ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ-վրացական հարաբերությունների նոր շրջափուլ է սկսվում

28.12.2017 03:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հայ-վրացական հարաբերությունների նոր շրջափուլ է սկսվում

Այն, որ հայ-վրացական հարաբերությունները բավական բարձր մակարդակ ունեն անհերքելի փաստ է: Հատկապես վերջին տարիներին երկկողմ համագործակցության ակտիվ զարգացումն իր դրական ազդեցությունն է ունենում ոչ միայն Երեւան-Թբիլիսի շփումների վրա, այլ նաեւ մեր տարածաշրջանում խաղաղ եւ կայուն իրավիճակի պահպանման համար: Այս մասին նշում է Վրաստանի հարցերով անկախ փորձագետ ԱԼԻԿ ԷՐՈՅԱՆՑԸ ու ընդգծում, որ մյուս կողմից էլ գաղտնիք չէ, որ Վրաստանը լավ հարաբերություններ ունի մյուս երկու հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ. «Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է, իսկ Ադրբեջանն՝ ուղիղ ներդրումների ցուցանիշով առաջատարը, ինչպես նաեւ՝ էնէրգետիկ ռեսուրսների հիմնական մատակարարը: Բացի այդ, եռակողմ ձեւաչափը, որը միավորում է Վրաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին տարբեր ոլորտներում, լրացուցիչ խթան է երեք երկրների միջեւ համագործակցության խորացման տեսանկյունից: Եվ թվում է, որ վերոթվարկվածը պետք է որ կաշկանդվածություն առաջացներ Թբիլիսիի մոտ Երեւանի հետ առավել բաց եւ սերտ հարաբերություններ զարգացնելու առումով, սակայն իրականությունն այսօր այլ է, եւ Հայաստանն ու Վրաստանը, ըստ էության, փորձում են հարաբերությունները տեղափոխել նոր հարթություն, նոր մակարդակ հաղորդելով դրանց»:

«Ի՞նչ ասեմ, երեւի ցնդել է». Պարույր Հայրիկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ըստ Ա. Էրոյանցի, խնդիրն այն է, որ Թբիլիսին քաջ գիտակցում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները որքան էլ որ ներկայում շահավետ են Վրաստանի համար, այնքան էլ վտանգավոր են հեռանկարային առումով, քանի որ, այն կախվածությունը այդ երկրներից, որ այսօր արդեն իսկ նկատելի է, շարունակական անտարբերության մատնելու դեպքում, անշուշտ, ապագայում լուրջ խնդիրներ կստեղծի Վրաստանի համար. «Ուստի՝ Վրաստանի համար շատ կարեւոր է Հայաստանի հետ ունենալ առավել ջերմ հարաբերություններ եւ զարգացման նոր տեմպ հաղորդել դրանց: Նշված բովանդակությունը հստակ արտացոլվեց Ս. Սարգսյանի՝ օրերս Վրաստան կատարած այցի ընթացքում, երբ բարձրաստաիճան հանդիպումների ընթացքում իրապես պարզ եւ անկաշկանդ մթնոլորտում ընթացան քննարկումները, ինչպես երկկողմ համագործակցության շրջանակներին առնչվող հարցերի, այնպես էլ՝ տարածաշրջանում առկա մարտահրավերների շուրջ»: 
Փորձագետի գնահատմամբ՝ ՀՀ նախագահի տարեվերջյան այս այցը, որն ըստ էության, ամփոփիչ բնույթ էր կրում, հնարավորություն տվեց կողմերին վերաիմաստավորել անցած 25 տարիների ընթացքում՝ հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր արձանագրած հաջողությունները եւ ավելին հասնելու սպասումով նախանշել հետագա անելիքները. «Հետաքրքրական էր նաեւ այն փաստը, որ դեկտեմբերի 1-ին Հայաստան նախատեսված այցը հետաձգած վարչապետ Կվիրիկաշվիլին Ս. Սարգսյանի այցին ընդառաջ բավական ուշագրավ հայտարարություն հնչեցրեց՝ կապված Հայաստանի կողմից Վրաստանի տարածքով այլընտրանքային տրանսպորտային միջանցքներից օգտվելու հնարավորության հետ: Մի կողմից տվյալ հայտարարությունը դրական երանգ հաղորդեց հայ-վրացական հարաբերություններին, մյուս կողմից Վրաստանի իշխանությունները եւս մեկ անգամ փաստեցին իրենց կողմից որդեգրած արտաքին քաղաքական ուղղությանը հավատարիմ մնալու ձգտումը, որով փորձ է արվում հավասարակշռված հարաբերություններ զարգացնել բոլոր հարեւանների հետ: Եվ փաստորեն, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համատեղ շահագործվող ենթակառուցվածքներին զուգահեռ Վրաստանը ցուցադրում է իր շահագրգռվածությունը՝ կաված Հայաստանի՝ Վրաստանի տարածքով տրանզիտային ուղիներից օգտվելու համար ավելի հարմար եւ շահավետ պայմաններ ստեղծելու հետ»:

Ի՞նչ է ակնարկում ԱՄՆ նախագահը

Եզրափակելով թեման՝ Ա. Էրոյանցը մեկ այլ կարեւոր հանգամանք էլ նշեց՝ այն, որ Հայաստանի նախագահի այցը հաջորդեց շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համապատասխան համաձայնագրի ստորագրմանը, ինչն իր հերթին դրական լիցք կարող է հաղորդել երկու երկրների միջեւ առկա շփումներին՝ դրանք ավելի պարզ եւ անկաշկանդ շփման դաշտ տեղափոխելու առումով. «Նշված այցն իր կարեւորությամբ եւ ազդեցիկությամբ առանձնացավ նաեւ այն վրաստանյան լրատվական դաշտում բավական ակտիվ լուսաբանման տեսանկյունից. վերջին օրերին ամենալուսաբանվող եւ ամենաքննարկվող թեման, թերեւս, Հայաստանի նախագահի այցն է եղել: Եթե մեկ նախադասությամբ գնահատելու լինենք Ս. Սարգսյանի Վրաստան կատարած այցը, կարող ենք արձանագրել, որ այն հնարավորություն կտա հայ-վրացական հարաբերություններն ավելի դրական հարթություն տեղափոխելու, եւ իր խթանիչ ազդեցությունը կբերի առաջիկա տարիներին երկկողմ համագործակցության ուղղությամբ լուրջ տնտեսական եւ քաղաքական բովանդակության արդյունքներ ամրագրելու գործին՝ դրանով իսկ խախտելով Հայաստանին տնտեսական շրջափակման մեջ առնելու թուրք-ադրբեջանական ձգտումները»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА