ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՀԻՆ ԽԱ՞ՂԸ, ԹԵ՞ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒՐՋ Է

25.05.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՀԻՆ ԽԱ՞ՂԸ, ԹԵ՞ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒՐՋ Է

Նախօրեին Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, որոշում է կայացրել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը խորհրդարանի քննարկմանը եւ քվեարկությանը ներկայացնելու մասին: Նկատի առնելով, որ այս անգամ եւս օրինագիծը խորհրդարանում ներկայացնելու որոշումը կայացվել է թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման ֆոնին, դժվար չէ տեսնելը, որ Իսրայելը պարզապես «Հայոց ցեղասպանություն» կոչված «մահակով» սպառնում է Անկարային: Այլ հարց է, թե կա՞ հավանականություն, որ այս անգամ այդ սպառնալիքը գործադրվի...

Դոնալդ Թրամփն ամոթանք է տվել Թուրքիային

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎՈՂ «ՄԱՀԱ՞ԿԸ», ԹԵ՞...

Այն, որ այս անգամ իրավիճակը նկատելիորեն տարբեր է, այսինքն՝ թուրք-իսրայելյան լարվածությունը սովորականից շատ հեռուն է գնացել, պարզ տեսանելի է: Եվ դա հասկանալի է՝ տարածաշրջանային լարվածության, ընթացող գործընթացների խորությունն է միանգամայն այլ մակարդակի: Իսկ դա հուշում է, որ մասնավորապես Ցեղասպանության ճանաչման, այսինքն՝ այդ «աշխարհաքաղաքական մահակի» գործադրման հարցը մեծապես կախված է նրանից, թե դրա գործադրման սպառնալիքը որքանո՞վ կազդի Անկարայի քաղաքական կուրսի վրա, Թուրքիան կշարունակի՞ առաջ շարժվել Իսրայելի հետ հարաբերությունների սրացման ուղղությամբ, թե կսկսի արգելակներ գործադրել: Այսպիսով, ո՞րը կարող է լինել Թուրքիայի պատասխան քայլը: Այստեղ թերեւս նախ պետք է նկատել հետեւյալ փաստը: Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը Անկարայի համար իրոք լուրջ վտանգ է ներկայացնում: Այս դեպքում ամեն ինչ չի ավարտվի սովորականի պես, երբ ինչ-որ պետություն ճանաչում էր Ցեղասպանությունը, Թուրքիան մի քանի հայտարարություն էր անում, դեսպանին ետ կանչում, եւ շատ չանցած՝ իրավիճակը վերադառնում էր նախկին հունին: Չէ, Իսրայելի պարագայում պատկերն այլ է: Այսինքն, դժվար չէ տեսնել, որ ԱՄՆ-Իսրայել տանդեմը ստանդարտ իրավիճակների համեմատ, ներկայումս առավել քան սինխրոն տարածաշրջանային քաղաքականություն են վարում: Դա ակնարկում է, որ եթե Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման «մահակի» կիրառման սպառնալիքը էֆեկտ չտա, եւ այն կիրառվի, ապա դրան մեծ հավանականությամբ կհաջորդի նաեւ ԱՄՆ-ի կողմից նույն «մահակի» կիրառման սպառնալիքը եւ կիրառումը. նախօրեին պետքարտուղար Մայք Պոմպեոն ցուցադրաբար խոստացավ՝ ուսումնասիրել հարցը: Իսկ դա արդեն կարող է բազում այլ պետությունների համար նույն քայլին գնալու ազդակ դառնալ: Հասկանալի է՝ սա առավել քան ծանր հարված կլիներ Թուրքիայի համար, եւ միշտ է, կա այն վերապահումը, որ ԱՄՆ-ն չի ցանկանա նման բարդ իրավիճակի հասցնել Թուրքիային. ի վերջո, ինչքան էլ որ հարաբերությունները ներկայումս ծանր են, սակայն Թուրքիան այս պահին գոնե պաշտոնապես մնում է ԱՄՆ-ի դաշնակիցը, իսկ հարաբերությունները կարող են վաղը-մյուս օրը հարթվել: Սակայն սա ստանդարտ մոտեցում է, հաշվի առնելով նաեւ այն իրողությունը, որ քանի դեռ Թուրքիայում իշխանության գլխին Էրդողանն է, Վաշինգտոնում հազիվ թե թուրք-ամերիկյան հարաբերությունների երբեմնի մակարդակին վերադառնալու ռեալ հույսեր լինեն: Առավել եւս, որ Էրդողանը պատրաստվում է արտահերթ ընտրությունների եւ հաղթելու դեպքում դեռ երկար ժամանակ կպահի իշխանությունը: Գումարած դրան, նա այս փուլում գնալով ավելի ու ավելի ամուր թելերով է սկսում կապվել ռուսների հետ, ընդ որում, որ շատ ավելի հեռանկարային է, գլոբալ տնտեսական կապերով. գազատար, ատոմակայանի կառուցում, զբոսաշրջիկներ, գյուղմթերքների հսկայածավալ մատակարարումներ եւ այդպես շարունակ: Եվ այս ամենի հետ մեկտեղ, եթե գործարկվեն նաեւ «Մետաքսի ճանապարհի» հսկայածավալ բեռնաշրջանառության ծրագրերը, դա կարող է մասնավորապես ՌԴ-Թուրքիա տնտեսական կապերը հասցնել այն աննախադեպ մակարդակին, որի պարագայում Անկարայի համար Վաշինգտոնը կարող է վերջնականապես մղվել երկրորդ պլան՝ որպես աշխարհաքաղաքական եւ ռազմական գործընկեր: Հաշվի առնենք նաեւ, որ այդ առեւտրատնտեսական ծրագրերը գնալով միայն ամրապնդվում են: Ամենաթարմ փաստը. ՌԴ կատարած առավել քան հաջող այցից հետո կանցլեր Մերկելը հիմա էլ մեկնեց Չինաստան, որը պարզ ցույց է տալիս, թե գոնե այս պահին եվրոպական ռազմավարությունն ինչպես է աչքի առաջ կենտրոնանում եվրասիական տիրույթի ուղղությամբ: Եվ այս ամենից զատ, Իսրայելի հետ ներկայիս հակամարտության հաշվին Թուրքիան, ակնհայտ է, փորձում է ստանձնել սունի իսլամական աշխարհի անառարկելի առաջնորդի դերը, հաշվի առնելով նաեւ, որ ներկայիս առաջնորդ համարվող Սաուդյան Արաբիան, մասնավորապես, պաղեստինյան վերջին ջարդերի եւ ԱՄՆ-ի իսրայելյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու աղմկոտ հարցերի հետ կապված բավականին լուրջ ձախողումներ ունեցավ, հիմա զանգվածաբար մեղադրվում է Իսրայելի հետ ստվերային կապերի մեջ եւ անգամ արաբական աշխարհում հեղինակության էական կորուստ կրեց: Իսկ Թուրքիան հազիվ թե չցանկանա այդքան հարմար առիթից օգտվել:

ԱՄՆ-ի սենատորները Թուրքիային կոչ են անում ազատ արձակել կալանավորված հոգևորականին

 

ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Այսպիսով, նման իրավիճակ ենք ստանում: Թուրքիայի համար մի կողմից՝ իհարկե լուրջ խնդիր է Հայոց ցեղասպանության ճանաչման այն ընթացքը, որի մեկնարկը կարող է տալ Իսրայելի Քնեսեթը: Բայց մյուս կողմից, այդ ռիսկի դիմաց կարող է լրջագույն ձեռքբերումներ ունենալ սունի իսլամի առաջնորդի կարգավիճակը՝ խալիֆայությունը՝ մոտ 100 տարի առաջ Աթաթուրքի կողմից ինքնակամ հրաժարվելուց հետո ետ վերադարձնելու հարցում: Մյուս կողմից՝ տեսանելի են ՌԴ-ից ու եվրասիական տիրույթից սպասվող տնտեսական հեռանկարները, առավել եւս, որ մեծ հարցականի տակ է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի երբեմնի դիրքերի պահպանման հեռանկարը: Թե այս իրավիճակում որը կլինի Թուրքիայի ընտրությունը, իհարկե, ժամանակը ցույց կտա, թերեւս առանձնապես մեծ ժամանակ չի էլ պահանջվում: Չնայած՝ ավելի տրամաբանական է թվում, որ այս օրերին ինչ-որ արտառոց իրավիճակային փոփոխություններ չլինեն, Անկարան կանգ կառնի երկրորդ տարբերակի վրա՝ գնալով Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման ռիսկի: Չբացառենք նաեւ, որ այս տարբերակի դեպքում թուրքական հաշվարկների մեջ կլինեն նաեւ նախ՝ վերջապես «Ցեղասպանության մահակից» ազատվելու հանգամանքը, ապա, որ կհաջողվի Մոսկվայի միջնորդությամբ որոշակի կանոնակարգում մտցնել հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Առավել եւս, որ այս ուղղությամբ քայլերը կարող են նաեւ Իսրայելի ուղղությամբ մշտական ռեվերանսների մեջ գտնվող Ադրբեջանի համար էլ այս բարդ օրերին զսպաշապիկ դառնալ: Եթե իրավիճակը զարգանա այս սցենարով, ապա կտրուկ աճում է Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման հեռանկարը: Ընդ որում, նկատենք նաեւ հետեւյալը. նախկինում, երբ Ցեղասպանության թեման այս կամ այն չափով մտնում էր Քնեսեթի օրակարգ, իսրայելյան կառավարությունը ցուցադրաբար դեմ դիրքորոշման մեջ էր մտնում, դրանով նաեւ Անկարային ազդակ հղելով, որ պատրաստ է եղած խնդիրների շուրջ լուծումներ գտնել: Այս դեպքում արդեն օրինագիծը Քնեսեթի լիագումար նիստին ներկայացնելու որոշումն ընդունվեց կառավարության առարկության բացակայության պայմաններում, ընդ որում, որոշ նախարարներ մինչ այս էին ճանաչման մասին հայտարարություններ արել՝ հենց դրանով էլ տալով այս գործընթացի մեկնարկը: Ճիշտ է, դեռ Քնեսեթի քննարկման օրը հայտնի չէ, ինչը նշանակում է, որ Իսրայելում դեռ սպասում են Թուրքիայի քայլերին: Սակայն մի շարք հեղինակավոր փորձագետներ սկսել են լավատեսական հույսեր հայտնել: Այդ թվում, որ քանի որ Քնեսեթը Ցեղասպանության հարցն օրակարգ է բերում հենց թուրքական ընտրությունների փուլում, դա կարող է նման իմաստ ունենալ: Ցեղասպանության ճանաչման դեպքում ներթուրքական հարթակում չի բացառվում քաղաքական ճգնաժամը, որի պարագայում Էրդողանի դիրքերը կարող են նկատելիորեն թուլանալ: Այսինքն, այս գործընթացը կարող է նաեւ Էրդողանին տապալելու ենթատեքստ ունի: Մի խոսքով, տխուր հին փորձը հուշում է, որ հերթական անգամ Իսրայելը պարզապես Հայոց ցեղասպանություն կոչվող «մահակով» ընդամենը սպառնում է Թուրքիային: Բայց նաեւ՝ աշխարհն այնքան է փոխվել, որ պատմական օրինակները ընթացիկ զարգացումների համար չափանիշ չեն: Այնպես որ, սպասենք հետագա զարգացումներին:

Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Ղրիմի և Դոնբասի հարցում․ Ուկրաինայում Թուրքիայի դեսպան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА