o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արդեն տասը տարի է` մեր երկրում փողոցն այլեւս քաղաքական օրակարգ չի թելադրում»

13.04.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Արդեն տասը տարի է` մեր երկրում փողոցն այլեւս քաղաքական օրակարգ չի թելադրում»

Պաշտոնապես ՀՀԿ խորհրդի նիստում վաղը, որպես ՀՀ վարչապետի թեկնածու կառաջադրվի ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմինը որոշել է միաձայն` ընդունելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ նախագահի տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկը: Կայացված որոշման եւ դրան զուգահեռ ընթացող քաղաքական գործընթացների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:

«Հուսով ենք, որ Սոս Սարգսյանի երազած մշակույթի բումը մի օր կլինի». Ալլա Սահակյան (տեսանյութ)

«ԸՆՏՐՎԵՑ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ»

–Պարոն Նիկոյան, որպես վարչապետի թեկնածու, Սերժ Սարգսյանի առաջադրումը տրամաբանական հանգուցալուծո՞ւմ եք համարում, թե` պարզապես, այլընտրանք չունենալու:

– Սա շատ տրամաբանական լուծում էր: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Կարեն Կարապետյանն իրենց վերջին հանդիպման ժամանակ հրապարակային արտահայտեցին տեսակետներ` ե՛ւ պետության առջեւ ծառացած մարտահրավերների, ե՛ւ այն առումով, թե ինչ է հաջողվել վերջին տարիուկեսին` համատեղ այս համագործակցության արդյունքում: Դրան հետեւեց Կ. Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ ցանկանում է վարչապետի պաշտոնում տեսնել Սերժ Սարգսյանին: Այսինքն` ըստ էության, հանգուցալուծումն արդեն կար: Կուսակցության ղեկավար մարմնում, իհարկե, քննարկել ենք այդ հարցը եւ կոնկրետ իմ դիրքորոշումն այն էր, որ ողջունելի է, երբ հրապարակային է ամեն ինչ կատարվում, որովհետեւ ե՛ւ դուք` լրագրողներդ, ե՛ւ հասարակությունն արդեն այդ երկխոսությունից իրենց համար հստակեցրել էին` ինչպես են լինելու հետագա գործընթացները: Եվ վարչապետի հայտարարությունն ու կուսակցության ղեկավար մարմնում տեղի ունեցած քննարկումը, փաստորեն, դրա ամրագրումն էր:

– Կարելի՞ է ասել, որ հենց Կ. Կարապետյանի կողմից արված առաջին քայլը` Սերժ Սարգսյանին առաջադրելու վերաբերյալ, հնարավորություն ստեղծեց ավելի հեշտությամբ գալ այս որոշմանը, քանի որ փաստացի հենց նա է հրաժարվում այսօր ունեցած իր աթոռից:

– Խնդիրն այն է, որ ցանկացած հարց ունի լուծման լավագույն տարբերակը, եւ բացի դրանից, կա նաեւ հարցի մատուցման լավագույն ձեւ: Ինձ թվում է` ընտրվեց լավագույն ձեւը եւ գոհունակությամբ պետք է ասել, որ մեր պետության մեջ բարձր պաշտոններ ունեցող անձնանց միջեւ կա նման փոխըմբռնում, որոնք գնահատում են մեկը մյուսի աշխատանքը: Սա շատ նորմալ է եւ պետական մտածողության կոնկրետ դրսեւորումներից է: Եթե այսօր կա մի ձեւաչափ, որն արդեն գործում է եւ արդյունավետ է եղել մեր պետության համար` նկատի ունենալով այն, որ 7,5 տոկոս տնտեսական աճ ունենք, ինչո՞ւ այն չշարունակել` հույս ունենալով, որ ապագայում եւս կարող ենք ունենալ տնտեսական աճ, երկրի ներքին կայունություն եւ, իհարկե, միջազգային այն դրական ֆոնը, որը մենք երբեք չենք ունեցել մեր ամբողջ նորանկախ պատմության ժամանակահատվածում: Մեր երկրի արտաքին քաղաքականությունն այսօր, որպես լավագույն նմուշ, ե՛ւ Արեւմուտքն է մատնանշում, ե՛ւ Ռուսաստանը` ասելով, որ Հայաստանը լավագույնս օգտագործում է իր հնարավորությունները եւ պետք է օրինակ վերցնել նրանից: Եվ այս բոլոր ձեռքբերումները եղել են այս համագործակցության շրջանակներում: Սա է ընդհանուր գաղափարը, եւ շատ ուրախ եմ, որ մեր պետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք մտածում են պետության, մեր ժողովրդի ընդհանրական շահերի մասին ու շարժվում են այդ ուղղությամբ: Ձեր նշած քայլը պետք է գնահատել հենց այս համատեքստում:

«ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԶԲԱՂՎԵԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՄԲ»

– Իսկ որտե՞ղ եւ ի՞նչ կարգավիճակում եք տեսնում Կ. Կարապետյանի ապագան, որովհետեւ նա տարիուկես պնդում էր, որ այս անգամ չի պատրաստվում որեւէ տեղ հեռանալ:

– Կարեն Կարապետյանն ունի մեծ ներուժ, մեծ էներգիա, որը կարողանում է գործարար աշխարհի, հանրության մոտ դրական սպասումներ առաջացնել, ինչը  տեղի է ունեցել վերջին մեկուկես տարվա ընթացքում: Նա ցույց տվեց, որ էությամբ, ինչպես ինքն է ասում, «դրայվով» լիդեր է, եւ իմ կարծիքով` ցանկալի կլինի, որ նա շարունակի զբաղվել այն ոլորտով, ինչով զբաղվում է հիմա` տնտեսական զարգացմամբ: Հավանաբար, այդպես էլ կլինի, բայց սա իմ ցանկությունների դաշտից է, այլ ոչ թե տեղեկատվություն` տեղի ունեցած քննարկման արդյունքի:

– Այսինքն` կառավարությունում աշխատանքի բաժանո՞ւմ կլինի Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ:

– Ունեցել ենք վերջին տարվա մեջ արտաքին քաղաքական հաջողություններ եւ նաեւ առաջընթաց անվտանգության հարցում, որը նախագահ Ս. Սարգսյանի անմիջական ազդեցության ոլորտում է եղել: Բնականաբար, ցանկալի կլինի, որ աշխատանքի նման բաժանում գոյություն ունենա եւ հետագա շարունակությունն էլ այդպես լինի: Ճիշտ է, մենք հաճախ անձնավորում ենք, բայց, միեւնույն ժամանակ, պետք է ասենք, որ բոլոր այս ձեռքբերումները` լինի տնտեսական, թե մնացած ոլորտներում, կոլեկտիվ աշխատանքի, քննարկումների, որոշումների արդյունք է: Այնպես որ, յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա մասնակցում է ե՛ւ անվտանգության, ե՛ւ արտաքին քաղաքականության, ե՛ւ տնտեսական խնդիրների լուծմանը: Եվ հստակ այդպես բաժանելը այնքան էլ ճիշտ եւ ընկալելի չէ, այլ փոխադարձ լրացումներով, քննարկումների, որոշումների արդյունքում է ամեն ինչ լինելու:

«Ստամբուլյան կոնվենցիան կարող է ընտանիքի մոդելի փոփոխություն առաջացնել»

– Տպավորություն է, որ Կ. Կարապետյանը հենց ի սկզբանե էլ գիտեր այս հանգուցալուծման մասին, եւ դրա համար էլ չէր խառնվում ո՛չ արտաքին քաղաքական, ո՛չ էլ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցերին...Ի՞նչ կասեք այս մասին:

– Ես չեմ կարող ասել...

– Այսօր նախարարները եւս պաշտոնակատարի կարգավիճակում են: Տեսնո՞ւմ եք կառավարության անդամների փոփոխության անհրաժեշտություն:

– Այդ մասին դեռեւս վաղ է խոսել, որովհետեւ դրա կապակցությամբ որեւէ քննարկում չի եղել: Մենք հիմա խնդիր ունենք ապրիլի 17-ին ՀՀ վարչապետի առաջադրման, քննարկման եւ ընտրման հարցը լուծել:

«ԱՍԵՆՔ` ԷԼԻ ԾՈՒԽ ՀԱՆԵՆ ԵՎ Ի՞ՆՉ, ԴՐԱՆԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ»

– Ի դեպ, վարչապետի ընտրությանն ընդառաջ ընդդիմադիր ուժերի մի հատված փորձում է ինչ-որ քայլեր ձեռնարկել: Ի՞նչ եք կարծում, կհաջողվի փողոցում քաղաքական որեւէ օրակարգ թելադրել: Օրինակ, Ն. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» իր քայլարշավով իշխանափոխության կոչեր է անում:

– Տեւական ժամանակ է` արդեն 10-ը տարի, որ մեր երկրում քաղաքական օրակարգ փողոցն այլեւս չի թելադրում: Նորմալ եմ վերաբերվում, որ որեւիցե ընդդիմադիր քաղաքական ուժ զբաղվում է իր գործունեությամբ եւ քարոզում է, կոչ է անում ու պայքարում է այն հնարավոր որոշումների դեմ, որը պատրաստվում է իշխանությունն իրագործել: Բայց այն պետք է լինի օրենքի եւ Սահմանադրության շրջանակում: Բա ի՞նչ անի ընդդիմադիր քաղաքական ուժը, բոլոր հարցերում պաշտպանի այն, ինչ անում է իշխանությո՞ւնը: Այդ դեպքում` ո՞րն է էլ ընդդիմության իմաստը: Այսօր երկու ընդդիմադիր մեր գործընկերները տարբեր մարտավարություն են ընտրել, որոնք երկուսն էլ ընդդիմադիր գործողություններ են, եւ մենք չէ, որ պետք է նրանց խորհուրդներ տանք, փորձենք գնահատել, հանրությունն է գնահատելու` իրենց մարտավորությունը ճի՞շտ է, թե` սխալ: Եվ այո, որեւէ մեկը չի խանգարում այն կուսակցությանը, որը քայլարշավ է կատարում ամբողջ հանրապետությունով, կոչեր է անում, թռուցիկներ է տարածում ու իր տեսակետն է գեներացնում:

– Բայց նրանք օրինականության շրջանակից կամաց-կամաց դուրս են գալիս` սկսած կպչուն ժապավեններով արագաչափեր փակելուց մինչեւ Ազգային ժողովում գունավոր ծուխ հանելը: Ապրիլի 17-ին էլ պատրաստվում են շրջափակել պատգամավորների տները, որպեսզի չմասնակցեն վարչապետի ընտրությանը:

– Եթե ծուխ են հանում, թող հանեն, ինչ ուզում են անեն: Խորհրդարանում ընդունված գործողություն է այն, ինչը չի խանգարում մյուսների իրավունքներին, պրոֆեսիոնալ գործունեությանը եւ ազատ տեղաշարժին: Իշխանության գործը նման իրավիճակներում հանդուրժող, համբերատար լինելն է եւ իրեն հանգիստ, հզոր, մեծավարի պահելը: Ծուխ արեցին, հետո՞, մի հատ էլ թող անեն, դրանից ոչինչ չի փոխվի: Ինչ վերաբերում է, որ կոչեր են անում, թե պատգամավորների տներն են շրջապատելու, արդեն անհասկանալի է դառնում, թե որտեղ է իրենց գործողությունների օրինականության շրջանակը, ինչի մասին նշում էին ի սկզբանե: Երբ Սահմանադրությունը պատգամավորին տալիս է լայն լիազորություններ, ինչ-որ մարդիկ պետք է փորձեն նրան խանգարե՞լ ազատ տեղաշարժվել եւ իր տեսակետը արտահայտել: Սա արդեն այլ դաշտ է, իսկ այլ դաշտում այլ մոտեցումներ կլինեն: Սրանով արդեն իրենք իրենց հակասության մեջ են դնում օրենքների հետ: Եվ այն այլեւս քաղաքական գործունեություն չէ եւ քաղաքական գործիչների խնդիրը չէ:

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱԿՈՒՈՒՄ ԵՎ ԿԱՄ ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՂԱՎ»

– Ըստ Ձեզ, ապրիլի 17-ից հետո` ՀՀ վարչապետի ընտրությամբ, Հայաստանը կվերադառնա՞ ներքաղաքական բնականոն կյանքի:

– Հիմա էլ մեր պետությունը գտնվում է բնականոն գործունեության ընթացքում: Պետական կառավարման համակարգի փոփոխությունն այնքան սահուն, կշռադատված եւ Սահմանդրության շրջանակներում է, որ երբեք իշխանության վակուում կամ անիշխանություն չի առաջացրել մեր երկրում: Այսօր կա Ազգային ժողով, կա ԱԺ ղեկավար մարմին եւ նախագահ, կա նոր նախագահ, կա կառավարություն, որը ժամանակավոր պաշտոնակատար է: Այսինքն` բոլոր պետական կառավարման մարմինները կան եւ հստակ իրենց գործողությունները կատարում են: Չկա որեւէ հակասություն` լինեն դրանք սահմանադրական, թե իրավական խնդիրներ: Ուստի` ապրիլի 17-ին նույնքան սահուն էլ այս գործընթացի վերջակետը կդրվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА