ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շատ ավելի կարեւոր է զինվորների կյանքը փրկել...». գեներալ Փանոս Մանճյան

27.09.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Շատ ավելի կարեւոր է զինվորների կյանքը փրկել...». գեներալ Փանոս Մանճյան

Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, նույն հանրապետության զինված ուժերի բրիգադիր-գեներալ, ազգությամբ հայ ՓԱՆՈՍ ՄԱՆՃՅԱՆԸ, որը 2,5 տարի եղել է նաեւ Լիբանանի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության պետական նախարարը, օրերս գտնվում էր Երեւանում: Առիթից օգտվելով` «Իրավունքը» զրուցեց լեգենդար գեներալի հետ Հայոց բանակի ու հայկական հիմնախնդիրների, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների մասին: Սակայն, մինչ այս ամենին անդրադառնալը` Փ. Մանճյանը նախեւառաջ խոսեց իր անցած ուղու մասին:

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է լուսանկար Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ և այն որակել՝ պատմական

«ՀԱՅԸ ԿԱՐՈՂ Է ԼԻԲԱՆԱՆՆ ԱՎԵԼԻ ԱՆՁՆՎԻՐԱԲԱՐ ՍԻՐԵԼ, ՔԱՆ ԻՐԵՆՔ» 

– Երբ Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմը, նոր էի ավարտել ռազմական ուսումնարանը: Եվ որպես դասակի հրամանատար` մասնակցում էի ավազակախմբերից Արեւելյան Բեյրութի ռազմավարական օբյեկտների ազատագրմանը: Լիբանանցի սպաների աչքերում ես հայ համայնքի ներկայացուցիչ էի ու նպատակ էի դրել նրանց ապացուցել, որ հայը կարող է Լիբանանն ավելի անձնվիրաբար սիրել, քան իրենք: Ուստի` հավատարիմ մնալով երդմանս` կարողացա օգնել լիբանանցի հայերի ինքնապաշտպանական ջոկատների ձեւավորմանը, եւ մեզ հաջողվեց զգալի ներդրում ունենալ Բեյրութի անկարգությունների ժամանակ չեզոքություն պահպանող հայկական թաղամասերի պաշտպանության գործում: Իսկ 1983-ին արդեն կապիտան էի, երբ ծանր վնասվածք ստացա մարտի ժամանակ եւ գրեթե կես տարի մնացի հիվանդանոցում: Ապաքինվելուց հետո ինձ ուղարկեցին ԱՄՆ` տանկային մարտարվեստ ուսանելու: Ութ տարի  խորացնելով իմ ռազմական վարպետությունը Կանզասում եւ Կենտուկիում, այնուհետեւ որակավորումս բարձրացրի Կանադայի ռազմական ակադեմիաներից մեկում: Ուսումից հետո վերադարձա հայրենի Լիբանան եւ ծառայության ընթացքում հասա մինչեւ Լիբանանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:

«ՉՊԵՏՔ Է ՕՐԱԿԱՆ ԶՈՀԵՐ ՈՒՆԵՆԱՆՔ` ԹՇՆԱՄՈՒ ՈՒԶԱԾ ՎԱՅՐԿՅԱՆԻՆ»

– Պարոն գեներալ, հետաքրքիր է` ինչպիսի՞ն է ձեր տեսլականը Արցախի հիմնախնդրի լուծման հարցում:

– Արցախյան սահմանն ամեն գնով` Սփյուռքով, Հայաստանով, Արցախով պետք է ամրացվի: Մենք չպետք է օրական զոհեր ունենանք թշնամու ուզած վայրկյանին, այլ պետք է երբեմն էլ գործողություններ սկսողը մենք լինենք, որպեսզի թշնամին զգա, որ քնած չենք, մշտարթուն ենք: Եվ, անշուշտ, դիրքերի բարելավումը, վերահաստատումը, զորացումը պետք է լինի առաջնային խնդիր: Ավելին` այսօր շատ ավելի կարեւոր է զինվորների կյանքը փրկել եւ նույնիսկ միլիոններ ծախսել դրա համար, քան զոհերի ու վիրավորների ընտանիքների ծախսերը հոգալով զբաղվել:

– Լինելով ռազմական գործի գիտակ եւ հնարավորություն ունենալով իրադարձություններին հետեւել կողքից` ըստ Ձեզ, որո՞նք էին ապրիլյան պատերազմում մեր թերությունները:

– Միգուցե, Ձեզ համար տարբերվող տեսակետ կլինի ասածս, բայց ինձ պես մեկի համար, որը, իսկապես, հեռվից է հետեւել դեպքերին, կարեւոր է, որ «ինչո՞ւ եղավ» եւ «ինչպե՞ս եղավ» հարցերը դրվեն վերաքննության: Առհասարակ, որեւէ վնասի դեպքում, որեւէ ճակատամարտի վերջում նստում եւ սերտում են` ի՞նչ եղավ, ինչո՞ւ այդքան զոհ տվեցինք: Այս հարցերի պատասխանները կարեւոր են ոչ թե պատժելու կամ պատժվելու համար, այլ որպեսզի նման դեպքեր որեւէ անգամ այլեւս չկրկնվեն, կանխարգելիչ քայլեր ձեռնարկվեն: Թե ինչ է եղել իրականում, այսօր էլ չգիտեմ ու չեմ կարող մանրամասնել, բայց մի բան վստահաբար կարող եմ ասել` տեղի ունեցածից, իբրեւ շահ, պետք է դասեր քաղենք:

«Ոչ մի ճնշում եւ հակաօրինականություն չի կարող ստիպել մեզ հետ կանգնել»

«ՃԵՐՄԱԿ ՋԱՐԴՆ ԱՅՍՊԵՍ Է ՍԿՍՎՈՒՄ»

– Հայկական Սփյուռքը տարիներ շարունակ բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ձեր կարծիքով` այս ուղղությամբ այսօր ունե՞նք առաջընթաց:

– Առաջընթաց կլինի այն, որ ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջենք, այլ նաեւ հատուցում: Մեզ այլեւս չի բավականացնում միայն ճանաչումը: Այո՛, բոլորս էլ տեսնում ենք, որ ամեն տարի տարբեր երկրներ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայից, Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից ճանաչում են Ցեղասպանությունը, բայց խնդիրն այսօր մեր իրավունքների հատուցումը պահանջելն է: Վերջիվերջո, 1915 թվականին թուրքական իշխանությունը ոչ միայն սպանեց մեկուկես միլիոն հայերի կամ օտարության ուղարկեց, այլ նաեւ գրավեց մեր եկեղեցիները, մեր դպրոցները, մեր հողերը: Այս ամենի հատուցումն է մեր ուզածը, ոչ թե այն, որ այսօր Թուրքիայից ինչ-որ մեկը կամ վաղը մի ուրիշ Էրդողան գա եւ ասի, թե ճանաչում է, որ իրենց հայրերը ցեղասպանություն են արել: Կրկնում եմ` Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո այլեւս չպետք է միայն ճանաչում պահանջենք, այլ նաեւ հատուցում:

– Հայոց ցեղասպանությունից հետո մեծ թվով հայեր ապաստան գտան նաեւ Լիբանանում: Այսօր ի՞նչ խնդիրներ ունի տեղի հայ համայնքը:

– Լիբանանի հայ համայնքը, ինչպես յուրաքանչյուր լիբանանցի ժողովուրդ,  տնտեսական դժվարին իրավիճակում է: Եվ, անշուշտ, կա համայնքի քայքայում, օտարամոլություն, ձուլում: Իհարկե, եթե համեմատենք ուրիշ երկրներում մեր հայկական գաղութների հետ, ավելի քիչ է, բայց մենք էլ այսօր կանգնած ենք ուծացման վտանգի առաջ: Ունենք շատ խառնամուսնություններ եւ ամուսնալուծություններ, որոնք քայքայում են հայկական ընտանիքները: Երբ տնտեսական վիճակը լավ չէ, մարդիկ արտագաղթում են` ոչ թե վստահ լինելով, որ մեկ ուրիշ տեղ ավելի լավ կլինի, այլ ասում են` միեւնույնն է, այստեղ էլ եմ աղքատ, գոնե ԱՄՆ-ում կապրեմ: Այդպես դիմանում է մեկ սերունդ, երկու սերունդ, իսկ երրորդն արդեն ունի մեքսիկացի տիկին կամ սեւամորթ ամուսին... Ճերմակ ջարդն այսպես է սկսվում:

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԴ ԶԻՆՎԱԾ, ԱՊՈՒՇ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ Է»

– Մերձավոր Արեւելքում իրավիճակը, ինչպես գիտեք, հիմա էլ շարունակում է պայթյունավտանգ մնալ: Ի՞նչ հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխություններ կարող են տեղի ունենալ, որոնք այս կամ այն կերպ կարող են առնչվել նաեւ Հայաստանին:

Դասադուլների «տոկոսները»․ «Հայոց աշխարհ»

– Մերձավոր Արեւելքում ամենամեծ վտանգը իսլամական ծայրահեղական խմբավորումներն են: Փառք Աստծո, Հայաստանը, կներեք խոսքիս համար, այդ զինված ապուշ շարժումներից հեռու է: Մեզ արդեն իսկ բավական են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունեցած խնդիրները: Այսօր մեզ համար ավելի վտանգավոր է այն, որ հայկական գաղութներից` Լիբանանից, Սիրիայից, Իրաքից մարդիկ, վտանգված լինելով, նախընտրում են գնալ Արեւմուտք, քան գալ դեպի Հայաստան` կարծելով, թե Հայաստանն ինքն էլ վտանգի մեջ է: 

– Այդ պատկերացումների վերանայման առումով` ի՞նչ արդյունք ունեցավ նախորդ շաբաթ տեղի ունեցած «Հայաստան-Սփյուռք» 4-րդ համահայկական համաժողովը: 

– Արդյունք կլինի այն ժամանակ, երբ ընդունված որոշումները սկսեն կիրառել, ինչն էլ կփաստի` համաժողովը հաջողություն ունեցավ, թե` ոչ: Իհարկե, որոշումները, գաղափարները շատ լավ են, առաջարկները` նույնպես, բայց այդ առաջարկները պետք է համախմբել եւ գործածել: Ամենակարեւորն այն չէ, թե ինչ տեղի ունեցավ համաժողովի ժամանակ, այլ այն, թե վաղվանից ինչ գործողություններ կհաջորդեն դրան:

«ՄԵՐ ՈՒԺԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԵԿՏԵՂԵՆՔ»

– Ի դեպ, Հայաստանը, որպես իր անվտանգության երաշխավոր, ընտրել է ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը, որի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ տարբեր տեսակետներ են հնչում: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

– Սա քաղաքական որոշում է, իսկ ես զինվորական եմ եւ չեմ ուզում հայաստանյան քաղաքականության մեջ մտնել: Այո, թերեւս 15 տարիներ ի վեր, մենք չենք կարողացել ռուսական հովանավորությունից դուրս գալ, որովհետեւ իրատես ենք: Իսկ իրողությունն այն է, որ ապրում ենք ռուսական հովանու ներքո: Այնպես որ, պետք է մեր ոտքերը գետնի վրա պահենք, չմտածենք դեպի  ԱՄՆ կամ Եվրոպա գնալու մասին: Միեւնույն ժամանակ, պետք չէ թշնամական վերաբերմունք ունենանք նրանց հետ: Սակայն փաստն այն է, որ մեր պաշտպանն ու պահապանն այսօր Ռուսաստանն է:

– Լեգենդար գեներալն ի՞նչ խորհուրդ կտա ՀՀ զինված ուժերին:

– Ոչ թե խորհուրդ, այլ մաղթանք ունեմ` թող Աստված ուժ ու կորով տա իրենց: Կառավարությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունն անշուշտ պետք է անեն իրենցից կախված անգամ անհնարինը, բայց նաեւ ժողովուրդը պետք է անի նույնիսկ անկարելին, որպեսզի որեւէ մեկը փախուստ չտա այդ սուրբ եւ նվիրական գործից, որը սահմանը պաշտպանելն է: Չէ որ եթե Հայաստան չլինի, չի լինի նաեւ հայությունը: Եթե Հայաստանը, հայկական բանակը զորավոր չէ, մենք չկանք, Սփյուռքը չկա: Ուրեմն` մեր ճիգերը, մեր ուժերը պետք է մեկտեղենք` հայկական բանակի զորացման համար:

Ի՞նչ է ակնարկում ԱՄՆ նախագահը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА