ԽՍՀՄ ՔԱՐՏԵԶԸ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԷ
Հասարակություն
Հայաստանի ո՞ր մարզերն են, ըստ ԽՍՀՄ քարտեզի, սահմանազատման ռիսկի տակ. «Իրավունք TV»-իին բացառիկ մանրամասներ է ներկայացրել Ազգային արխիվի նախկին տնօրեն ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆԸ, ով նախ ընդգծեց.
- Նախ ուզում եմ հասկանաք, որ ԽՍՀՄ քարտեզը վարչական էր, ոչ թե միջպետական: Այնպես որ, այդ քարտեզը միջպետական սահմանազատումների համար չէ: Ավելին ասեմ, սահմանազատումները, որոնք այսօր իրականացվում են, նման են աբսուրդի: Սահմանազատումները մեկ-երկու օրվա բան չեն, դա երբեմն տարիներ է պահանջում: Հասարակ օրինակ, անկախությունից անցել է 30 տարի, բայց մենք Վրաստանի հետ մեր սահմանազատումը չենք ավարտել: Երկու-երեք օրվա ընթացքում սահմանազատում չեն անում, ես ապշած եմ:
- Պարոն Վիրաբյան, Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը սահմանազատման ռիսկի տա՞կ է:
- Եթե ԽՍՀՄ վարչական բաժանումը վերցնենք, ապա անկլավի կարգավիճակով Տիգրանաշենը պատկանում է Ադրբեջանին: Այս պահին առկա սահմանազատումները հաշվի առնելով, ռիսկի առաջ կարող են կանգնել բոլոր այն մարզերը, որոնք սահմանակից են Ադրբեջանի հետ՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, Արարատ:
- Արխիվում չկա՞ն տարբեր տարիների քարտեզներ, որոնցով հնարավոր է կանխել այս սահմանազատումները:
- Տարբեր տարիների քարտեզներ կան, բայց, ցավոք, այդ քարտեզները մանրամասն չեն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ