«Փաստ». Իշխանությունը շարունակում է հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ
Մամուլի տեսություն
«Հայաստանյան ներքաղաքական օրակարգում ակտիվ խմորումներ են ընթանում։ Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը և դրա չափազանց ծանր հետևանքները եղան այն շրջադարձային կետը, որից հետո ամբողջովին փոխվեց քաղաքական զարգացումների ընթացքը և տրամաբանությունը։ Այս ամենի արդյունքում ձևավորվում է այն օրակարգը կամ քաղաքական պահանջը, որ երկրի կառավարումը, պետական անվտանգությունն ու պետական շահերի պաշտպանությունը տանուլ տված իշխանությունների պաշտոնավարումը դառնում է աննպատակահարմար։ Սակայն ինչպես այս երկուսուկես տարվա ընթացքում, հիմա առավել ևս հուժկու ձևով գեներացվում է «նախկինաֆոբիա» կոչված երևույթը։ Եվ ամեն մի քաղաքական խնդիր «սևերի ու սպիտակների» ձևակերպման անալոգիայով իշխանական շրջանակների կողմից ներմուծվում է «ներկաների ու նախկինների» դաշտ։
Բացասական երևույթների առումով երկու կարծիք լինել չի կարող. այո՛, այս տեսակետից նախկինին վերադարձ լինել չի կարող: Մյուս կողմից՝ գործող իշխանությունների օրոք շատ ավելի վատ բարքերի և անգամ խայտառակ երևույթների ենք ականատես եղել ընդամենը երկուսուկես տարում։ Դրան գումարվում է այն հանգամանքը, որ հաճախ պետությունն ի վիճակի չի լինում նույնիսկ իր գործառույթները կատարել և կառավարման համակարգում համատարած քաոսայնության ու տարերայնության տարրեր են գերիշխում։ Իսկ արտաքին անվտանգության հարցերում ավելի շատ թվում է, թե իշխանություն չունենք, քան թե ունենք։ Իսկ եթե «նախկին» ասելով նկատի ունենք նախկինում պաշտոնավարած կամ քաղաքական դաշտում դերակատարություն ունեցած անձանց, ապա այստեղ հարցերը շատ են։
Ի՞նչ չափանիշով է որոշվում որևէ անձի «նախկինը», երբ մի կողմից՝ «ամենանախկին»՝ լևոնտերպետրոսյանականներով լցնում ես պետական համակարգը, մյուս կողմից՝ սրտի «ներկա» են դառնում գոնե վերջին 10-15 տարում պաշտոնավարած, ապա Նիկոլ Փաշինյանի թրի տակով անցած անձինք: Այնպես որ, հանրության մեջ նախկինների նկատմամբ ներմուծվող «ֆոբիան» կեղծ օրակարգ է՝ միտված Նիկոլի իշխանավարումը երկարաձգելուն։ Վերջինս շարունակում է հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: