ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ովքեր խոսում են զիջումների մասին, նրանց նկատմամբ պետք է սկսել քրեական հետապնդում»

21.03.2017 19:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ովքեր խոսում են զիջումների մասին, նրանց նկատմամբ պետք է սկսել քրեական հետապնդում»

ԱԺ ամենաընդդիմադիր պատգամավորներից ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ, թեպետ չի մասնակցում առաջիկա խորհրդարանական ընտրություններին որեւէ քաղաքական ուժի ցուցակով, սակայն որոշել է տեղում չդոփել: Ավելին` նա նախաձեռնել է «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնումը, որն առաջնորդվում է «Դեպի Արարատ» կարգախոսով: Իսկ թե մինչեւ Արարատին հասնելը, ի՞նչ է ծրագրել իրականացնել Զ. Փոստանջյանը, «Իրավունքի» հետ զրույցում որոշակի փակագծեր բացեց:

Ո՞վ է ՀՀԿ խմբակցության հայտարարության «մեղավորը»

Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ «ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻՆ»

–Այս պահին մենք գտնվում ենք կազմակերպչական գործընթացի մեջ եւ ներկայացրել ենք փաստաթղթերը` պետական գրանցման համար: Հենց արդեն կուսակցությունը պաշտոնապես  կգրանցվի, կիրականացնենք նաեւ գրասենյակի բացում նույնպես, որի միջոցով հանրությունը կիրազեկվի, թե որտեղ է գործելու «Երկիր ծիրանի» կուսակցությունը: 

– Տիկին Փոստանջյան, իսկ պատրաստվո՞ւմ եք որեւէ կուսակցության հետ համագործակցել:

– Այո, կարծում եմ` մենք պետք է լայն համագործակցություն ծավալենք: Այս պահին չեմ կարող ասել, թե ովքեր եւ որ կուսակցություններն ու քաղաքական ուժերը կլինեն մեր գործընկերները, բայց միանշանակ է` չենք համագործակցի բոլոր նրանց հետ, ովքեր մեղսակից են այս 25 տարիների արատավոր երեւույթների մեջ եւ չեն դապատարտել իրենց անցյալը:

– Ի վերջո, ո՞րն է լինելու այս կուսակցության նպատակը:

– Բոլոր քաղաքական գործընթացներին մասնակից ենք լինելու: Իսկ հրապարակային մասը ձեզ համար տեսանելի կլինի, որովհետեւ նախապես ցանկացած միջոցառման մասին կհայտարարենք: Լինելու են բազմաշերտ գործողություններ:

– Ի դեպ, մամուլում շրջանառվում էին լուրեր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է խոչընդոտել Ձեր կուսակցության գործունեությանը...

– Չեմ կարող մեկնաբանել...

Ի՞ՆՉ ՍԱԴՐԱՆՔ Է ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ

–Անդրադառնանք նաեւ նախընտրական քարոզարշավին. հետաքրքիր է Ձեր դիտարկումները, թե ո՞ր ընդդիմադիր ուժը կարող է շահել հանրության վստահությունն այս ընտրություններում:

– Կարող եմ ասել, որ այս համակարգը թույլ չի տալու, որ որեւիցե ընդդիմադիր խումբ հնարավորություն ունենա կատարել փոփոխություն, բացառվում է: Հետեւաբար խոսել, որ այս քաղաքական գործընթացով, որի անունը իբրեւ թե ընտրություն է, մենք կարող ենք իրականացնել իրական փոփոխություններ, կլինի միամտություն, այդպես չի լինելու: Մենք պետք է պատրաստվենք ապրիլի 2-ին եւ, իհարկե, 2-ից հետո տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Այստեղ պետք է ցույց տանք մեր կազմակերպվածությունը, ինչը պետք է տեղի ունենա բոլոր քաղաքներում: Եվ չպետք է ղեկավարվի մեկ կենտրոնի կողմից, քանի որ մեկ կենտրոնի ղեկավարումը խոցելի է: Ինքնակազմակերպումն է, որ արդյունավետ կարող է լինել, որպեսզի կարողանանք տապալել իշխանությանը:

«Հայրենիք» խմբակցությունը Արցախի ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին

– Մի՞թե կողմնակից եք ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը, որ արյունահեղություն պետք է լինի...

– ...Մենք այդ փորձը ունենք, գիտենք, որ պատրաստ են նաեւ ուժ կիրառել: Այդ իսկ պատճառով ասում եմ, որ պետք է լինի զանգվածային ինքնակազմակերպում, այլ ոչ թե մեկ վայրում, մեկ օջախում, որպեսզի նրանց համար դյուրին լինի ուժի կիրառումը:

«ՍԱ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է»

– Առհասարակ, տեսնո՞ւմ եք այսօր իրական ընդդիմադիր ուժ, որը կարող է առաջնորդել ընդդիմադիր էլեկտորատին:

– Իրական ընդդիմությունը մեր հասարակությունն է, որը պետք է ինքնակազմակերպվի, ոչ միայն ՀՀ-ում, այլեւ հանրապետությունից դուրս: Իսկ քաղաքական ուժերը պետք է նրանց օգնեն, սատար կանգնեն, իհարկե, նաեւ որոշ չափով առաջնորդեն: Մեր քաղաքացիները պետք է ներգրավված լինեն քաղաքական գործընթացների մեջ, բայց առանց մեր սերուցքի, որը բացակայում է Հայաստանից, չենք կարող իրավիճակը փոխել:

– Դուք Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ էիք հանդես եկել: Իսկ այսօր ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն է Արցախի վերաբերյալ նոր թեզ առաջարկում` գնալ զիջումների հանուն խաղաղության: Ի՞նչ կասեք այս մասին:

– Բազմիցս ասել եմ, որ «զիջում», «փոխզիջում», «արժանապատիվ զիջում»... նման հասկացությունները ընդհանրապես պետք է հանել մեր բառապաշարից: Իսկ ովքեր խոսում են դրա մասին, նրանց նկատմամբ պետք է սկսել քրեական հետապնդում, որովհետեւ սա դավաճանություն է: Ընդհանուր առմամբ` պետք է խոսել ռազմաքաղաքական մեկ միավորի` Արցախի եւ Հայաստանի Հանրապետության իրավական միասնության մասին: Մենք փաստացի միասնական պետականություն ենք, բայց իրավականորեն դեռ չենք ձեւակերպել այն: Պետք է խոսել ապագայի ու այն մասին, որ դեռ ունենք հայրենիք` ազատագրելու եւ ոչ միայն... Այս ամենը մեր հայ ժողովրդի օրակարգում է եւ նաեւ «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքական օրակարգում:

– Ամեն դեպքում, այսօր կա՞ ափսոսանք, որ որպես պատգամավորի թեկնածու` այդպես էլ չհաջողվեց ներառվել որեւէ քաղաքական ուժի թիմում:

– Ափսոսանք չկա, պայքարը շարունակվում է, եւ պայքարն ապրում է նաեւ էվոլյուցիա: Չի կարելի դոփել նույն վայրում, նույն տեղում ու նույն գործողությունները կատարել: Պետք է նայես առաջ եւ փնտրես ուղիներ: Նույնի կրկնությունն արդյունավետ չէ եւ չի կարող ունենալ հաղթանակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА