ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այլեւս անտանելի է, Թուրքիան իր պատիժը պետք է ստանա». Սեդրակ Աճեմյան

30.01.2018 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այլեւս անտանելի է, Թուրքիան իր պատիժը պետք է ստանա». Սեդրակ Աճեմյան

Հայ-թուրքական սին արձանագրությունները հետկանչելու գործընթաց սկսելու ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախանշված ժամկետը մոտենում է ավարտին: Իսկ մինչ այդ, թուրք պատգամավորի կողմից ԵԽԽՎ-ում դրա վերաբերյալ հարց հնչեց` ուղղված ՀՀ նախագահին, որին ի պատասխան` Սերժ Սարգսյանը մասնավորապես հիշեցրեց« որ 2016 թվականի արցախա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիան աշխարհի միակ պետությունն էր« ով սատարեց այդ ռազմական գործողությունները« եւ նախագահի ու վարչապետի մակարդակով չորս օրում հինգ հայտարարություն ընդունվեց` ի պաշտպանություն Ադրբեջանի. «Այդպիսի պարագաներում ի՞նչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել: Դա մեր ժողովրդի համար վիրավորական կլինի: Հարաբերություններ հաստատելու համար գնալ միակողմանի զիջումների՞»:

Արցախի ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Կիպրոսի ԷՏԷՔ կուսակցության ներկայացուցիչներին

Անդրադառնալով վերոնշյալ արձանագրությանը` ՀՀ նախագահի դիրքորոշմանն ու Թուրքիայի պահվածքին` «Իրավունքի» հետ զրույցում ՍԴՀԿ Հայաստանի վարչության նորընտիր ատենապետ, լիբանանահայ ՍԵԴՐԱԿ ԱՃԵՄՅԱՆՆ ընդգծեց, որ իրենք դեռ տարիներ առաջ բողոքել են այդ արձանագրությունների կապակցությամբ:

– Մենք ի սկզբանե էլ չենք ընդունել այդ արձանագրությունները եւ ժամանակին մեր ասելիքն ասել ենք, որ դրանք պետք է հետ կանչվեն: Արդեն բավական ժամանակ է անցել, եւ հիմա սպասում ենք, որ այդ հետկանչման գործընթացն իրականություն դառնա:

– Իսկ դրանից հետո` որեւէ կերպ տեսնո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր տարբերակ:

– Կարծում եմ` շարունակությունը պետք է լինի ոչ թե այդպիսի արձանագրություններով, այլեւ նուրբ քաղաքականությամբ: Դիմացինը մեզ ոչինչ չի պատրաստվում տալ, մենք ինչո՞ւ պետք է տանք ու զիջումների գնանք: Ի վերջո, մենք առնելիք ունենք այսօրվա Թուրքիայից, ոչ թե իրենք մեզնից: Այս տարբերությունը շատ կարեւոր է ընդունել: Այնպես որ, հայ ժողովրդի իրավունքն է այդ արձանագրությունները հետկանչել:

– Ի դեպ, թուրքական բանակը կրկին ներխուժել է Սիրիայի սահմանամերձ շրջաններ: Ձեր կարծիքով` այն ի՞նչ վտանգներով է հղի մեզ համար:

– Թուրքիան իր դիվանագիտությամբ` ինչպես անցյալում, այնպես էլ այսօր նույն խաղն է խաղում ու ամերիկյան եւ ռուսական հարցերի մեջ բավական խորամանկությամբ փորձում է լողալ: Բայց ես սպասում եմ, որ անպայման գալու է օրը, երբ Թուրքիան իր պատիժը կստանա, որովհետեւ այլեւս անտանելի է: Այսօրվա Սիրիայի քանդման եւ հայ ժողովրդի այժմյան չարչարանքների պատասխանատուն Թուրքիան է: Սա է իրականությունը: Թուրքիան ինչպես ցեղասպանություն իրականացրեց, այնպես էլ քարուքանդ արեց ամբողջ Հալեպը, Դամասկոսն ու հասավ մինչեւ Դեր Զորի շրջանը: Իսկ այսօր իբրեւ հաշտարարի քաղաքականություն է խաղում ռուսական եւ ամերիկյան խաղերի մեջ: Ընդունում եմ, որ իրենք մեծ պետություններ են, բայց այսօր աշխարհը փոքրացել է, ուստի` բոլոր պարագաներում մեր հայ ժողովուրդն իր իրավունքները կարող է պաշտպանել բարձր ատյաններում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА