ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ  ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ  ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՉՈՒՆԵՆ»

13.05.2016 14:16 ԶԱՐԿԵՐԱԿ
«ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ  ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ  ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՉՈՒՆԵՆ»

Ապրիլի սկզբին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ շատ պաշտոնյաներ այցելեցին Արցախ` սահմանին կանգնած զինվորներին եւ արցախցիներին սատարելու համար: Սակայն Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներն Արցախ գնացին ոչ թե ապրիլի սկզբին` թեժ մարտերի օրերին, այլ՝ սահմանին հաստատատված հարաբերական անդորրի ժամանակ: Ավելին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` միայն մայիսի 11-ին, առաջին նախագահ Լ. Տեր Պետրոսյանից շատ ավելի ուշ: Իսկ դա առնվազն անընդունելի է նրանով, որ, ի վերջո, Քոչարյանը արցախյան ծագում ունի եւ ոչ թե՝ Տեր-Պետրոսյանը: Ինչեւէ՝ ինչո՞ւ ՀՀ երկրորդ նախագահն, այնուամենայնիվ, գնաց ԼՂՀ, ո՞րն էր դրա իմաստը: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նկատեց.

- Արցախն ունի պետականություն, նախագահ, ազգային ժողով, ի վերջո, բանակ, որը բավականին մարտունակ է: Թե այսօր մարդիկ ի՞նչ են մեջտեղ ընկել, հասկանալի չէ: Միշտ էլ ասել եմ, որ ՀՀ առաջին նախագահի Արցախ կատարած այցից լավ բան չեմ սպասել, նույնն էլ Ռոբերտ Քոչարյանի այցից. սրա ի՞նչն արժեւորենք: Ավելի լավ կլիներ, որ այդ այցերի փոխարեն մեր նախագահներն իրենց ունեցած գումարները ներդնեին բանակաշինության մեջ. նրանց այդ քայլը կլիներ ավելի կարեւոր: Կարծում եմ, այդ այցերն ունեն միջնորդական առաքելության նպատակ, բայց հարց է, այդ առաքելությունն ինչի՞ն է ուղղված` պետականության ամրապնդմա՞նը, թե՞ մեռելածին «Մադրիդյան սկզբունքների» վերակենդանացմանը: Քոչարյանն ուզում է գնա, ուզում է չգնա, կարեւորը պետականության կայացումն է: Ինձ համար արժեք չունի նրանց մեջտեղ ընկնելը, կռվի օրերին նրանց ներկայությունը միայն կխանգարեր: Երկուսն էլ մեր պետականությունը ոչ թե ամրապնդեցին, այլ ընդհակառակը` սխալ հիմքերի վրա դրեցին: Այժմ մեր խնդիրն է հաստատել պետական կարգ ու կանոն, քանի որ մենք թշնամուն կկարողանանք դիմակայել միայն ինստիտուցիոնալ կռվի միջոցով: Այժմ չպետք է սպասենք թուրքական գրոհներին, այլ մենք սկսենք գրոհել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ ընդգծեց.

- Ռոբերտ Քոչարյանի ուշ այցն Արցախ ավելի լավ է, քան ընդհանրապես չայցելելը: Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե նա այցելեր ապրիլի սկզբին, այդուհանդերձ նրա այցը դրական եմ գնահատում: Ինչ խոսք, եթե նա պասիվ չլիներ եւ Արցախ մեկներ ապրիլի սկզբի թեժ մարտերի ժամանակ, այցն ավելի դրական կդիտվեր:

 «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆՆ էլ հավելեց.

- Քոչարյանի Արցախ այցի հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում: Ընդհանրապես, այս այցերը, գնալ-գալը, նկարվելն ու անհասկանալի շարժերը գոնե ինձ համար անհասկանալի են ու անիմաստ. դրանց ո՛չ վնասն եմ հասկանում, ո՛չ օգուտը: Երբ նախկին նախագահները, գեներալներն ու այլ պաշտոնյաներ գնում են Արցախ, նկարվում են, լուրջ չեմ համարում, քաղաքականությունն այդպես չեն վարում: Իրենց «PR»-ով են զբաղվում, ի՞նչի համար, իրենց ինչի՞ն է պետք: Նախկին նախագահները վերադառնալու տարբերակներ չունեն: Բոլորիս էլ հայտնի է, թե Հայաստանի նախագահներն ինչ մոտեցումներ ու տեսակետներ են ունեցել ԼՂՀ խնդրի լուծման վերաբերյալ, գիտենք, թե նրանք ինչ դրական ու բացասական ազդեցություն են ունեցել հարցի լուծման վրա: Մեզ համար փաստն այն է, որ Արցախին ամբողջությամբ դուրս են բերել բանակցային գործընթացից, եւ այժմ վայելում ենք դրա բացասական հետեւանքները: Հաջորդ բացասական գործոնն այն է, որ կոմպլիմենտար արտաքին քաղաքականության մեջ, մենք որեւէ մեկից լուրջ աջակցություն չունենք: Սա հետեւանքն է այն բանի, որ խաղալով երկու լարերի վրա, խփում ենք ե՛ւ մեկին, ե՛ւ մյուսին ու վերջում մնում տկլոր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА