Նախագահների հավաքվելու փաստն ուրախացնում է, բայց առիթն է տխրեցնում. Աշոտյան
ՆերքաղաքականՀայաստանի եւ Արցախի հինգ նախկին նախագահները պարբերաբար հանդիպում ու փակ դռների հետեւում քննարկումներ են ունենում: Այս փաստը հաստատում են նաեւ նախագահների գրասենյակներից: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքը» պարզեց ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ տեսակետը, թե ինչ կարելի է ակնկալել այդ հանդիպումներից:
–Պատկերացրեք, թե ինչքան ծանր է երկրի վիճակը, որ այդ ձեւաչափը կրկին գործարկվել է: Էլ պատերազմ չկա, պարտվել ենք, հիմա ի՞նչն ենք պարտվում, հետպատերազմյա՞ն վիճակը, որովհետեւ սա խաղաղություն էլ չէ: Մենք հիշում ենք, որ արցախյան վերջին պատերազմի ճակատագրական օրերին եւս նախկին ղեկավարները հավաքվեցին: Հետո Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսին պատմեց, որ դավադիր սրիկան խանգարել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ինքը գնան Մոսկվա: Վստահ եմ՝ ՀՀ երկրորդ նախագահը ճիշտ է ասում, որ կեղծ էին այն թեստերը, թե իբր ինքը կորոնա է: Նիկոլը Քոչարյանին ու Տեր-Պետրոսյանին չի տվել բանակցելու մանդատ, այլ ասել է՝ դուք ձեր կապերով ինչ ուզում եք,արեք: Սա դավադիր ապուշություն է, որովհետեւ երբ գնում ես գերտերության ղեկավարի մոտ, չես գնում սուրճ խմելու ու զրուցելու, այլ ճգնաժամային վիճակում երկրիդ համար կարեւոր հարցեր բարձրացնելու: Այդ մարդը պետք է իմանա, թե ինչ մանդատով ես եկել՝ եկել ես, որպես երկրի առաջին եւ երկրորդ նախագա՞հ, Պուտինի ընկե՞ր, թե՞ եկել ես Հայաստանի անունից, այսպես ասած, «դիլ» անելու, որի մանդատը չի տվել Նիկոլը Քոչարյանին ու Տեր-Պետրոսյանին: Ինձ նախագահների հավաքվելու փաստն ուրախացում է, բայց առիթն է տխրեցնում: Լավ է, որ հավաքվել են, վաղուց պետք է հավաքվեին: Պետք է երեւի Հայաստանի անկախության բոլոր տոներին հավաքվեին, ռազմական շքերթները միասին ընդունեին եւ հասարակությանը չհասցնեին պառակտվածության, ատելության, քաղաքական միֆերի, կեղտի ու թույնի այն պաշարի, որի արդյունքում ծնվեց մուտանտ Նիկոլը: Նա մեր 25-30 տարվա քաղաքական խոհանոցի կուտակված աղբից ու տիղմից է ծնվել՝ որպես քաղաքական կերպար: Եթե մեր նախկին ղեկավարները մի քիչ ավելի մաքուր պահեին իրենց հարաբերությունների խոհանոցը, վստահ եմ՝ այդ կեղտի միջից այս տառականը չէր ծնվի: Կներեք, բառիս համար, բայց կարծում եմ՝ շատ դիպուկ է նկարագրում, թե որտեղից ծնվեց սա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ