան Օհանյանը, ում մասին չար լեզուներն ասում են, որ չկարողացավ Մոսկվայում գործ գտնել, համեմատաբար զգուշավոր էր արտահայտվում. «Ասում են, թե մենք առաջիկա հինգ տարվա ճակատագիրն ընտրել ենք, բայց ով է ասում, որ եթե փոփոխություններ չլինեն, մենք պետք է լռենք»: Պաշտպանության նախկին նախարարը զգուշավորության դրդապատճառներ ունի` ի վերջո հանրության սեփականություն էին դարձել նրա ղեկավարության օրոք բանակային գանձագողության մասին տեղեկությունները, եւ, խոշոր հաշվով, ցանկացած պահի էլ նրա հետեւից կարող է գալ հատուկ մեքենան, որը կտեղափոխի նույն Վարուժան Ավետիսյանի մոտ: Նույն մտավախությունների տեղիք ունի եւ Վարդան Օսկանյանը` իզուր տեղը չէր, որ ժամանակին «փողերը լվանալու» գործով ԱԺ դահլիճում դատախազը նրան հարցեր է ունեցել տալու: Ի դեպ, ՕՐՕ դաշինքի հետ կապակցված Սամվել Բաբայանի քրգործում էլ հայտնվել է «փողերը լվանալու» մեղադրանք: 
Հիմա հարց` իսկ արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հավակնոտ հայտարարում է, թե պատրաստ է միավորել բոլոր «իսկական ընդդիմադիրներին», կհանդգնի մտնել հակասահմանադրական կոչերի կամ գործողությունների տիրույթ: Թե՞ կփորձի այնքան ճարպիկ գտնվել, որ ե՛ւ արմատական «իշխանափոխական» ընդդիմադիրի տեսք ունենա, ե՛ւ միաժամանակ դատախազը չգա նրա հետեւից: Բայց պարզ է, որ մեր ժողովուրդը չի սիրում «հույժ ճարպիկներին», առավել եւս, որ մարդիկ չեն մոռացել, թե ինչպես իր վարկանիշի գագաթնակետին ոստիկանապետի ուղեկցությամբ գնաց մոմ վառելու եւ աղոթելու: Իսկ ոստիկաններից ծեծ ուտելը բաժին էր հասել նրա տեղակալ Արմեն Մարտիրոսյանին: 

ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ
 ԲԱՂԱԴՐԻՉ
Այն, որ Րաֆֆին ահավոր նեղվել է «քաղաքական դիակ» բնորոշումից, երեւաց եւ նրա ելույթից: Մասնավորապես. «Մենք կհամագործակցենք բոլոր մեր գործընկերների հետ թե՛ ԱԺ-ում, թե՛ դրանից դուրս, բայց բոլոր կուսակցություններում կան նորմալ մարդիկ, եւ կան գռեհիկ հայհոյողներ: Գռեհիկ հայհոյողներ կան եւ ընդդիմադիր դաշտում: Քանի որ ընդդիմադիր մեր գործընկերները չեն ունեցել այդ խիղճը, ողնաշարը, տղամարդկությունը` ներողություն խնդրելու, ես ազգային հերոսի առջեւ ներողություն եմ խնդրում, որ տակավին ունենք երիտասարդ սերնդի անդաստիարակ անդամներ, որոնք խոսում են քաղաքական դիակների մասին: Ամեն մեկս կգնա Աստծո կամոք դիակ կդառնա, բայց ես ամաչում եմ, որ այս որակն է նաեւ ընդդիմադիր դաշտում»: 
Ի դեպ, «Ելքի» նկատմամբ վերաբերմունքը «րաֆֆիամերձ» միջավայրում առավել քան բացասական է: Թեեւ Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի հաղթահարել փողոցային ակտիվիստի որոշ գռեհիկ դրսեւորումներ, այնուամենայնիվ, նրա մասին ոչ միայն տիկին Փոստանջյանի կուսակցությունում, այլեւ պարոն Րաֆֆիի շրջապատում խոսում են, որ Բաղրամյան 26-ի սպասավոր են: Իսկ հիմա էլ ավելի ու ավելի բարձրաձայնվում են այն մեղադրանքները, թե «Ելքը» ծախվել է ռուսներին: Դա հատկապես թեժացավ այն բանից հետո, երբ ամենայն հայոց էլեկտրիկ Էդմոն Մարուքյանը բաց նամակ գրեց ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանին, բողոքելով, որ ԵԱՏՄ տարածքում Ռուսաստանը խախտում է ազատ տնտեսական հարաբերությունների կանոնները: Դա արդեն ծայրահեղականները որակում են «նամակ ռուսաց թագավորին», ու «Ելքին» էլ որակում ոչ միայն իշխանությունների, այլեւ Մոսկվայի սպասարկու: 
Եթե զննենք «Ժառանգության» համագումարի հռչակագրի տեքստը, ապա այնտեղ հնչում է մեղադրանք, թե Հայաստանը «գուբեռնիա» է. «Հայաստանի չդադարող մարդաթափումը եւ թուլացումը հղի են ոչ միայն պետականության կորստով ու Հայաստանը վերջնականապես «գուբեռնիայի» վերածելու հեռանկարով, այլեւ նոր պատերազմով եւ խիստ անցանկալի հետեւանքներով»: Բնականաբար, համագումարի տիրույթում հնչում էր եւ «ապագաղութացում» տերմինը: 
Հարկ է նշել, որ Հայաստանը «ապագաղութացնելու» ցանկություն մշտապես հայտնել են սէֆիլյանականները, իսկ Վարուժան Ավետիսյանն էլ քանիցս այդ բառը օգտագործել է իր` դեռեւս փետրվարին բանտում գրված հոդվածում: Դրա տակ այդ ակնհայտ «նարնջագույն» կոնտինգենտը հասկանում է բացառապես ծայրահեղ արեւմտամետությունը եւ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների դադարեցումը: 
Ի դեպ, ԵՄ դեսպան Սվիտալսկու խոսքում էլ հնչել էր, թե ՀՀ ինքնիշխանության սպառնալիքները այլ տեղ է պետք որոնել` դրանով թերեւս ակնարկելով հյուսիսային ուղղությունը: Պարզ է, որ Սվիտալսկին ցանկալի կհամարեր ՀՀ-ի ամբողջական հրաժարումը ԵԱՏՄ-ից եւ ամբողջական ասոցացումը ԵՄ-ին: Բայց արդյո՞ք անգամ ադ դեսպանը կցանկանա իր անունը կապել ծայրահեղական հայտարարություններ անողների հետ: Չէ՞ որ, ի տարբերություն ժամանակ առ ժամանակ իր բախտը փորձող «քաղաքական դուրիստ» Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ստվերային խաղեր սիրող Վարդան Օսկանյանի, նա, այնուամենայնիվ, շատ լավ գիտի, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА