ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ընենց հետաքրքիր հարց եք տալիս, որ զարմանում եմ»

26.12.2017 21:15 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ընենց հետաքրքիր հարց եք տալիս, որ զարմանում եմ»

Այն, որ Հայաստանում յուրաքանչյուր ընտանիք ցանկանում է Ամանորը դիմավորել հավուր պատշաճի, հին պատմություն ունի: Եվ գաղտնիք չէ, որ ներկայիս սոցիալական վիճակում շատերը կարողանում են քիչ թե շատ նորմալ ձեւով Նոր տարին նշել՝ միայն մեծ պարտքերի գնով: Բայց այս իրավիճակում ինչ ասես մեր տեղական չարչիներին, ովքեր օգտվում են ամանորյա եռուզեռից՝ փորձելով մարդկանց վրա «սաղացնել» ամեն մի անպետք ապրանք:

Ո՞ր երկրի ֆուտբոլի հավաքականը կդառնա հաղթող Աշխարհի առաջնությունում 

Նման իրավիճակում, ինչպես նաեւ գների կամայական բարձրացումները կանխելու համար հատկապես կարեւորվում է պետական երկու կառույցների գործունեությունը: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ անորակ ապրանքները վաճառակետերում հայտնաբերելու առումով եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ գների հարցով: Երկուսն էլ, ինչ խոսք, տարվա ընթացքում իրենց, մեղմ ասած, լավագույն որակներով չեն դրսեւորել: Բայց գոնե կարողանան քիչ-թե շատ պատշաճ նախաամանորյա առեւտուր ապահովել...
Չնայած՝ ՍԱՊԾ-ն օրերս աչքի ընկավ՝ տեղեկացնելով մայրաքաղաքի խոշոր առեւտրային ցանցերից մեկում՝ Երեւանի Ազատության 11/76 հասցեում գործող «Նոր Զովք» ՍՊԸ-ում թերի մակնշմամբ, ժամկետանց եւ անորակ տարբեր ապրանքներ հայտնաբերելու մասին: Այդ թվում՝ փաթեթավորված չրեր, տնական հալվա, սառեցված հնդկահավ, կոնֆետներ, երշիկեղեն, ապուխտ, պանիր, քյուֆթա, գազավորված ըմպելիք: Թե որից ինչքան, էական չէ, հաշվի առնելով, որ եթե փաստը կա, ապա կարելի է ենթադրել նաեւ, որ այդ ապրանքատեսակների մի մասն արդեն վաճառվել է:
Ինչո՞ւ է առեւտրային այս համակարգում նման տեսականի ի հայտ եկել: Հարցի պատասխանը ցանկացած սպառող էլ կարող է տալ, սակայն պարզաբանումներ փորձեցինք ստանալ «Նոր Զովք» սուպերմարկետների տնօրեն ՌԱՖԻԿ ԱԼԻԽԱՆՈՎԻՑ: Բայց ահա պարզվեց, որ տնօրենի համար թեման այլեւս ակտուալ չէ: Համենայնդեպս, նա մեզ հետ զրույցում հարցին հարցով պատասխանեց.
- Էդ թեման Ձեզ համար դեռ ակտուա՞լ է:
- Իսկ Ձեզ համար՝ ո՞չ:
- Դե, արդեն մեղավորները պատասխանատվության ենթարկվել են, ամեն ինչ նորմալ է, մի մտածեք:
- Մենք չենք մտածում, Դուք պետք է մտածեք, որ Ձեր սուպերմարկետներում նման փաստեր են արձանագրվում:
- Դե, հիմա տնօրենի տեղակալն իր աշխատողի հետ նկատողություն են ստացել, ընենց որ, սաղ արած ա, նենց չի, որ թողել ենք ինքնահոսի:
- Ի՞նչ է նշանակում՝ նկատողություն:
- Դե չեմ ասի` աշխատանքից եմ ազատել, էդ մի քիչ սիրուն բան չի, բայց որ տուգանվել ու վիգվր են ստացել, դա՝ միանշանակ:
- Լավ, ինչով երաշխավորված լինի սպառողը, որ կրկին նման անակնկալների չի հանդիպի Ձեր սուպերմարկետներում:
- Ընենց հետաքրքիր հարց եք տալիս, որ զարմանում եմ:
- Ի՞նչն էր էդտեղ զարմանալի:
- Բա ինչո՞վ երաշխավորված լինեն: Ինչի Դուք երաշխավորվա՞ծ եք, որ էսօր տուն կհասնեք, կամ՝ չէ: Հիմա մարդիկ են, բաց են թողնում, աչքից վրիպում է, բայց դե էդի, եսիմ ինչի, պատահում է, հո աշխարհի վերջը չի եղել: Պրոստո աշխատում ենք ամեն ինչ անել, որ տենց բան էլ չլինի:
- Այսինքն, Դուք չե՞ք երաշխավորում, որ քաղաքացիները անորակ ու ժամկետանց ապրանքների չեն բախվի Ձեր սուպերմարկետում:
- Էլի եմ ասում, Դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ դուրս գաք, ու մի բան Ձեր գլխին չի ընկնի: Զնաչիտ ես ո՞նց երաշխավորեմ, իմ մոտ օբշի աշխատում են 800-900 մարդ, ամեն մարդ իր թերությունով, ամեն ինչով: Ամեն ինչ անում ենք, որ տենց բան չկրկնվի:
Ես հասկանում եմ, որ Դուք հիմա չգիտեմ ինչ եք պատրաստում, որ գրեք, բայց ես էլ չեմ կարում Ձեր հետ խոսամ: Մենակ կարամ ասեմ, որ սուպերմարկետի մենեջերը պատժված ա, կարեւորը դա ա:
- Բայց...
- Լավ էղավ, հաջողություն:

«Երբեք չհուսահատվեք». բլից հարցում երգիչ Ռազմիկ Հովհաննիսյանի հետ (Տեսանյութ)

Լավ, միգուցե մեղավորներին, այն էլ՝ Ամանորի շեմին գործից հանելը տեղին չէր լինի: Բայց հարցը այլ կողմ էլ ունի. կրկնենք, ո՞վ է երաշխավորում, որ նման անորակ-ժակմետանց ապրանքների մի մասը պարտքով Նոր տարի դիմավորողները մինչ հայտնաբերելը չեն գնել: Այսինքն, մեղավորներին կտուգանեն, թե նկատողություն կտան, նման գնորդների համար մեկ է. նրանք արդեն իսկ ֆինանսապես տուժել են: Այ, հենց դա է առաջնային խնդիրը. շատ մեծ հավանականությամբ, կան տուժած քաղաքացիներ: Լուծվե՞լ է նրանց խնդիրը. ոչ: Ուրեմն, թեման կմնա ակտուալ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА