ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրապարակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը

08.02.2018 17:47 ԹԵՄԱ
Հրապարակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը

Փետրվարի 8-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց զորավարների տոնը, որը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է:
Այս առիթով, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազմաթիվ ուխտավորներ:
Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանն անդրադարձավ Ս. Վարդանանց տոնի խորհրդին: «Վարդանանց ճակատամարտը միայն մեկ օր չէր, այլ, սկսվելով 451 թ.-ին, շարունակվեց և հասավ մինչև մեր օրերը: Վարդանանք ոգի են, Վարդանանք ուժ են և հիշողություն, բայց այդ ամենից վեր նրանք սրբեր են:

Կաթողիկոսն այցելել է հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանին

Նրանց անուններով ու բարեխոսությամբ այսօր էլ կարողանում ենք կերտել մեր ապագան: Շատերիս հայտնի է, թե ինչպիսի ազդեցություններ ունեցան այդ անուններն ու ոգին Սարդարապատում, Ապարանում, Ղարաքիլիսայում և տարիներ հետո, ինչու՞ ոչ, Հայրենական Երկրորդ աշխարհամարտում և Արցախյան հերոսամարտում: Այնտեղ էլ կային Գարեգիններ, Գևորգներ, Վարդաններ, ովքեր նույն ոգով կանգնեցին` առանց նահանջելու, պատրաստակամ` իրենց կյանքը զոհելու: Եվ ինչպես Վարդանանք իրենց կյանքի գնով մեզ փոխանցեցին Քրիստոսի հավատքին փարվելու զորությունը, փոխանցեցին հանուն հայրենիքի և հավատքի ու եկեղեցու կյանքը չխնայելու ոգին, այնպես էլ 1918 թ.-ին՝ ճիշտ հարյուր տարի առաջ, այս սուրբ հողի վրա մեր ազգը մեկ անգամ ևս վկայեց, որ ազնիվ ու քաջ զավակներն ու հետնորդներ են Վարդանանց», - ասաց Սրբազանը:

Քարոզի վերջում Սրբազանը միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից նաև շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ` մաղթելով, որ Աստված կենաց արևշատություն պարգևի Հայոց Հովվապետին` իրականություն դարձնելու նրա բոլոր ծրագրերն ու երազները:

Այնուհետև «Էջմիածին ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը խորան բարձրացրեց  Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին, որը հրապարակեց Մուշեղ եպիսկոպոսը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА